
Նիկոլ Փաշինյան. «Իսկ ինչու՞ խորհրդարանական ուժերը չեն պահանջում արտահերթ ընտրություններ»
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հիմնական հարցերը ուղղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Փաշինյանին ծաղրում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Ադրբեջանում, ուստի իր համար հասկանալի չէ, թե վերջինս ինչպես կարող է ստեղծված իրավիճակում բանակցել:
«Մեր ռազմավարական դաշնակից երկրի լրատվական դաշտում տեսնում ենք Ձեր անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Այդ ամենը տեսնելիս ես ամաչում եմ, արդյոք դուք չե՞ք ամաչում»,- հարցրեց նա:
Փաշինյանն արձագանքեց` այդ երևույթը ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում նոր չէ: Փաշինյանի խոսքով` իր լիազորությունները շարունակում է ժողովրդի տված մանդատի շրջանակում:
«Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո, որևէ սոուսով վտանգի չենթարկվի, այսօրվա մեր կառավարության ամենամեծ անելիքը դա եմ համարում»,- ասաց Փաշինյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց` Փաշինյանը շահարկում է ժողովրդի անունը և խոսում է այնպես, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր խոսում, թե 7% քվե ստացած ուժը իրավունք չունի խոսել ժողովրդի անունից: Մարուքյանը հիշեցրեց, որ Փաշինյանի հրաժարականն են պահանջում ընդդիմադիր երկու խմբակցությունները, Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, քաղաքապետեր, ավագանու անդամներ, ԵՊՀ գիտական խորհուրդը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք այդ մարդկանցից որևէ մեկը չի՞ ներկայացնում ժողովրդին:
«Կարևոր է ընդգծել մի հանգամանք՝ իսկ ինչի՞ խորհրդարանական ուժերը, այդ թվում դուք, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչու այդ քաղաքական ուժերն անընդհատ առաջարկներ, սցենարներ են ներկայացնում, որոնց նպատակն է ժողովրդին դուրս թողնել պրոցեսից` այդ թվում անվերադարձ: Կամ անիշխանություն լինի կամ խամաճիկային իշխանություն լինի, առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցություն, չունի հենարան խորհրդարանում և հեռանկար արժանանալու ժողովրդի հավանությանը, որովհետև պայման է դրվում, որ չի մասնակցելու ընտրություններին»,- արձագանքեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի համոզմամբ` ուժերը, որոնք ցանակում են իշխանություն լինել, վերականգնելու են ընտրակեղծարարության մեխանիզմները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքներից:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի խոսքով` այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում` մինչ գալիք բանակցությունները: Ըստ Ավինյանի` այն ամենայն հավանականությամբ այս տարի է լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև` ռուսական կողմի միջնորդությամբ:
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավական սահման վերջնական արձանագրված չէ, մոտակա շաբաթների ընթացքում բանակցություններ են լինելու: Ինչ վերաբերում է փաստացի զինված ուժերի տեղակայմանը, այս պահի դրությամբ Տեղ գյուղի ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրէերում զինված ուժերի ներկայացուցիչներ ունենք, ինչպես նաև ամբողջ սահմանում: Վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում»,-ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանի սահմանից ոևևէ բան զիջված չէ և չի կարող լինել, իսկ իրավական սահմանը վերջնական փաստաթղթի միջոցով կողմերը պետք է ընդունեն:
Անկախ պատգամավոր, նախկինում «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչու են սահմանազատման աշխատանքներում գյուղացիները միայնակ մնացել ադրբեջանցիների հետ բանակցությունների հարցում և հետաքրքրվեց, թե արդյոք 1928-29 թվականների քարտեզնե՞րն են հիմք ընդունվում:
Ավինյանն արձագանքեց` այդ քարտեզներն են հիմք ընդունվելու, սակայն բանակցություններում այլ իրավական փաստաթղթեր ևս քննարկվելու են:
Սոթքի հանքին անդրադառնալով Ավինյանն ասաց, որ որոշակի ճշգրտումներ են եղել, զինված ուժերն ավելի ճշգրիտ են դիրքավորվել, հանքի վարչական շենքը հայական կողմում է: Հանքի շահագործման համար կան իրավական փաստաթղթեր, որոնք ևս բանակցային գործընթացում քննարկվելու են:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ Փաշինյանը եռակողմ հայտարարության տակ ստորագրել է սպառնալիքի ներքո՞, թե՞ կամքի դրսևորում է:
Փաշինյանն արձագանքեց` ստորագրման հագամանքների հետ կապված մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել, ավելացնելու բան չունի:
«Մեր մեծագույն խնդիրն այն է, որ այս բոլոր այս գործընթացներում ՀՀ ժողովուրդը որևէ կերպ և որևէ պատճառով չկորցնի իշխանություն ձևավորելու, ազատ կամարտահայտման իր իրավունքը»,- ասաց վարչապետը:
«Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե հրապարակված փաստաթղթից բացի կա՞ արդյոք հավելված:
Փաշինյանը արձագանքեց` որևէ այլ հավելված գոյություն չունի: Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ քննարկումն այս փուլում որևէ օգուտ չի բերելու: Վարչապետն իր պատրաստակամությունը հայտնեց պատգամավորների հետ դռնփակ նիստին պատասխանել ցանկացած հարցի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հետաքրքրվեց, թե ռազմագերիների փոխանակման հարցում արդյոք նոր տեղեկություններ կան, թե ոչ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ ցանկերի ճշտման գործընթաց է ընթանում երկու երկրներում, ցանկերը հաստատելուց հետո կլինի փոխանակում` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Ինչ վերաբերում է անհայտ կորածների հայտնաբերմանը` փոխվարչապետը վստահեցրեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են. նոյեմբերի 10-ից մինչ այժմ ռազմի դաշտից դուրս է բերվել 846 մարմին:
Տեղեկացնենք, որ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկա չեն:
Մեկնաբանել