
Նոր հարթակ՝ արտակարգ իրավիճակում պետական բազաներից գերատեսչություններին տեղեկատվություն տրամադրելու համար
Առողջապահության նախարարությունն առաջարկում է ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արտակարգ իրավիճակում պետական տեղեկատվական բազաներից, ըստ անհրաժեշտության, տվյալներ տրամադրել տարբեր գերատեսչությունների: Որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ միայն արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ միջոցառումներ (այդ թվում` բժշկական օգնությունը և սպասարկումը) կազմակերպելու և իրականացնելու նպատակով օրենքով նախատեսված անձնական տվյալներ տնօրինող պետական մարմիններն առանց անձի համաձայնության այդ տվյալները կփոխանակեն։
Անձնական տվյալների փոխանակման համար կստեղծվի հարթակ, որի տեխնիկական սպասարկումը և համակարգումն իրականացվելու է օպերատորի կողմից:
Իսկ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ անձնական տվյալների վերաբերյալ ձևավորվող տեղեկատվությունը պետական տեղեկատվական բազաներում ունենալու է նույնականացման ծածկագիր, որը տվյալ իրավիճակի համար սահմանելու է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը:
Հանձնաժողովի նախագահին են ներկայացվելու արտակարգ իրավիճակում կանխարգելիչ միջոցառումներ (այդ թվում` բժշկական օգնությունը և սպասարկումը) կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության ցանկը՝ հստակ և մանրամասն ներկայացնելով պահանջվող անձնական տվյալների ստացման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:
Հանձնաժողովն ամփոփելու է համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության ցանկերը և մեկ միասնական հայտով ներկայացնելու է օպերատորին:
Հանձնաժողովի կողմից ներկայացվող հայտը պետք է պարունակի տեղեկություններ պահանջվող անձնական տվյալների և դրանցից օգտվողների վերաբերյալ:
«Ներկայում, տվյալների փոխանակումն իրականացվում է չկարգավորված, տարբեր եղանակներով` տվյալ պահի հնարավոր լուծմամբ (հեռախոսազանգ, էլեկտրոնային փոստ, կրիչ և այլն): Այս եղանակով տվյալների փոխանցումը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը և իջեցնում տվյալների փոխանակման պաշպանության/ապահովության և հավաստիության մակարդակը»,-նշված է նախագծում։
Մեկնաբանել