
ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի թեկնածուի ընտրության հարցը
Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը, այդ պաշտոնում «Իմ քայլը» առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը խորհրդարանին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Առուստամյանը 2005 թվականից սկսած աշխատել է Վերահսկիչ պալատում (այժմ` Հաշվեքննիչ պալատ), տնտեսագիտության թեկնածու է, անկուսակցական:
Կարեն Առուստամյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական երկրում Հաշվեքննիչ պալատը՝ որպես անկախ կառույց, ունի առանձնահատուկ դեր, և արդյունավետ հաշվեքննությունը ենթադրում է դրական տեղաշարժեր հանրային հատվածում և քաղաքացու կյանքում:
«Եվ ես՝ որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու ընտրվելու դեպքում պատրաստակամ եմ մասնակցել և նոր շունչ հաղորդել այդ աշխատանքներին, մանդատ ստանալու դեպքում առաքելությունս տեսնում եմ պալատի անդամի լիազորություններով պայմանավորված հետևյալ երկու առանցքային տիրույթներում` ինձ վերապահված հաշվեքննությունների համակարգման ընթացքում գիտելիքիս ու փորձիս առավելագույն ներդրումով ապահովել որակի նկատելի և շարունակական աճ: Եւ հաշվի առնելով նախորդ տարիներին ՀՊ-ի կարողությունների ուժեղացման ոլորտում կուտակածս փորձը` նպաստել պալատի ինստիտուցիոնալ զարգացմանը»,- ասաց թեկնածուն:
Առուստամյանի համոզմամբ` հաշվեքննողներն իրենց վարքագծով պետք է օրինակելի լինեն հանրային ծառայողների շրջանակում, ինչպես նաև պետք է ուժեղացնել թափանցիկության, հաշվետվողականության բաղադրիչը, հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունների որակը բարելավել:
«Հաշվեքննիչ պալատը պետք է նոր թափ հաղորդի նաև հակակոռուպցիոն պայքարի լայն ճակատին, այս առումով հարկավոր է բարելավել գլխավոր դատախազություն ուղարկելու ենթակա նյութերի չափորոշիչները, դրա համար պետք է հստակեցնել խարդախության հայտանիշները: Դա պատկերացնում եմ խարդախության դասակարգչի մշակման և հաստատման ճանապարհով»,- ասաց Առուստամյանը:
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի համոզմամբ` պալատը պետք է բազմապատկի իր ջանքերը կատարողականի հաշվեքննության ոլորտում, ինչը նպաստելու է հանրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը:
Լրացում 15:08
Փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով` Կարեն Առուստամյանը չընտրվեց, քանի որ անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայների կողմ քվեարկությունը: Կողմ էր քվեարկել 79 պատգամավոր, դեմ` 3-ը: Քվեարկությանը մասնակցում էր միայն քաղաքական մեծամասնությունը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առաջիկայում կդիմի խմբակցություններին` Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու հարցով, և կլինեն նոր ընտրություններ:
Մեկնաբանել