HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի համոզմամբ` թե՛ գնաճը, թե՛ դրամի արժեզրկումը կառավարելի են

Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածության հարցը, այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը: Վերջինս տնտեսագիտության թեկնածու է, 2006 թվականից աշխատում է Կենտրոնական բանկում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Նահապետյանն իր ելույթում ընդգծեց` ԿԲ խորհրդի անդամի պարտականությունն իր համար ինչպես հնարավորություն է, այնպես էլ` մարտահրավեր:

«Հնարավորություն, որովհետև ինձ ընձեռվում է առիթ՝ մասնավոր ֆինանսական կառույցներում, ինչպես նաև ԿԲ-ի կառավարման համակարգում կուտակած մասնագիտական գիտելիքներս ու փորձառությունս ծառայեցնելու բանկի կողմից մշակվող քաղաքականության ու որոշումների կայացման գործին: Մարտահրավեր, որովհետև արագ փոփոխվող աշխարհում տնտեսության և ֆինանսական համակարգի առջև ծառայող խնդիրներն իրենց բնույթով տարբեր են»,- ասաց ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն:

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն կարևորեց նաև ֆինանսական համակարգի կարգավորման հարցում ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը:

«Այստեղ հստակ անելիք եմ տեսնում․ այսօր Հայատանի ֆինանսական համակարգի զգալի հատվածը բանկային համակարգն է` մոտ 84 %, ֆինանսական համակարգի կարգավորման գործիքների կիրառմամբ: ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսական համակարգի այլ հատվածների` հատկապես կապիտալի շուկայի, ապահովագրության շուկայի ընդլայնման նպատակով: Համակագային մոտեցումներ են պետք, նաև օրենսդրական փոփոխություններ»,- ասաց նա:

Նահապետյանն ընդգծեց` ընտրվելու դեպքում իր անմիջական մասնակցությունն է ունենալու անձնական ֆինանսները գրագետ ու արդյունավետ կառավարող, շահերը գնահատող անհատի ձևավորմանը միտված քաղաքականության ձևավորմանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հարցրեց դրամի արժեզրկումից` հետաքրքրվելով, թե, ըստ վերջինիս, որն է դրա պատճառը:

Նահապետյանն արձագանքեց` ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով հետևում է արտարժույթի շուկայում տեղի ուենցող զարգացումներին:

«Այսօր նկատվում է աշխարհում ԱՄՆ դոլարի որոշակի արժևորման միտում, որը արտացոլվում է նաև մեզ մոտ, բայց հիմնականում այն, ինչ այսօր տեղի է ունենում արտարժույթի շուկայում, պայմանավորված է Հայաստանում առկա անորոշություններով: Մենք հետևում ենք այդ գործընթացին, բայց ինչպես գիտեք փոխարժեքի կառավարումը ԿԲ-ի հիմնական խնդիրը չէ, և մենք առաջնորդվում ենք գների և ֆինանսական կայունության ապահովման առաջնորդությամբ: Այն դեպքերում, երբ արտարժույթի որոշակի տատանումները մեր գնահատմամբ կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ֆինանսական կայունության ապահովման մասով, մենք, բնականաբար, մեր ողջ գործիքակազմը կներդնենք և ունակ ենք ներդնելու, այս պահին իրավիճակը համարում եմ կառավարելի»,- ասաց Նահապետյանը:

Վերջինս հայտնեց, որ սպասվող երեքշաբթի օրը ԿԲ-ում լինելու է նիստ` տոկոսադրույքի վերաֆինանսավորման հարցով, և հավանաբար այդ օրը ԿԲ-ի վերլուծություն կլինի, և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն իր գործիքակազմով կարձագանքի:

Ըստ նրա` այս պահին ակտիվ ներգործության անհրաժեշտություն չկա:

Արուսյակ Ջուլհակյանն էլ հետաքրքրվեց որոշ ապրանքների գնաճից` հարցնելով, թե աճը որքանով է օբյեկտիվ, և կա արդյոք ռիսկ, որ գնաճը կարող է կառավարելիության սահմաններից դուրս գալ:

Դավիթ Նահապետյանն արձագանքեց` հատկապես պարենի շուկայում որոշակի գնաճ կա (միջազգային շուկայում), հետևաբար մենք՝ որպես ներկրող երկիր, ենթակա ենք այդ ազդեցություններին:

«Բայց մեզ մոտ գնաճային ֆոնը բավականին ցածր է, այս պահին 12-ամսյա գնաճը 1,5-16 % է կազմում: Վերջնական գնահատականի համար կարևոր է նաև գնահատել սպառումը Հայաստանում, ես կարծում եմ որ տարվա արդյունքով կմոտենանք մեր գնաճի թիրախի ստորին մակարդակին, նախնական կանխատեսումը 2,5 %-ն է, վերջնական գնահատականը հաջորդ շաբաթ կունենանք»,- ասաց Նահապետյանը:

Լրացում 15:00

Փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով` կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ` 1: Ըստ այդմ` թեկնածուն ընտրվել է որպես ԿԲ խորհրդի անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter