HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի վիճակագրությունը ԱԱ-2022-ի առաջիկա մրցակիցների հետ

Հայաստանի ազգային հավաքականը երեկ իմացավ ԱԱ-2022-ի ընտրական փուլում իր առաջիկա մրցակիցներին: Դրանք են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հս. Մակեդոնիան եւ Լիխտենշտայնը: Այս թիմերն ընդգրկված են ընտրական 10-րդ խմբում: Հիշեցնենք, որ խմբերից 5-ում ընդգրկված է 5-ական թիմ, մյուս 5-ում՝ 6-ական:

10 խմբերի հաղթողներն անմիջապես իրավունք են ստանալու մասնակցել ԱԱ-2020-ի եզրափակիչ փուլին, որը, ինչպես հայտնի է, կայանալու է 2022 թ. տարեվերջին Քաթարում: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած 10 թիմերը եւ Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության միջոցով ընտրված 2 հավաքականները, ընդհանուր՝ 12 թիմ, փլեյ-օֆ փուլում խաղարկելու են եվրոպական ընտրանիների համար նախատեսված վերջին 3 ուղեգրերը: Այսինքն՝ Եվրոպայից աշխարհի առաջնությանը մասնակցելու է 13 հավաքական:

Եթե Հայաստանի ազգային ընտրանին չկարողանա եկող տարի անցկացվելիք ընտրական փուլի ժամանակ զբաղեցնել իր խմբի գոնե երկրորդ հորիզոնականը (առաջին տեղի մասին չենք խոսում, քանի որ դրա գրեթե միակ հավակնորդը աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան է), ապա տեսական հնարավորություն կունենա փլեյ-օֆին մասնակցել Ազգերի լիգայի միջոցով. հիշեցնենք, որ մեր թիմն Ազգերի լիգայի իր խմբում գրավեց առաջին տեղը:

Բայց սա ընդամենը տեսական հնարավորություն է, քանի որ Ազգերի լիգայի միջոցով փլեյ-օֆին մասնակցելու հարցում մենք մրցակցելու ենք մյուս խմբերի հաղթողների հետ: Այս առումով, քանի որ Հայաստանի վարկանիշը բավականին ցածր է (14 հաղթողների մեջ 12-րդն ենք, տես նկարում), պիտի հուսանք, որ Ազգերի լիգայի այս վերջին խաղարկությունում խմբերում հաղթող դարձած ընտրանիներից գոնե 10-ը, որոնք մեզնից ավելի բարձր վարկանիշ ունեն, փլեյ-օֆի ուղեգիր ձեռք կբերեն ընտրական փուլի միջոցով, եւ Հայաստանի ընտրանին կկարողանա դառնալ այն 2 երջանիկներից մեկը, որն Ազգերի լիգայի միջոցով կմասնակցի փլեյ-օֆին:

Հիմա տեսնենք, թե ինչ վիճակագրություն ունի մեր հավաքականը առաջիկա մրցակիցների հետ պայքարում:

Աշխարհի քառակի չեմպիոն գերմանացիներին Հայաստանի ընտրանին հանդիպել է 3 անգամ: Առաջին երկուսը եղել են պաշտոնական մրցավեճեր ԱԱ-1998-ի ընտրական փուլում: 1996-ի հոկտեմբերի 9-ին Երեւանում մեր թիմը պարտվեց 1-5 հաշվով, միակ գոլը խփեց Կարապետ Միքայելյանը, իսկ 1997-ի սեպտեմբերի 10-ին Դորտմունդում մերոնք պարտվեցին 0-4: Մեկ ընկերական հանդիպում էլ կայացավ 2014 թ. հունիսի 6-ին՝ ԱԱ-2014-ին ընդառաջ, որում գերմանացիները նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: Ապագա չեմպիոններին մերոնք հանդիպեցին նրանց հարկի տակ՝ Մայնցում, եւ պարտվեցին 1-6: Միակ գոլը մեր թիմից 11-մ հարվածով խփեց Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով՝ հայ-գերմանական ֆուտբոլային դիմակայությունում ակնհայտ առավելությունը մրցակցի կողմն է՝ 3 խաղում 3 հաղթանակ, գոլերի տարբերությունը՝ 15-2:

Ռումինիային հանդիպել ենք 5 անգամ, 4-ը՝ պաշտոնական մրցավեճերում, 1-ը՝ Կիպրոսի մրցաշարում: Առաջին հանդիպումը կայացել է ԱԱ-2006-ի ընտրական փուլում՝ 2004-ի նոյեմբերի 17-ին. Երեւանում գրանցվեց 1-1, մերոնցից գեղեցիկ գոլով աչքի ընկավ Կարեն Դոխոյանը: 2005-ի հունիսի 8-ին՝ պատասխան մրցավեճում, Կոնստանցայում դաշտի տերերը հաղթեցին 3-0: 2006-ի փետրվարի 28-ին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Նիկոսայում ռումինները հաղթեցին 2-0: Եվս երկու խաղ տեղի ունեցավ ԱԱ-2018-ի ընտրական փուլում: 2016-ի հոկտեմբերի 8-ին մերոնք խայտառակ պարտություն կրեցին Երեւանում 0-5 հաշվով, իսկ 2017-ի սեպտեմբերի 1-ին Բուխարեստում դաշտի տերերը մեծ դժվարությամբ կարողացան հաղթել 1-0 հաշվով:

Հայ-ռումինական ֆուտբոլային հակամարտությունում 5 խաղից 4-ում հաղթել են բալկանցիները, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: Գնդակների տարբերությունը՝ 12-1՝ հօգուտ ռումինների:

Իսլանդիայի հետ նախկինում հանդիպել ենք 3 անգամ։ Առաջին երկու մրցավեճերը պաշտոնական էին։ «Եվրո-2000»-ի ընտրական փուլում՝ 1998 թ․ հոկտեմբերի 10-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1999-ի հունիսի 5-ին Ռեյկյավիկում դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով։ Մեկ խաղ էլ կայացել է Մալթայի մրցաշարում՝ 2008-ի փետրվարի 6-ին Տա Քալիում, երբ իսլանդացիները կրկին առավելության հասան 2-0 հաշվով։

Հայ-իսլանդական 3 խաղերից 2-ում հաղթել է մրցակիցը, գրանցվել է 1 ոչ-ոքի։ Գոլերի տարբերությունը՝ 4-0՝ հօգուտ կղզեբնակների։ 

Հայաստանն ու Հս․ Մակեդոնիան (նախկինում՝ ՆՀՀ Մակեդոնիա) հին մրցակիցներ են։ Թիմերը 10 հանդիպում են անցկացրել, որոնք բոլորն էլ եղել են պաշտոնական։ Առաջին երկու մրցավեճերը եղել են «Եվրո-1996»-ի շրջանակներում։ 1995-ի մայիսի 10-ին Երեւանում գրանցվել է 2-2, իսկ նույն տարվա սեպտեմբերի 6-ին մերոնք Սկոպիեում հաղթել են 2-1։ Երկու խաղերում էլ մեկական անգամ աչքի են ընկել Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը։ Սկոպիեի խաղն առաջին պաշտոնական հաղթանակն էր Հայաստանի ընտրանու պատմության մեջ։ Հերթական երկու հանդիպումները կայացել են ԱԱ-2006-ի շրջանակներում։ 2004-ի օգոստոսի 18-ին բալկանցիները Սկոպիեում հաղթել են 3-0, իսկ 2005-ի հունիսի 4-ին Երեւանում առավելության են հասել 2-1 հաշվով, մերոնցից աչքի է ընկել Էդգար Մանուչարյանը։ «Եվրո-2012»-ում թիմերի ճանապարհները կրկին խաչվել են։ 2010-ի սեպտեմբերի 7-ին Սկոպիեում գրանցվել է 2-2։ Մեր ընտրանուց գոլերի հեղինակ են դարձել Յուրա Մովսիսյանն ու Էդգար Մանուչարյանը, իսկ երեւանյան պատասխան խաղը կայացել է 2011-ի հոկտեմբերի 7-ին եւ ավարտվել մերոնց 4-1 հաշվով հաղթանակով։ Գոլերը խփել են Մարկոսը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Արթուր Սարկիսովը։

Եվս 4 անգամ հայ-մակեդոնական մրցակցության ականատես ենք եղել Ազգերի լիգայի խաղարակությունում։ 2018-2019 թթ․ խաղարակությունում՝ 2018 թ․ սեպտեմբերի 9-ին, Սկոպիեում դաշտի տերերն առավելության են հասել 2-0 հաշվով, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին մերոնք ռեւանշի հասան 4-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը։ Վերջին երկու խաղերն էլ եղել են Ազգերի լիգայի 2020-2021 թթ․ խաղարկությունում։ Այս տարվա սեպտեմբերի 5-ին բալկանցիները Սկոպիեում 2-1 առավելության հասան, մերոնցից աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը, իսկ նոյեմբերի 18-ին կիպրական Նիկոսիայում մեր տղաները հաղթեցին 1-0։ Միակ գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը։

Այսպիսով՝ հայ-մակեդոնական դիմակայությունում ստատուս քվո է․ թիմերը 10 խաղում տարել են 4-ական հաղթանակ, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։ Գոլերի տարբերությունը՝ 17-15՝ հօգուտ Հայաստանի։

Հայաստան-Լիխտենշտայն մրցավեճերը եւս բացառապես պաշտոնական են եղել, սակայն համեմատաբար նոր պատմություն ունեն։ Թիմերը առաջին անգամ հանդիպել են Ազգերի լիգայի 2018-2019 թթ․ խաղարկությունում։ 2018-ի սեպտեմբերի 6-ին մերոնք Երեւանում հաղթեցին 2-1։ Հայաստանի ընտրանու գոլերը խփեցին Մարկոսն ու Տիգրան Բարսեղյանը։ Նույն տարվա նոյեմբերի 19-ին Վադուցում գրանցվեց 2-2։ Մերոնցից աչքի ընկան Սարգիս Ադամյանն ու Ալեքսանդր Կարապետյանը։ Վերջին երկու հանդիպումները «Եվրո-2020»-ի ընտրական փուլում էին։ 2019-ի հունիսի 8-ին Երեւանում մեր թիմը հաղթեց 3-0՝ շնորհիվ Գեւորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի ու Տիգրան Բարսեղյանի գոլերի։ Նույն տարվա հոկտեմբերի 12-ին Վադուցում թիմերը բաժանվեցին 1-1 հաշվով․ մերոնցից աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։

Հայաստան-Լիխտենշտայն հակամարտությունում 4 խաղից 2-ում հաղթել է մեր ընտրանին, 2-ում էլ գրանցվել է ոչ-ոքի։ Գոլերի տարբերությունը՝ 8-4՝ հօգուտ մեր հավաքականի։     

Լուսանկարը՝ Getty Images/fifa.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter