Օժանդակել է անձանց պոռնկությանը, ապօրինի իրացրել թմրամիջոց և պահել սառը զենք
Դատարանն ապացուցված է համարել անձանց պոռնկության շահագործմանը օժանդակելու, թմրամիջոց ապօրինի իրացնելու և ապօրինի կերպով սառը զենք պահելու համար Ա. Միքայելյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010թ. ամռանից Ա. Միքայելյանը որոշակի վարձատրության դիմաց, որպես թիկնապահ ծառայություն մատուցելով Հ. Դավթյանին, ամենօրյա հսկողություն է սահմանել վերջինիս կողմից խաբեությամբ պոռնկության շահագործման նպատակով հավաքագրված և շահագործված Ն. Մ.-ի, Ս. Ս.-ի և Լ. Կ.-ի նկատմամբ:
Տեղյակ լինելով Հ. Դավթյանի կողմից Ն. Մ.-ի և Ս. Ս.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մասին՝ Ա. Միքայելյանը, ավտոմեքենայով պարբերաբար կայանելով տուժողների բնակության վայրում, նրանց տեղաշարժերի մասին տեղեկացրել է Հ. Դավթյանին, հաճախորդների հետ հանդիպման գնալիս հաճախակի նրանց ուղեկցել է, իսկ հետո դիմավորել՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Այդկերպ Ա. Միքայելյանը մինչև 2010թ. նոյեմբերի 28-ն օժանդակել է Հ. Դավթյանի կողմից վերոհիշյալ անձանց պոռնկության շահագործմանը:
Ապացուցվել է նաև, որ Ա. Միքայելյանը 2010թ. պատրաստել է մարիխուանա տեսակի թմրամիջոց և ստացված թմրամիջոցը նույն թվականի հոկտեմբեր ամսին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել Հ. Դավթյանին, Ն. Մ.-ին, Ս. Ս.-ին և Լ. Կ.-ին:
Բացի դրանից՝ Ա. Միքայելյանը ձեռք է բերել և 2010թ. նոյեմբերի 28-ին կրել սառը զենք հանդիսացող դանակ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Դավթյանը խաբեությամբ, հետագայում ամուսնանալու կեղծ խոստումով պոռնկության շահագործման նպատակով հավաքագրել է Ն. Մ.-ին, նրան ներգրավել պոռնկության մեջ և տիրացել մարմնավաճառությամբ վերջինիս վաստակած գումարներին: Բացի դրանից՝ ապացուցվել է, որ Հ. Դավթյանը բռնաբարել է Լ. Կ.-ին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Միքայելյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրան ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժ նշանակվել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով:
2011թ. հունիսի 17-ի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Հ. Դավթյանը տառապում է ձախ քունքածոծրակային բլթերի արտերիո-վենոզ մալֆարմացիա, կայուն մնացորդային երևույթներ տարած ներուղեղային ինքնաբուխ պարենխիմատոզ-սուբարախնոիդալ արյունազեղումից հետո աջակողմյան չափավոր հեմիպարեզ և մասնակի սենսո-մոտոր աֆազիա, ցնցումային համախտանիշ հիվանդություններով, ուստի նա չի կարող մասնակցել քրեադատավարական գործողություններին:
Հ. Դավթյանի մասով որոշում է կայացվել որպես խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին, իսկ 2012թ. փետրվարի 2-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով կասեցնելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ տուժողների անունները փոխված են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել