HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Բարսեղյան. «Ինչու է աղմկում ցեխը»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն անդրադարձել է քաղաքացիական հասարակության մի քանի կազմակերպությունների հասցեներին հնչեցված արտահայտություններին։ Այն ներկայացնում ենք ստորեւ.

«(Երկար պատմություն չսիրողներին խնդրում եմ բավարարվել վերնագրով)
Արդեն երկու տարուց ավելի է, ինչ զրպարտչական հաչ ենք լսում քաղաքացիական հասարակության մի քանի կազմակերպությունների հասցեին, թիրախավորված են մոտավորապես 20-25 կազմակերպություն եւ հատկապես Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանը, որը հիմնականում ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի կողմից: Հասարակական կազմակերպությունները ֆինանսավորվում են ե'ւ այդ, ե'ւ բազմաթիվ այլ հիմնադրամների կողմից, մի քանիսը՝ ե՛ւ Հայաստանյան աղբյուրներից, ե՛ւ Հայաստանում գրանցված հիմնադրամների ու կազմակերպութունների եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող ու մի շարք դեպքերում, գործընկեր համարվող երկրների պետական եւ ոչպետական հիմնադրամների կողմից:
Զրպարտչական հաչի թիրախ դարձած բոլոր այս կազմակերպությունների ֆինանսական հոսքերը եւ ծրագրերը օրինական են, տարիներ շարունակ եղել են պետական վերահսկողական համակարգի հսկողության տակ (ՊԵԿ, ԱԱԾ, Ոստիկանություն եւ այլն): Չէին կարող ցուցարար գնդակահարելու եւ ընտրակեղծարարության միջոցով իշխանություն դառածներին քննադատող կազմակերպությունները չհսկվեին բոլոր օրինական եւ անօրինական եղանակներով:
Ինչ ասել է «քաղաքացիական հասարակություն», այս արտահայտությունը լսում եւ օգտագործում են շատերը, բայց կարիք կա բացատրելու, որ դա մի այլմոլորակային համակարգ չէ: Լայն իմաստով դա բոլոր քաղաքացիներն ու նրանց միավորումներն են, որոնք իշխանության գործնական կրողներ չեն եւ չեն զբաղվում շահույթի հետապնդմամբ, այսինքն մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք իրավաբանական անձի կարգավիճակ չունեն կամ ունեն՝ հասարակական կազմակերպություններ, կրոնական կազմակերպություններ, համատիրություններ, արհմիություններ, ուսանողական եւ այլ միություններ: ՔՀ սահմանումը վերջնական չէ, եւ այլք այլ կերպ կսահմանեն, բայց հիմնականում այս է, ներառյալ՝ նույնիսկ արտախորհրադարանական քաղաքական ուժեր, շարժումներ եւ այլն: Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների քանակը բարդ է սահմանել, տարբեր տարիների միայն գրանցված հասարակական կազմակերպությունները եղել են 3000-5500, հիմնադրամները մինչեւ 250-300 եւ այլն: Ըստ իրենց կանոնադրությունների, զբաղվել են կամ կամեցել են զբաղվել ամենաբազմազան գործերով, սկսած շների ստերջացումից, վերջացրած ընտանեկան բռնությունների զոհերին ապաստան տրամադրելով, սկսած ծառատունկից, վերջացրած հանքահենության դեմ պայքարով, ընտրությունների հսկողություն, կոռուպցիայի դեմ պայքար, ծառայությունների մոնիտորինգ, իրավապահ համակարգի ապօրինությունների հետաքննություն, բանակում խաղաղ պայմաններում սպանությունների եւ ինքնասպանությունների խնդրի ուսումնասիրություն, առաջարկությունների փաթեթների մշակում եւ ներկայացում իշխանություններին եւ այլն:
Ահա այս հազարավոր հասարակական խմբերից ու միավորումներից միայն 1-2 տասնյակն են, որ հեղափոխությունից հետո դարձել են զրպարտչական հաչի թիրախ: Հաչն այսպիսին է ընդհանուր առմամբ:
Ա. «Սորոսականներն են եկել իշխանության»,
Բ. «Եկել են, որ քանդեն երկիրը»,
Գ. Այս պարտությունից հետո. «Սորոսականները, զավթեցին, քանդեցին, ծախեցին երկիրը»:
Զրպարտչական, նշանակում է, հանրային ընկալումներում վնասակար, վարկաբեկիչ եւ/կամ հանցագործ բան արած լինելու սուտ մեղադրանք: Սա վիրավորանքի հետ են շփոթում շատերը, այնինչ, երբ մարդուն ասում են «տավար», դա վիրավորանք է, երբ ասում են «կաշառակեր», իսկ մարդը կաշառակեր չէ, դա զրպարտություն է: Ներողություն այս դասիկի համար:
Հիմնադրամի դեմ զրպարտչական քարոզչության շարքային զոհերին, երբ հարցնում եմ, ի՞նչն է ձեզ այդպես մտահոգում, ինչո՞ւ եք ուզում հիմնադրամը փակ տեսնել, եւ ինչո՞ւ եք ատում այնտեղ աշխատող ու հիմնադրամի հետ համագործակցող մարդկանց, պատասխան չունեն, ամենաշատ կրկնվող պատասխանը հետեւյալ են.«Ասում են, որ Հայաստանը կործանում է այդ հիմնադրամը....», երկրորդ տեղում հետեւյալն է.«բազմաթիվ երկրներում փակվել է այդ հիմնադրամի գրասենյակը», երբ հարցնում եմ՝ ո՞ր երկրներում, կարկամում են, էն միջների խորամանկները Հունգարիան են նշում, Թուրքիան, Ադրբեջանը, իսկ Ռուսաստանը «մոռանում են» նշել: Ոմանք, ստում են, թե բա չիմացա՞ք՝ Ամերիկայում էլ Տրամպն է փակել այդ հիմնադրամի գրասենյակը: Այս մեդիատգետները դեռ գուգլ ու ինտերնետ չեն հայտնագործել:
2018թ. հեղափոխությունից հաշված ամիսներ անց, սկսվեց արշավ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի դեմ: Շահարկման հիմքում խորքային ռասիզմ կա, միշտ շահարկվում է, զրպարտվում ու քարոզվում է ոչ թե հիմնադրամի անվանումով, այլ հիմնադրի՝ Ջորջ Սորոսի անունով: Ապշելու է Ցեղասպանություն տեսած ժողովրդի մի քանի զավակների այլատյացության գերագույն մակարդակը, էս ֆենոմենը ուսումնասիրել է պետք: Ոմանք, որ խորովածից, քյաբաբից, տարոսիկից ու շիլակից էն կողմ ազգային իմացություն չունեն, իրենց հակագլոբալիստական շարժման մոնումենտի տեղ են դնում, ցերեկները աղոթում են Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջության համար, երեկոները գրին քարտի հայտն են լրացնում ազգուերամի համար, իրենց գտել են ամենայն հայոց հակագլոբալիստի ատենապետի տեղում ու ողբում են «սոռեսի» ծնունդը, այդպես գիտեն այդ ազգանունը:
Իշխանությունը կորցրածներին մի քանի ամիս պետք եկավ, որ կարողանան ուշքի գալ, փոխանակ Հայաստանի ժողովրդից ներողություն խնդրեին իրենց հանցագործությունների համար, երկար մտածեցին, կամ էլ իրենց հուշեցին, որ կարելի է գտնել, կամ պետք է գտնել իշխանազրկման համար մեղավոր եւ թշնամի ու սկսել կառուցել թշնամու կերպար, այն դարձնել մեղավոր ու դրանով փորձել վարկաբեկել հեղափոխություն իրականացրած հասարակությանն ու իշխանություններին: Սրանց համար արտաքին թշնամի չկար, իրենց պատկերացրած թշնամին մեկն էր՝ ներքինը: Հիմնադրամի եւ գործընկեր մի քանի կազմակերպությունների դեմ զրպարտչական հաչը նախաձեռնողները ոչ մի շերեփ էլ չհայտնագործեցին, կապկեցին երիտթուրքերի ու ֆաշիստների արածները: Այդ հնարքներն օգտագործվել են Հիտլերի ու Գեբելսի կողմից, դա հիմա նույն մեթոդաբանությամբ կիրառվում է տարբեր երկրներում՝ հետապնդելով իշխանություն պահելու կամ ունենալու «վեհ եւ պանծալի» նպատակը: Ապաշխարանքի, երկիրը փոսից հանելու եւ առաջ տանելու գաղափարներ չեն ունեցել եւ չունեն, սնանկ էին եւ են, իրենց պնդմամբ, երկիրը փոսում չի էլ եղել, նորերը հենց Սորոսի հրամանով հեղափոխություն են արել, հներին տուն են ուղարկել, որպեսզի կործանեն Հայաստանը: Առանց Սորոս, անհնար էր, որ մարդիկ մտածեին, թե կառուպցիան է քանդում երկիրը, լավ էլ ապրում էին, ինչ էր պատահել, ինչու պիտի հեղափոխության ելնեին: Մոտավորապես այս է զրպարտչական պրոպագանդայի մուղամը:
Քաղաքացիական հասարակության մի քանի տասնյակ կազմակերպությունների, Բաց հասարակության հիմնադրամի, այլ հիմնադրամների հասցեին հաչ հեղափոխությունից առաջ էլ էր հնչում, չզարմանաք՝ տասնամյակներով, հնչում էր պաշտոնյաների բերանից («գրանտ են ստացել, ուտում են ու մեզ քրֆում են, թե իբր ասֆալտը լավ չենք անում...», «բանակն են վարկաբեկում...», «հերիք աղբը տնից հանեք ...» եւ այլն), պետական եւ այլ՝ ենթակա լրատվամիջոցներով: Հեղափոխությունից առաջ իշխանությունները հմտորեն զրկել էին իրենց քննադատող հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին մեծ լսարաններով ԶԼՄ-ներով արտահայտվելու, այդ հաչին պատասխանելու հնարավորությունից, լրագրությունն էլ այդ ժամանակներում նույն թրիքի մեջ նստած նույն քյաֆթառ պառավին էր նման. հաչը այս կամ այն ՀԿ կամ հասարակական կամ քաղաքական գործչի մասին հաղորդում էին, մտքներով չէր անցնում մի կարծիք էլ այդ քֆրտված մարդկանցից հարցնել, հակառակ կողմին էլ արտահայտվելու հնարավորություն տալ, ինչպես ասում են, բոլորովին:
Բազմաթիվ կազմակերպություններ եւ հասարակական ու քաղաքական գործիչներ զրպարտվել ու ստորացվել են պետական պաշտոնյաների, ու նրանց բացահայտ կամ ծածուկ ենթակա լրատվամիջոցների բերանով, թե «շպիոն են», «դավաճան են», «խարդախ են», «ազգադավ են» եւ այլն:
Բայց այդ հաչն հիմնականում հաչողների համար ժամանցային բնույթ ուներ: Իշխանությունն այլ, ավելի արդյունավետ գործիքներ էլ ուներ: Մեկը ֆինանսատնտեսական լծակն էր: Նախկին իշխանությունները իրենց քննադատողներին չեզոքացնելու համար բացի զրպարտությունը եւ անվանարկումը, այլ մարտավարությամբ էլ էին ջանում չեզոքացնել: Հնարավոր բոլոր հիմնադրամներին, հատկապես այլ երկրների պետական հիմնադրամներին ծածուկ ու խաթրով ուղղակի հորդորում էին չֆինանսավորել իրենց քննադատող կազմակերպություններին, նույնիսկ ամենահաջող ծրագրերը, որոնք կոռուպցիայի այս կամ այն դրսեւորման դեմ էին, որոնցով բացահայտվելու էին իրենց հակաժողովրդավար էությունը, թալանը, ապօրինությունները, անպատժելիությունը, ընտրակեղծարարությունը, ու հաճախ հաջողում էին ժողովրդավարության խթանման օժանդակությանը կոչված դրամաշնորհները ուղղորդել անարդյունավետ ծրագրերի, ավելի «համեստ» եւ «ենթարկվող» ՀԿ-ների ուղղությամբ, ստեղծում էին իրենց մերձավորաց ՀԿ-ները եւ դրանցով ինչ-որ ծրագրեր իրականացնում: Սա հին հնարք է, կիրառվում է բոլոր բռնատիրական համակարգերում, որտեղ դեռ կամ արդեն գործում են քաղհասարակության ինչ-ինչ հաստատություններ.-Ծառատունկ արեք, բանտերի մոնիտորի՞նգն ինչ մեղքս է..., մոտավորապես: Այս համատեքստում հատուկ դիտավորությամբ ամենաշատ թիրախավորված կազմակերպությունը եղել եւ մնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, որի բյուջեն իշխանությունների կամ մերձիշխանական շրջանակների հսկողության տակ չէր, իշխանությունները կամ իշխանավորները 23 տարի շարունակ չեն կարողացել այդ հիմնադրամին թելադրել կամ ասել՝ այս կազմակերպությանը կօժանդակես, այս մեկի ծրագրերին չաջակցես, որովհետեւ քննադատել է, թե 5 տեղանոց բանտախցում 8 հոգի են պահում...: Այս փողը իշխանության հսկողության տակ չի եղել, ինչը գործունեության հնարավորություն ու ազատություն էր տալիս քաղաքացիական հասարակության այն կառույցներին, որոնց շնչահեղձ էին անում, արգելափակելով այլ դոնորներից օժանդակություն ստանալու ճանապարհները:
Բազմաթիվ անհնազանդ հասարակական կազմակերպությունների վարձակալած գրասենյակային տարածքների տերերը պարբերաբար կանչվում էին պետական կամ տեղական իշխանությունների մոտ, որոշ դեպքերում՝ իրավապահ այս կամ այն կառույց, որտեղ նրանց ժամերով հորդորում էին՝ խզել վարձակալության պայմանագրերը, պահանջել կազմակերպությունից՝ հեռանալ տարածքից, խոստանում էին ոչ պակաս վճար այդ հայրենանվեր վտարման համար:
Երրորդ հնարքը՝ քարոզչականից եւ ֆինանսատնտեսականից հետո ահաբեկչությունն էր: Մինչ օրս անհայտ մնացած անձինք, իսկ որոշ դեպքերում լավ էլ բացահայտ անձինք հարձակվում էին իշխանություններին անցանկալի հասարակական գործիչների, լրագրողների վրա, հրկիզում կամ քարկոծում էին գրասենյակները, այրում էին փոխադրամիջոցները, գողանում էին կամ հրկիզում էին գույքը եւ այլն, փաստացի անհնարին դարձնելով նրանց բնականոն եւ օրենքով կարծես երաշխավորված գործունեությունը: Բոլոր հարուցված քրեական գործերը բոլոր այդ դեպքերով մնում են կարճված՝ կասկածյալի բացակայության պատճառով: Դժվար է ասել, թե քանի ՀԿ-ից քանի հոգի փախավ կամ արտագաղթեց հենց այդ պատճառով, հասկանալի՞ է, թե ինչու մարզերում այդպես էլ տեղական կամ պետական իշխանությունների ապօրինությունները հետաքննող, դիտարկող եւ քննադատող կազմակերպությունների թիվը չանցավ 4-5-ից:
Այդուհանդերձ, հանրությունը արեց հեղափոխությունը եւ այսպես թե այնպես տուն ուղարկեց պետությունը հարստահարողների եւ մարդու իրավունքները համակարգված կերպով ոտնահարող իշխանությունների մի մասին: Շատ չանցած շեշտակի աճեց հիստերիան մի քանի տասնյակ հասարակական կազմարպությունների նկատմամբ: Նախկին ու մեղադրյալ դարձած իշխանություններին ու նրանց ձագուկներին պատկանող, հաճախ կեղծ սեփականատերերի անուններով գրանցված լրատվամիջոցներում համակարգված կերպով սկիզբ առավ զրպարտչական կաղկանձը, թե «սորոսականները քանդեցին երկիրը, դատում են հերոսներին, իշխանություններին ինչ ասես անել են տալիս իրենց ուզածով...», «էս մեկը սորոսական է, որովհետեւ մի նկար կա, որտեղ ինքը բարեւում է հիմնադրամի տնօրենին...» եւ այլն:
Թե ինչո՞ւ հատկապես հեղափոխությունից հետո, շատերին պարզ է, բայց կարծում եմ լրացուցիչ բացատրության կարիք կա: Այս մի քանի կազմակերպությունը, որոնց վրա հաչում են օրինիբուն, համառորեն եւ հետեւողականորեն պնդել են ու պնդում են նախ պետության զավթման ռեժիմին քաղաքական գնահատական տալու կարիքը եւ դրանից բխող անցումային արդարադատության համակարգի ներդրումը, դրա բոլոր բաղադրիչներով, որ պարտադիր է զավթված պետությունից դեպի ժողովրդավար պետության որակյալ անցման համար, սովորական անցում, այսպես թե այնպես, լինում է: Սա նշանակում է բարեփոխումներ բոլոր եւ, հատկապես, պետաիրավական ոլորտում, մեղավորների պատասխանատվության համակարգ, այս թվում՝ պետությանը հասցված վնասների փոխհատուցում, արդար դատ ու դատաստան:
Անցումային արդարադատության հայեցակարգի մասին խոսվել է նաեւ հեղափոխությունից առաջ, այս մի քանի կազմակերպությունները իրենց մասնագետներով բացատրել են, թե ինչ է պետության զավթումը եւ ինչպես պիտի ապաքինել համակարգն ու երկիրը, այլապես այն լինելու է որդը կերած աթոռի պես մի բան, հենց քամին փչի՝ փլվելու է փոշի դառնա, որքան էլ արտաքին տեսքը չի հուշում վերահաս աղետը:
Հեղափոխությամբ իշխանության եկած ուժը Ն.Փաշինյանի գլխավորությամբ սկզբում զգալ տվեց, որ հասկանում է անցումային արդարադատության անհրաժեշտությունը, ինչը անշուշտ ծանր գործ էր, հրապարակային խոստումներ եղան, որ այն իրականացվելու է, հետո երբ բանը հասավ կոնկրետ գործողություններին, ոլորտ առ ոլորտ բարեփոխումների հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի/ճանապարհային քարտեզների մշակմանը եւ գործարկմանը, սկսվեցին տեղապտույտներ, ձգումներ ու դանդաղումներ, ավելի շատ ձեւական քայլեր եւ հաշտվողականություն նախկին համակարգի արատների ու զավթարար պաշտոնյաների, իրավապահների հետ, քան թե իրական եւ վճռական գործողություններ: Հեղափոխություն արած եւ իշխանություն դառածներից ոչ մեկը 2018-ի մայիսին չէր պատկերացնում օրինակ, որ մեծարգո պարոն Խունդկարյանը պիտի մնա նոր Հայաստանի դատական համակարգի վճռական դիրքերում, բայց երկու տարի անց սիրով պատկերացրեց, էլ ասելու չէ: Այդպիսի օրինակները բազմաթիվ են:
2018 թվականի երկրորդ կեսին 6 կազմակերպություններ, այդ թվում Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, իրենց, մոտավորապես, կամավոր աշխատակիցներով, մշակեցին Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզ-հայեցակարգը, որում նկարագրված են խնդիրները իրավապահ, դատական, կրթական, ՏԻՄ համակարգերում եւ այլ ոլորտներում, ու առաջարկված են շատ հստակ ու հասկանալի լուծումներ, բարեփոխումներ: Այն հրապարակվեց 2018 թ. դեկտեմբերի սկզբին եւ ուղարկվեց իշխանություններին, իսկ նոր ԱԺ ձեւավորվելուց հետո՝ նաեւ ԱԺ նախագահին եւ խմբակցություններին: Այդ 70 էջանոց փաստաթուղթը համացանցում կա: Համարել ենք, որ մեր քաղաքացիական պարտքն է՝ արել ենք ու վաղուց չենք սիրում ոչ պաշտոն, ոչ էլ «մենք բոլորս ենք մեղավոր» արտահայտությունը:
Այդ Ճանապարհային քարտեզում նախանշված գործողությունները հեղինակները քննարկել են իրենց համար հասանելի բոլոր հնարավոր միջոցներով՝ ֆեյսբուք, մի քանի հարցազրույց եւ հանրային միջոցառում, սեփական կայքէջեր եւ այլն: Նախկինների գրպանում ծաղկող լրատվամիջոցները, որ հիմա նույնիսկ հաղորդում են իշխանության հրաժարականը պահանջող ցուցարարներից յուրաքանչյուրի սրտի զարկերի հաճախականությունը ու արյան ճնշումը, բնականաբար, չանդրադարձան այդ առաջարկությունների փաթեթին: Համալսարանի մի իրավաբան դասախոս Ղազինյան ազգանունով, հայտարարեց, թե դա գրվել է արտասահմանում: Այսինքն՝ այդ 6 կազմակերպությունը նման բան գրել չէին կարող, բոլորին այդպիսով անուղղակի հայտարարեց գործակալ, իսկ ինքն իր իրավաբան հալով երկու տող ոչ գրել էր մինչեւ հեղափոխությունը, թե երկիրն ինչ աղբահորում է, ոչ էլ գրեց հեղափոխությունից հետո, թե ինչպես պետք էր հանել այդ փոսից իր հայրենիքը: Ինքը հավանաբար փոսում չի եղել, հեռվից է նայել փոսերին: Այս հայտարարությունը, բացի վերոհիշյալ համատեքստում նախկինների դժգոհության կամ ատելության արտահայտումից, վկայում է հետհեղափոխական խնդիրների լուծման մասով գաղափարական սնանկության մասին՝ ե՛ւ անհատական, ե՛ւ ինստիտուցիոնալ առումներով: Ամբողջ ԵՊՀ-ն, իր տասնյակ ֆակուլտետներով ու ամբիոններով, իրավագիտության, տնտեսագիտության, փիլիսոփայության, միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության եւ այլ ոլորտների թեկնածուներով, դոկտոր-պրոֆեսորներով, ակադեմիկոսներով չէր կարող երազել, մտածել, պատկերացնել եւ թղթին հանձնել այդ ծրագիր-փաստաթղթի գոնե քառորդը: Կամ էլ հավես չունեին, բայց հավանաբար անկարող էին, այդ ինչպես թե «դատաիրավական բարեփոխումներ» կամ «արդար դատարաններ», երբ իրենք տասնամյակներով կառավարվել էին պետության զավթարարների կողմից ու հլու հնազանդ էին եղել: Ինչ էր մնում անել, դե իհարկե՝ հայտարարել, որ փաստաթուղթը գրվել է դրսում, իբր հայոց միտքը նման բան անել չէր կարող: Բա կհավաքվեին, մի բան կգրեին գոնե ԵՊՀ-ում կոռուպցիան արմատախիլ անելու մասին:
Այդ առաջարկությունների փաթեթին չանդրադարձավ նաեւ հանրային հեռարձակողը, որը պետական իշխանության բովանդակային հսկողության տակ է: Բայց չնայած այդ հանգամանքին, բնական էր, որ այդ Ճանապարհային քարտեզը պիտի հոգեւարքի հասցներ նախկիններին ու նրանց ձագուկներին, դրանում սրանք ակնհայտորեն տեսան հատուցման եւ արդարության ճանապարհը, որից, եթե նոր իշխանությունը իրականացներ իսկական անցումային արդարադատություն, չէին խուսափելու ոչ մեկը: Փորձեք այդ ճանապարհային քարտեզը կարդալ երկիրը գնդակահարությունների եւ ընտրակեղծիքների միջոցով զավթած, հարստահարած ապա իշխանազրկված իշխանավորի, կամ նրա հանցագործ ենթակայի աչքերով, ամեն տողում կգտենք ձեզ ու կպատկերացնեք, թե ինչ մեղքի տակ եք, ինչ հատուցում է սպասում ձեզ եւ, մանավանդ, ինչ ծանր գործ ունեն կամ ունեին անելու նոր իշխանությունները արդարության սահմանման համար, ծանր, բայց ոչ անհնարին գործ, իրենց կամքով ստանձնած գործ:
Իմ կարծիքով, հենց այդ փաստաթղթի ի հայտ գալուց հետո էր, որ նախկինները անհրաժեշտից առավել միջոցներ հատկացրեցին իրենց հոգեզավակներին վարկաբեկման ու զրպարտչական լայնամասշտաբ գրոհի համար: Սկսեցին անխնա քֆրտել անցումային արդարադատություն պահանջողներին, հեղափոխության ակտիվորեն մասնակցածներին, իշխանություններին, բնականաբար, Սորոսի հիմնադրամին ու աշխատակիցներին, ատելության ու մահվան սպառնալիքներ տեղացին, որքան ուժերը պատեց: Գերագույն նպատակը իշխանություններին հեղափոխական օրակարգից ետ պահելն էր, -«այ եթե դուք անցումային արդարադատություն անեք, ուրեմն սորոսական եք, իսկ սորոսականը՝ երկրի թշնամին է, դավաճանն է, մեր ազգային արժեքները ծախողն է եւ այլն...», այդ պրոպագանդիստական արշավի հիմնական ենթատեքստը այդ էր, կողքից էլ՝ ինչ կպավ կպավ: Իշխանությունը, պատգամավորները, վարչապետը, որ բոլորովին պատրաստ չէին նման քարոզչական պատերազմի, պարզունակ բնազդով նահանջեցին իրենց համար հարմարավետության գոտի. «յամաաան, մեզ չքրֆեք հանկարծ, մենք սորոսական չենք....» այս էլ իշխանության կրավորական արձագանքի ֆաբուլան դարձավ, փոխանակ ատելության խոսքին ու բռնության ուղիղ սպառնալիքներին քրեական եւ քաղաքական արձագանք տային, փոխանակ հետաքննեին ու բացահայտեին պրոպագանդայի սեւ փողերը, որ 40 դյույմանոց խողովակով հոսում էին տերերից դեպի բալիկներ: Գոնե խնդրեին հարկեր վճարել մի քիչ, մեզնից թեկուզ շատ քիչ, որովհետեւ, ով ՀԴՄ կտրոն չի խփում՝ գողանում է բանակից, իմ հիշելով:
(Նույն հաջողությամբ, եթե պրոպագանդիստական կլիշե ընտրվեր «խաշը» ու «խաշականությունը» եւ օրնիբուն ասվեր, թե «խաշը քանդում է երկիրը...», «խաշականները եկան իշխանության, ու դատում են մեր հերոսներին», ապա «խաշականներին վառել է պետք, ...ել է պետք», իշխանությունները պիտի ասեին.«Խաշն ում շունն է, որ մեզ իշխանության բերեր կամ մեզ ասեր՝ ինչ անենք», փոխանակ իրավական եւ քաղաքական գնահատական տար ատելության խոսքին ու բռնության կոչերին, փոխանակ հայտարարեր, որ քաղաքացիական ազատություններն ու իրավունքները զեղչի տեղ չունեն ու վերջապես, փոխանակ իրականացներ հեղափոխության օրակարգը, այն ինչի համար մարդիկ ընտրել էին իրենց: )
Մեկը չեղավ իշխանություններից հարցներ՝ ներողություն, ինչ է նշանակում «սորոսականություն», կբացատրե՞ք: Հարց տվող եղավ, հիշում ենք, բայց պատասխանի չսպասեց: Դրա փոխարեն անցան պրիմիտիվ ինքնապաշտպանության՝ սկսելով հանրությանը ներկայացնել նախկին իշխանություններից նրանց անունները, որոնք այս կամ այն կերպ գործ էին ունեցել հիմնադրամի հետ, առանց նկատելու, որ այդ ժամանակներում այդ մարդիկ եղել են հասարակական/քաղաքական գործիչներ, եւ իշխանության մեջ չեն եղել, կամ չուզեցին դա նկատել: Այսպիսի հակադարձումներով իշխանության ներկայացուցիչները չնկատեցին, թե ինչպես սկսեցին խորացնել նախկինների պրոպագանդիստական կլիշեն՝ «սորոսական» բառի վարկաբեկիչ ենթատեքստը, մթոմ՝ տեսեք, ճիշտ եք ասում, էնքան էլ լավ բան չէ, բայց մեզ հետ կապ չունի այդ հիմնադրամը:
Ոչ մեկը՝ նախկինների ծտերից կամ նրանց վարժեցրած կապիկներից, չի կարողանում բացատրել, թե ինչ ի նկատի ունի «սորոսական» բառն ասելիս, պրոպագանդայի մեջ բովանդակությունն էական չէ, տգետների զգացմունքներն են կարեւոր, նեղն ընկած ժամանակ ասում են՝ դե երկիրը քանդողները, ծախողները, հիմա էլ՝ հողերը հանձնողները: Կարելի է կարծել, թե ինչքան անդուր բան կա կապիկների ընկալումներում, դա սորոսական է, կամ սորոսականի արած է, եթե մեկը զիբիլ է թափում ավտոյից, հաստատ սորոսական է, բայց եթե ընտրակաշառք է բաժանել, հյուրանոց է կաշառք ստացել, կամ դիզվառելիքի փողից է կերել, բնականաբար սորոսական չէ, էդ ոնց հասկանանք: Էս ինչ բազմակի ստանդարտ է, կամ էլ էդ վերջինները լավ բաներ են, տեղյակ չենք: Սորոսականները, երեւի նրանք են, որ խաթարում են իրենց տերերի լափածը վայելելու սուրբ գործը, դե բա սորոսական ենք, ինչ ենք ուրեմն:
