HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Բաքուն և Անկարան տարածաշրջանում պետք է ստեղծեն համագործակցության նոր հարթակ»

Ադրբեջանը և Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո, տարածաշրջանում պետք է ձևավորեն համագործակցության նոր բազմակողմ հարթակ։ Այդ մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 10-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպումից հետո։

«Մենք պատրաստ ենք հետպատերազմական ժամանակաշրջանին։ Մենք պետք է ձևավորենք տարածաշրջանում համագործակցության նոր հարթակ։ Դա կարող է լինել բազմակողմ հարթակ։ Եվ տարածաշրջանի բոլոր երկրները, որոնք կմասնակցեն դրան, միայն օգուտ կստանան»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Ալիևը, որը հեռարձակել է թուրքական TRT Haber հեռուստաընկերությունը։

Նա ընդգծել է, որ կան համագործակցության ավանդական ֆորմատներ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև։ «Այս հենքի վրա մենք կարող ենք ստեղծել միասնական հարթակ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը պատերազմից ճիշտ եզրահանգումներ անի, հրաժարվի իր անհիմն պահանջներից և նայի առաջ, ապա այդ հարթակում տեղ կա նաև Հայաստանի համար։ Մենք բաց ենք դրա համար»,- նշել է Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել թշնամանքին։ «Ստեղծելով համագործակցության նոր հարթակ՝ մենք ապագայում կկարողանանք զրոյի հասցնել մեր տարածաշրջանում նոր պատերազմի ռիսկը»,- նշել է նա։ 

Ալիևը նաև հայտնել է, որ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ քննարկել են կոնկրետ նախագծեր, որոնք իրականացվելու են Ղարաբաղում։ «Դրանք ճանապարհների, երկաթուղային գծերի և ենթակառուցվածքների շինարարության նախագծեր են։ Բոլոր այդ նախագծերում թուրքական և ադրբեջանական ընկերությունները միասին կաշխատեն և դա տարածաշրջանին նոր կյանք կհաղորդի»,-ընդգծել է Ալիևը։

Լուսանկարը՝ enbursa.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter