Հայ Առաքելական եկեղեցին սկսում է դասընթացների շարք ուսանողների համար
Մարտի 29-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու դավանաբանության, խորհուրդների և ծեսերի մասին դասընթացը, որը նախատեսված է ուսանողների համար: Դասընթացի առաջնային նպատակը ուսանողներին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու և հավատքի մասին հիմնարար գիտելիքներ տալն է և քահանաների հետ անմիջական շփման հնարավորություն ստեղծելը:
Դասընթացի ժամանակ Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը ուսանողների համար կմեկնաբանի Առաքելական Եկեղեցու գործառույթներն ու եկեղեցական կյանքին ծխական համայնքի մասնակցության հարցերը: Կխոսվի եկեղեցուն անդամագրվելու կարգի, Աստվածաշունչ կարդալու մշակույթի, Սուրբ Երրորդության և Եկեղեցու խորհուրդների մասին:
Դասընթացի ավարտին երիտասարդներն առավել պարզ պատկերացում կունենան այն մասին, թե ինչ է տալիս մկրտությունը, ինչպես պետք է պսակադրվել և այլն:
Ծրագիրն առաջին անգամ կազմակերպվելու է Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետների ուսանողների շրջանում՝ շաբաթական մեկ հանդիպման և ընդհանուր առմամբ հինգ ճանաչողական ներկայացումների ձևով: Ուսանողներին տրամադրվելու են աղոթագրքեր: Դասընթացը նախատեսվում է իրականացնել նաև այլ բուհերում և ուսումնական հաստատություններում:
Դասընթացի ծրագիրն իրականացվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ, Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանի նախաձեռնությամբ, Հայ առաքելական եկեղեցու Բուհական առաջնորդության պատասխանատու, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) օժանդակությամբ:
Արարատյան Հայրապետական թեմ
Սբ. Երրորդություն եկեղեցի
ՀԱԵ Բուհական առաջնորդություն
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն (ՀԵՀԵԿ)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել