HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին

Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը արցախյան պատերազմի թեժ պահին՝ հոկտեմբերի 15-ին, հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ «Նուվել Օբսերվատորը» պատմում է, թե ինչու Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական նավթադոլարներից։

Ֆրանսիան զենքի արտահանման ծավալներով աշխարհում երրորդն է։ Նա, ինչպես երեւում է, ղարաբաղյան ներկայիս հակամարտության մեջ աջակցում է Հայաստանին, բայց դրա հետ մեկտեղ չի խուսափում ռազմական տեխնիկա վաճառել Բաքվին՝ Երեւանի երդվյալ թշնամուն։ Սակայն, շահութաբեր համաձայնագրերի ստորագրումից հետո Փարիզի եւ Բաքվի հարաբերությունները գնալով սառում են` վտանգելով նոր խոշոր գործարքը` «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքը Ադրբեջանին 430 մլն եվրո արժեքով:

«Ադրուա» (Adroit) տեսակի նավերը պաշտոնապես նախատեսված են Կասպից ծովում հորատման սարքավորումների պաշտպանության համար, բայց դրանք կարող են հագեցվել նաեւ հրթիռներով։ Այս ոլորտում Ֆրանսիան մրցակցում է Իսրայելի հետ։  

Հրեական պետությունը, որն Ադրբեջանը դարձրել է Մոսադի հենակետը ընդդեմ Իրանի, Բաքվին զենքի առաջին մատակարարն է՝ շրջանցելով Մոսկվային։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2015-2019 թթ. Իսրայելը մատակարարել է Բաքվի ամբողջ զենք-զինամթերքի 60 %-ը, իսկ Ռուսաստանը՝ 31 %-ը, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի զենքի գրեթե միակ մատակարարն է։

Թափանցիկության բացակայություն

Ֆրանսիական զենքի վերջին պայմանագրի շուրջ դժվարությունները ծագեցին մինչեւ Բաքվի եւ Երեւանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսկումը։ 2018-ի նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արգելակեց երեք նավերի մատակարարման պայմանագրի կնքումը, թեեւ այն պատրաստ էր ստորագրման։ Ադրբեջանցի լիդերը վիրավորված էր։ Բանն այն էր, որ Էմանուել Մակրոնը 2018-ի հոկտեմբերին այցելել էր Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու եւ սկանդալ առաջացնելու վախից չեղարկել ժամանումը Բաքու, որտեղ նախատեսված էր պայմանագրի ստորագրումը։

2019-ի հունվարին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին գործուղեցին Ադրբեջան՝ նախագահ Ալիեւի հետ հարաբերությունները հարթելու նպատակով։ Պաշտոնական վարկածով՝ դա «սովորական այց էր»: «Նա ծանոթացել է Իլհամ Ալիեւի նախագահության օրոք շինարարության եւ բարելավման ուղղությամբ իրականացված հսկայական աշխատանքներին եւ խորապես տպավորված էր զարգացման այդ գործընթացով»,- այդ ժամանակ գրել էր «Ազերթաջ» ադրբեջանական պաշտոնական լրատվական գործակալությունը. Երեւանն իր հերթին դժգոհ է Ադրբեջանին ֆրանսիական զենքի մատակարարումներից եւ բոլոր ջանքերը գործադրում է դրանք դադարեցնելու համար։

Փարիզը, բնականաբար, հերքում է, թե խախտում է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի զենքի էմբարգոն, որը գործում է Բաքվի եւ Երեւանի նկատմամբ 1992 եւ 1993 թվականներից. Ֆրանսիան նախընտրում է այդ՝ պարտադիր մեծ ուժ չունեցող փաստաթղթերի բավական «ճկուն» մեկնաբանությունը։ Այսպես՝ 2016 թ. Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության գծով տնօրեն Ֆիլիպ Էրերան (Philippe Errera) Ազգային ժողովի տեղեկատվական հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ Ֆրանսիան այդ փաստաթղթերը չի դիտարկում բացառապես որպես «այնպիսի տեխնիկայի արտահանման (դեպի Բաքու եւ Երեւան) սահմանափակում, որը կարող է կիրառվել ղարաբաղյան հակամարտության մեջ», այլ որպես «մասնակի էմբարգո»։

Այսինքն՝ նման մեկնաբանության շրջանակում Բաքվի հետ արդյունաբերական գործընկերությունը չի խախտում էմբարգոն, քանի որ «նպատակաուղղված է միայն Կասպից ծովում առանցքային ենթակառուցվածքների պաշտպանության հարցում Բաքվին աջակցելուն եւ Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելուն»։ Խնդիրն այն է, որ այդ ոլորտում թափանցիկության բացակայության պատճառով մեզ հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ զենք է Փարիզը վաճառում Բաքվին:

Խորհրդարանական զեկույցում սոսկ ասվում է, որ 2015 եւ 2016 թվականներին Ֆրանսիան Ադրբեջանին ընդհանուր 148,2 մլն եվրոյի սպառազինություն է մատակարարել։ 2019-ին տրամադրվել են նաեւ «լիցենզիաներ»՝ 216,4 մլն ընդհանուր գումարով, մասնավորապես՝ 190 մլն եվրո արժեցել են «թիրախին ուղեկցելու եւ հայտնաբերելու միջոցները»: Այդ թիվը հիշատակում են նաեւ «Էկոլոգիա, ժողովրդավարություն, համերաշխություն» խմբակցության պատգամավորները (սրա կազմում ընդգրկվել են «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության (La République en marche, նախագահ Մակրոնի կուսակցությունը-հեղ.) դիսիդենտները), որոնք հոկտեմբերի 14-ին ֆրանսիական կառավարության կոչ արեցին «անհապաղ դադարեցնել» մատակարարումները։ «Ֆրանսիական զենքի արտահանումը Ադրբեջան հակասում է Ֆրանսիայի հստակ դիրքորոշմանը ղարաբաղյան կոնֆլիկտում»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

«Զուտ պաշտպանական» պայմանագիր

Մյուս խնդիրն այն է, որ թեեւ տեխնիկայի որոշ տեսակներ պաշտոնապես ունեն խաղաղ նշանակություն, փաստացի ադրբեջանական ուժերի կողմից կիրառվում են ռազմական կարիքների համար։ Այսպես, տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»։

Արբանյակի գործարկումից որոշ ժամանակ անց «Le Caucase» («Կովկաս») կայքը 2015-ի մայիսին անգամ գրեց ադրբեջանական գլխավոր հսկիչ կայանում «Airbus Dеfence and Space»-ի փարձագետների հետ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին. «Համատեղ սեմինարը կազմակերպել էին «Airbus»-ի եւ Ադրբեջանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության ներկայացուցիչները։ Ներկայացվել են արբանյակի բնութագրերը, պատկերների կոնկրետ կիրառությունը ռազմական գործողությունների շրջանակներում եւ գեոհետախուզության տվյալների առավելությունները ռազմական գործողությունների հեռավար հսկողության ապահովման գործում»։ Այլ խոսքով՝ «AzerSky» քաղաքացիական արբանյակը թույլ է տալիս Բաքվին հեռակա կարգով ղեկավարել հայերի դեմ գործողությունները։ Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ «AzerSky» նախագիծն արժեցել է 157 մլն եվրո։

Այժմ առկախված է եւս մեկ խոշոր ռազմական պայմանագիր, որը ներկայացնում են իբրեւ «զուտ պաշտպանական»։ Ադրբեջանը կարող է ձեռք բերել «Airbus»-ի, «BAE Systems»-ի եւ «Leonardo»-ի համատեղ ձեռնարկության՝ «MBDA»-ի հրթիռները։ Խոսքը միջին եւ մեծ հեռավորության «ASTER-30-SAMP/T» համակարգի մասին է, ինչպես նաեւ «Vertical Launch-MICA» պաշտպանական համակարգի: Թեեւ բարձր արդյունավետություն ունեցող այս համակարգերը չեն համարվում «հարձակողական» զենքեր, դրանք կարող են հայկական հրթիռների չեզոքացմամբ ապահովել Բաքվի անվտանգությունը եւ դրանով փոխել ուժերի հավասարակշռությունը։ Գործարքը գնահատվում է 1-3 մլրդ եվրո:

Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան բառացիորեն «կիսվում է» իր մեծ հայկական սփյուռքի (ինչպես նաեւ՝ ընդհանուր հայամետ վերաբերմունքի) եւ ադրբեջանական նավթադոլարների ծանր պորտֆելի միջեւ:

Թարգմանությունը՝ Լիանա Սայադյանի

Գլխավոր լուսանկարը՝ Ռոյթերսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter