HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սակրավորներն ականազերծել են Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին

Անցնող մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի և նրա հարակից տեղանքների տարածքների կեսից ավելին։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը՝ հավելելով, որ աշխատում են այդ տարածքներում ականազերծումն ավարտել մինչև ընթացիկ տարվա ավարտը։

«Մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի կեսից ավելին։ Հիմա կոնկրետ հեկտարներով չեմ կարող ասել, սակայն կեսից ավելին մաքրվել է։ Հիմա աշխատում ենք քաղաքին հարակից տարածքներում»,- նշել է Մեսրոպյանը։

Նրա խոսքերով՝ ներկայում Ստեփանակերտի կենտրոնական հատվածն ամբողջությամբ մաքրված է զինամթերքից, որոնք քաղաքի վրա են ընկել Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ։

«Մաքրվել է մասնավոր տարածքների կեսից ավելին։ Այստեղ խիտ բնակեցված շրջան է, անհրաժեշտ է մաքրել, քանի որ մարդիկ արդեն վերադառնում են»,- հավելել է Մեսրոպյանը։ 

Պատասխանելով այն հարցին, թե բացի Ստեփանակերտից, էլ որ շրջաններում է նախատեսվում իրականացնել ականազերծման աշխատանքներ, Մեսրոպյանը նշել է, որ Ստեփանակերտից հետո ականազերծման աշխատանքները կսկսվեն Մարտունու շրջանում, իսկ դրանից հետո՝ Մարտակերտում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ РИА Новости / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter