HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ու խաղաղության հաստատման գործընթացներին»

Քաղաքական մակարդակով հայտարարությունները պետք է նպաստեն Լեռնային Ղարաբաղում կյանքի նորմալացման բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, այլ ոչ թե ջնջեն հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։ Այդ մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ տարածաշրջանում իրավիճակը բարդ է, բազմաթիվ ջանքեր են գործադրվել, որպեսզի այն վերադարձվի խաղաղ հունի, դադարեցվեն մարտական գործողությունները, կողմերը կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սկսվի փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, տարածաշրջանում ստեղծվեն կյանքի նորմալացման բոլոր անհրաժեշտ պայմանները: Այդ աշխատանքը շատ ջանք է պահանջում, և մենք ելնում ենք այն իրողությունից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ մեծ ջանքեր են գործադրվել, և եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել: Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է անցնի դրա վրայով»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման կետին՝ Մարիա Զախարովան նշել է. «Երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ իրավամբ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության, քաղաքացիների և բեռների տեղափոխման նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն ապահովելու են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցության միջոցների կառուցումը, որոնք կապելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիների կառուցումը, ինչպես հասկանում եք, երկարատև գործընթաց է, որի հետ կապված բոլոր գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից»։

Բացի այդ, Մարիա Զախարովան ասել է, որ ներկա պահի դրությամբ առավել իրատեսական է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։ «Ռուս մասնագետների աջակցությամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների սահմանամերձ տարածքների նախնական ուսումնասիրություն է տեղի ունեցել»,- հավելել է Զախարովան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Սքրինշոթը՝ ճեպազրույցի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter