ԱԱԾ․ իրական և կեղծ հեռախոսահամարներից զանգեր են կատարվում պատգամավորներին և նախարարներին
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ վերջին շրջանում իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով (օրինակ +37494663096, 091805319, +37489648700, +37458913321, 088004418, 088007777, 093669120, 094560966) զանգեր են կատարվում տարբեր քաղաքացիներին, այդ թվում՝ նաև Ազգային ժողովի պատգամավորների ու Կառավարության անդամների՝ օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից և հավաստում, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում համանման նախաձեռնությունների հեղինակների ու իրագործողների նկատմամբ ձեռնարկվելու են օրենքով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինչպես վերը նշված, այնպես էլ այլ հեռախոսահամարներից շատերի ուսումնասիրության արդյունքում նկատվում է նաև ադրբեջանական հաքերային խմբերի մասնակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ հորդորում է տուրք չտալ նմանատիպ հեռախոսազանգերի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, չձևավորել խուճապային տրամադրություններ և համանման կասկածելի երևույթների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել պետական իրավասու մարմիններին»,- ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել