
Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչու է դատավորների ընտրության հարցը հանվել օրակարգից
Վճռաբեկ դատարանի նախագահի և դատարանի դատավորի թեկնածուի քվեարկության հարցեը հանվել են ԱԺ հերթական նիստերի քառօրյայի օրակարգից: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը` հայտնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նամակով դիմել է իրեն:
Հիշեցնենք, որ ԲԴԽ խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրել է դատավոր Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը, իսկ դատավորի թեկնածուի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի, Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Միրզոյանը հայտնեց, որ ԲԴԽ նախագահի նամակից կմեջբերի այն հատվածները, որոնք, ըստ իրեն ամբողջովին կներկայացնեն նամակի իմաստը:
«Նախ տեղեկացվում է, որ թեկնածուները տեղեկացվել են նիստին մասնակցելու մասին հեռախոսազանգով, ինչը ըստ երևույթին պատշաճ չեն համարել, և չեն հասցրել պատրաստվել: Նշվում է, որ թեկնածուները լիագումար նիստում իրենց տեսլականները ներկայացնելիս պետք է խոսեն դատական համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական, սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, սակայն հաշվի առնելով հետպատերազմական վիճակը և ծառացած առավել իրատեսական խնդիրները, իրատեսական չէ դատական իշխանությանը հուզող հիմնախնդիրներին նվիրված կառուցողական քննարկում կազմակերպելը»,- ընթերցեց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանի խոսքով` ԲԴԽ նախագահը թեկնածուների անունից խնդրել է հարցը հանել օրակարգից, ինչը խորհրդարանն ընդառաջել է:
Մեկնաբանել