Երեւանի պետական համալսարանը թղթերով սորոսական է, փաստորեն, որովհետեւ մեկ մլն դոլարից ավելի փող է ստացել զարգացման ծրագրերի համար: Հիմա ԵՊՀ-ից կոնկրետ ո՞վ է սորոսական, հետաքրքիր է, համակարգիչներից մի քանիսը սորոսական ե՞ն, թե՞ չեն, էդ ծրագրերը ստորագրած ու փողը երախտագիտությամբ ԵՊՀ հաշվին ստացած ռեկտորը սորոսական է՞, թե՞ չէ, մշակված համակարգչային ծրագրերը սորոսական ե՞ն, դա լավ է՞, թե՞ սորոսական բան է: Հարյուրավոր մարդիկ, որ էդ ծրագրերից հոնորար ու աշխատավարձ են ստացել ու գիտելիք են տվել ուսանողներին, սորոսական ե՞ն, իսկ գիտելիք ստացած ուսանողները սորոսական ե՞ն, հիմա դասախոսներից էն հատուկենտները, որոնց կերը, երբ դեմերն են լցնում, սկսում են բառաչել, թե սորոսականները քանդեցին երկիրը, սորոսական ե՞ն, թե՞ չեն..., եթե չեն, ինչու չեն ասում՝ էդ փողը հավաքեք, ետ տվեք հիմնադրամին, մաքրվենք այ մարդ ... էս հարցերից հետո շունիկների աչքերին փառ է բռնում իսկ ականջներից ծուխ է ելնում:
Մի անգամ ՇՊՀ մի ուսանող հարցրեց ինձ՝ սորոսական ե՞մ ես, թե՞ չէ: Բացատրեցի, որ ես հոնորարներ եւ աշխատավարձեր եմ ստացել նաեւ այդ հիմնադրամից բազմաթիվ ծրագրերի համար (թափանցիկություն, հաշվետվողականություն, Մարդու իրավունքներ, ՏԻՄ, ԶԼՄ, ՏԱ օրենքների ուսուցում, հանրային միջոցների ծախսումների մշտադիտարկում, հետաքննություններ այլն) այդ ընթացքում ստացել եմ գիտելիքներ, ձեռք եմ բերել փորձ, անխնա կիսվել եմ այդ փորձով, հազարավոր երկտասարդների գիտելիք եմ տվել, հիմա էլ պատասխանում եմ Ձեր հարցին ու էս քննարկման ընթացքում էլ երկու ժամ կարծիք եմ հայտնում ու Դուք լսում եք, եթե ես այդով սորսական եմ, Դուք էլ, ամբողջ լսարան էլ սահուն կերպով սորոսական են, ու, որ գնաք երկու տեղ պատմեք էս քննարկումից տպավորված մի գիտելիքի մասին, լսողները դառնում են սորոսական, վերջը՞:
Մատենադարանն էլ է սորոսական, զի ծրագրեր է արել Ջորջ Սորոսի տված փողով, թերուս երեխաներին հիմնադրամի պատվերով ամառային դպրոցում հայոց լեզվի եւ մաթեմատիկայի դասեր տված մանկավարժներն էլ են սորոսական, այդ գոհացած երեխաներն էլ են սորոսական, նրանց գոհացած ծնողներն էլ են սորոսական, նրանց ընտանիքի անդամներն էլ են սորոսական ուրեմն, էդ մանկավարժը, որ տրանսպորտային ծախսի փող է ստացել ու վճարել տաքսուն, տաքսուն էլ է դարձրել չէ՞ սորոսական, տաքսիստի ընտանիքի անդամն էլ դառավ չէ՞ սորոսական, տաքսիստի կնիկը, որ պեռաշկի եփեց, որն ԵՊՀ դասախոսն առավ կերավ, նույնպես սորոսականացավ չէ՞: Կովիդից տանը փակված տարեցներն ու Արցախից Հայաստանում ապաստանած ընտանիքները, որ հացուջուրուդեղորայք ստացան Սորոսից, բնականաբար սորոսական են, չէ՞: Կարելի է՞ այդքան էշ լինել 21-րդ դարում: Բանն հասել է այնտեղ, որ պրոիշխանական ֆեյքերն արդեն հայտարարում են, թե Սորոս քրֆողներն էլ են սորոսական, որպեսզի բարձրացնեն հիմնադրամի վարկը: Ֆեյսբուքում շատերը հարցնում են՝ -Դուք ուրիշ խեռոս չունե՞ք, այ խոտակերներ:
Նախկինների շունիկների թիրախավորած հիմնադրամը, կազմակերպություններն ու ղեկավարները պատերազմի ընթացքում մի քանի հարյուր սպառնալիք են ստացել բաց եւ ֆեյք պրոֆիլներից «սատկացնելու ենք ձեզ» ընդհանուր բովանդակությամբ, նոյեմբերի 9/10-ի գիշերը, երբ հրոսակախմբերը ասպատակում էին կառավարական տները, մի խումբ էլ ջարդում էր Սորոսի հիմնադրամի գրասենյակում այն ամենը, ինչ հնարավոր էր ջարդել, դուռ լուսամուտ, ջեռուցման համակարգ, սեղան, աթոռ, տեխնիկա, 2 ժամ շարունակ: Երկու օր անց, գոմից փախած մի արարած հարձակվում է Արթուր Սաքունցի Վանաձորի գրասենյակի վրա, ջարդում մուտքի ցուցանակները: Ես վերջին 2 ամսում մոտավորապես 20 սպառնալիք եմ ստացել «շուտով կգանք քո ետեւից» նույնական բովանդակությամբ, ու քֆուրներ, քֆուրներ, ես էլ խեղճ տղա եմ, ինչպես գիտեք, ոստիկանությունից վախենում եմ, չդիմեցի, անհամբեր սպասում եմ, որ գան ...
Իշխանությունը խոսեց կառավարական տների վրա հարձակման մասին, ժամացույցի եւ օծանելիքի գողության մասին, իսկ «Ազատություն» ՌԿ եւ ԲՀՀ-Հայաստան գրասենյակի վրա հարձակումների մասին չէր լսել, դեռ չի լսել, հանկարծ չասեն՝ սորոսական: Բայց չի օգնում, ասում են:
Պարբերաբար լսում եմ, որ սորոսացավագարությունը ուղղորդվում է Կրեմլից, որովհետեւ, այստեղ Կրեմլի նախկին ընկերները իշխանազրկվել են եւ դարձել են զանազան քրեական գործերով մեղադրյալներ, եւ այստեղ վարչապետ է դարձել մեկը, ում այնտեղ համարում են «փողոցից եկած»: Վախենալու օրինակը վախենալու է, իհարկե, եւ ամեն իշխանություն իքնապաշտպանության համար իրեն թույլ է տալիս այնքան ազատություն, որքան կարողանում է: Իրականում էական է ոչ թե այն, թե որ երկրի իշխանությունն է այստեղ իր գործակատարների միջոցով համերգ տալիս, այլ այն, թե ինչու է հնարավոր մեր երկրում պատվերով համերգ դրսից: Այն, որ սորոսացավագարությունը բարգավաճում է բռնապետական կամ մերձբռնապետական երկրներում, կամ այնտեղ, որտեղ հետեւողականորեն նահանջում են ժողովրդավարությունից, ու քնած մարդուն կացնահարելու համար ցմահ դատապարտված են ծախում մեկ ուրիշ սորոսացավագար երկրի, հուշում է, որ Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակները շատ տհաճ են այն երկրներին, որտեղ մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները միշտ ավելորդ են, կամ գոնե երկրորդական:
Պարտությունից հետո մարտահրավեր է ոչ միայն պարտության որակյալ վերլուծությունն ու ապագան պլանավորելը, այլեւ այն, թե որքան ինքնիշխանություն կորցրեց մեր երկիրը, գործող իշխանությունը արդեն հայացքը միայն Կրեմլ է հառելո՞ւ, թե՞ դեռ կարողանալու է ինքնիշխանության համար կռիվ տալ, վատ սցենարով՝ ինչ կարգի կամակատարի կվերածվի, իսկ հաջորդ իշխանությունը ավելին կկարողանա՞ անել, թե՞ մնացածն ու մեզ էլ կփորձի հանձնել հավատարմագրային կառավարման:
Ակնհայտ է, որ ինքնիշխանության անկումը հանգեցնելու է ժողովրդավարությունից, մարդու հիմնարար իրավունքներից եւ ազատություններից նահանջի, դրանց սահմանափակման, երրորդականացման, վերադառնալու են այն ժամանակները, երբ անթաքույց ասում էին, թե մարդու իրավունքները մեր ազգային անվտանգությանը եւ ազգային արժեքներին դեմ են, պատերազմ է, ինչ ժողովրդավարության ժամանակն է: Քանի ինքնիշխանության անկումը մեծ է, իշխանությունները հայտնվելու են երկընտրանքի առաջ, եթե արդեն չեն հայտնվել.-միանա՞լ ազատությունների սահմանափակման քարոզին, սահմանափակե՞լ, հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեությունը, բոլորը փակել չի լինի, մի քանիսը փակելը խտրական կլինի..., թե՞ վերջապես գործարկել արժեքների ու բարեփոխումների հեղափոխությունը: Առաջին տարբերակով նախկինները ողջունելու են սիրո եւ համերաշխության այդ բաղձալի քայլը, ու բազազների, մալյանների, բաբուխանյանների կարիքն այլեւս չի լինի պրոպագանդիստական ճակատում, կկտրեն ղժժոցները, ապա կելնեն վեր պետական ապարատի ծառայողական սանդուղքով, մինչեւ այնքան, որքան կզանգեն՝ կասեն: Երկրորդ սցենարի լինել-չլինելն իմանալուն համարյա բան չմնաց, կեւերա: Կիմանանք՝ հասկացա՞ն հեղափոխությամբ իշխանության եկածները իրենց բաժին ընկած հնարավորության պատմականությունը, թե՞ նորից բախտները չբերեց:
Վերջաբանություն
Իսկ մինչեւ իսկության պահի գալը, զգուշացնում եմ զրպարտիչ սորոսացավով տառապողներին՝ հեռու խաղ արեք, գոմից մի փախեք, տերերիդ ասեք՝ տակներդ ժամանակին մաքրի, չոր ծղոտ փռի, չէ, ասեք՝ սալոմ, որ հասկանա, կերը չուշացնի, ու անպայման գոմի դուռը փակ պահի, որ չփախնեք, ոտի տակ չընկնեք: Եթե մեկին թվում է, թե Մարդու իրավունքներն ու ազատությունները, մարդկային արժանապատվությունն ու պատիվը, դրանց պաշտպանությունը կախված է որեւէ հիմնադրամից կամ հասարակական կազմակերպությունից, ուրեմն կյանքից անտեղյակ, էշ կերած էշ մեծացած մեկն է: Մարդու պես պահեք ձեզ եւ կստանաք մարդավարի պատասխան, բոլոր անմարդկային դրսեւորումներին լինելու է համարժեք, եւ փոքր ինչ անհամարժեք վերաբերմունք, նայած տրամադրության, ոստիկանություն չենք դիմելու, ինչքան դիմել ենք ապարդյուն, բավ է, երբ իշխանությունն անկարող է պաշտպանել քաղաքացիների ազատությունները, մեզ դրանով ավելի մեծ լիազորությամբ է օժտում, չգիտեիք, հիմա իմացաք: Որեւէ ոտնձգություն գործընկերներիս, ընկերներիս, մերձավորներիս, մերոնց ազատությունների, կյանքի, առողջության, գույքի եւ գործունեության նկատմամբ հանգեցնելու է ..., չասեմ ինչի, բայց գեշ է հանգեցնելու: Գտեք ձեր մանկության թշնամուն եւ հաղթեք նրան, փոխանակ տուզիկ լինեք, համեստ եղեք եւ կհատուցվի: Զրուցել կուզեք՝ զանգեք հոգեբանի», - գրել է Լեւոն Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter