HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցությունը ստանձնել են համայնքապետարանները, ՀԿ-ներն ու անհատները

Արցախից տարհանված բնակիչները Գառնիում վերաբնակվեցին Արցախյան երրորդ պատերազմի սկսվելու հաջորդ իսկ օրից՝ սեպտեմբերի 28-ից: Տարհանվածներին կացարանով ապահովելու խնդրանքով Գառնիի համայնքապետարան են դիմել հասարակական կազմակերպություններն ու անհատները: Մի քանի ընտանիք ապաստանել են ծանոթների ու հարազատների տներում: Համայնքապետարանի աշխատակիցները նրանց տեղավորել են գյուղի հյուրատներում, հոթելներում, արտերկրում գտնվող համագյուղացիների տներում: Որոշ ընտանիքներ տանտերերի հետ համատեղ են բնակվում:

«Բնակչությունը պատրաստակամ աջակցել է մեզ, տները տրամադրել են, սկզբնական շրջանում նաև նրանց սնունդն են ապահովել: Դիմողները շատ էին, բայց 344 մարդու կարողացանք տեղավորել»,- ասում է Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանը:

Գառնիում ժամանակավոր ապաստանածների մեջ մեծ թիվ են կազմել Ստեփանակերտի բնակիչները, որոնք պատերազմի ավարտից հետո վերադարձել են Արցախ: Վերջին երկու շաբաթներին նրանց փոխարինել են Քաշաթաղի ու Լաչինի շրջաններից տեղահանվածները: Նրանք, հիմնականում, գառնեցիներ են, որոնք վերջին 20 տարիներին, տարբեր հանգամանքներով պայմանավորված, բնակություն էին հաստատել այդ շրջաններում: Նրանց մեծ մասը Գառնիում չունի սեփականություն, ծննդավայր են վերադարձել տեղահանվածի կարգավիճակով, բնակվում են հյուրատներում, հարազատների մոտ կամ վարձակալությամբ:

Սկզբնական շրջանում համայնքապետարանը նրանց սնունդ է հատկացրել  համայնքային բյուջեից արված հատկացումներով: Համայնքապետարանը արցախցի ընտանիքների ցանկը տրամադրել է Կոտայքի մարզպետարանին: Սնունդ գնելու համար պետբյուջեից 5 մլն դրամ է փոխանցվել համայնքապետարանին, դրանով 270 անձի 15 օր ապահովել են սնունդով: Պետական աջակցությունն այսքանով սահմանափակվել է:

Արկերի տարափի տակ իրենց բնակավայրերը լքած արցախցիները, հիմնականում, չեն հասցրել հագուստ վերցնել իրենց հետ: Հայաստան են հասել ամառային հագուստով, լավագույն դեպքում, վերցրել են մանկահասակ երեխաների առաջին անհրաժեշտության պարագաները, անձնագիր ու ծննդյան վկայական: Արցախի տարբեր շրջաններից տարհանված, նաև տեղահանված բնակիչները 4-5 օրվա պատերազմ էին կանխատեսում, այդ պատճառով, հիմնականում, իրենց հետ չեն վերցրել նաև անշարժ գույքի սեփականության վկայականները:

Կանխատեսումները սխալ դուրս եկան, պատերազմը երկարաձգվեց մինչև ուշ աշուն: Անկանխատեսելի ավարտն իսպառ ջնջեց նրանցից շատերի տուն վերադառնալու հույսերը: Հադրութի ու Շուշիի շրջաններից Գառնիում վերաբնակվածներն աշխատանք են փնտրում, նրանց մեջ մանկավարժներ, բուժաշխատողներ, շինարարներ կան: Պատերազմի ավարտից հետո տղամարդիկ միացել են իրենց ընտանիքներին և աշխատանք են փնտրում: ՀԿ-ներն ու առանձին անհատներ շարունակում են ընտանիքներին աջակցել սննդի ու հագուստի հարցում: Սակայն, ձմեռը նոր է սկսվել, իսկ նրանք տները տաքացնելու դժվարություն ունեն:

«Ամենադժվարը կոմունալ վճարների հարցն է, տներում գազ և էլեկտրաէներգիա են օգտագործում տաքանալու համար, բայց չեն կարողանում վճարել: Այդ հարցն արդեն առանց պետական աջակցության հնարավոր չէ լուծել: Խնդրել ենք չանջատել, մինչև լուծում տրվի այդ հարցին»,- ասաց համայնքապետ Ա. Սահակյանը: Նշեց, որ առայժմ Կառավարությունը փոխհատուցել է արցախցիներին ապաստան տված հյուրատների կոմունալ ծախսերը:

Համայնքապետարանում ասում են, որ երեխաներին Գառնի հասնելու առաջին իսկ օրը տեղավորել են գյուղի երկու հանրակրթական դպրոցներում և ավագ դպրոցում: Սկզբնական շրջանում հաշվառվել է մինչև 7 տարեկան 60 երեխա, դրանից բարձր՝ 70 երեխա: Երեխաներին գրենական պիտույքները նույնպես անհատներն են տրամադրել:

«Համայնքապետարանից դիմեցին, որպեսզի աշխատեմ երեխաների հետ: Այցելեցինք ընտանիքներ՝ կարիքները հասկանալու համար և պարզվեց, որ բոլորը տաք հագուստի կարիք ունեն, հատկապես երեխաները: Մի քանի ընտանիք այցելելուց հետո հասկացա, որ չեմ կարող միայն մասնագիտական աջակցությամբ բավարարվել: Հավաքեցի գյուղի ակտիվ երիտասարդներին և սկսեցինք հագուստ հավաքել»,- պատմեց մանկավարժ-հոգեբան Աննա Գևորգյանը:

Գառնիի ավագ դպրոցի տնօրենը դասասենյակներից մեկը տրամադրել է կամավորականներին՝ հավաքած հագուստն ու սնունդը պահեստավորելու և տեսակավորելու համար: «Սննդի հարցը նույնպես առաջնային էր. հյուրատները և հյուընկալող ընտանիքները սնունդ չունեին այլևս: Սկզբնական շրջանում համայնքապետարանն իր բյուջեով էր սնունդը գնում, բայց տեղահանվածների թիվը գնալով մեծանում էր, և հնարավոր չէր համայնքային բյուջեով բոլորին կերակրել: Դիմեցի տարբեր կազմակերպությունների, ծանոթների, անհատների, որոնք պատրաստակամ աջակցեցին՝ տրամադրելով սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական տակդիրներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ և այլն»,- հայտնեց Աննան:

Կամավորականները կշռում են պարկերով բերված ձավարեղենը, շաքարավազը, կարտոֆիլը, փաթեթներ են պատրաստում ու հանձնում ընտանիքներին: Աշխատանքները մինչև այսօր շարունակվում են, սակայն մի տարբերությամբ՝ նրանք արդեն գիտեն մեր տեղը, և իրենք են գալիս փաթեթները տանելու:

Այսպիսով, Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների սոցիալական աջակցության հարցերը՝ սկսած վերաբնակեցումից վերջացրած սնունդով ու հագուստով ապահովելը, հիմնականում լուծվում են հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերով: Պետական օժանդակությունը սահմանափակվում է յուրաքանչյուր շահառուի նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68,000 դրամ միանվագ դրամական օգնություն, նաև կեցավայրի համար 15,000 դրամ տրամադրելով այն շահառուներին, ովքեր Հայաստանում սեփական տուն չունեն:

Գառնիում կան արցախցի ընտանիքներ, որոնք վարձով են բնակվում: Նվազագույն վարձավճարը 30 000 դրամն է, որը նույնպես անհատների աջակցությամբ են վճարում: Առողջապահության մասով Կառավարությունն արտոնություններ չի սահմանել, սթրեսների ենթարկված, վախեր ու տագնապներ ունեցող հղի կնոջն առաջարկվել է լաբորատոր հետազոտություններ անցնել, որոնց համար սահմանված գումարը հավանաբար ավելին է, քան պետության տված 68 000 դրամ միանվագ գումարը:

Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին Կառավարությունը միանվագ 300 հազար դրամ աջակցություն է տրամադրելու: Հադրութից, Շուշիից, Քաղաթաղից, Լաչինից և այլ շրջաններից տեղահանվածների համար ի՞նչ հարց կարող է լուծել այդ գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter