HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասելով Սևակին. «Գիշերները զանգում եմ Սևակին, կարող ա թուրքը վերցնի, տեսնեմ՝ տղուս մարմինն ինչ են անում»

Սենյակում, որտեղ հավաքված են Սևակի ընտանիքի անդամներն ու բարեկամները, լռություն է։ Նրանք Հայաստան են տեղափոխվել Արցախից՝ կորցնելով Հադրութի իրենց տները։ Բնակվում են Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում՝ ծանոթի տանը, որ ժամանակավոր է հատկացվել։

Տան տղամարդիկ քչախոս են։ Սևակի մասին միմյանց լրացնելով, արտասվելով պատմում են կանայք։ 

29-ամյա Սևակի դիակին ընտանիքը սպասում է արդեն երկու ամիս։ Թեև նրանց վստահեցրել են, որ Սևակը զոհվել է հոկտեմբերի 13-ին, մայրն էլ հաշտվել է այդ լուրի հետ, բայց չի դադարում նրա հեռախոսահամարին զանգահարել։ «Մինչեւ հիմա գիշերները զանգում եմ Սեւակին, երկու համարին էլ։ Ասում եմ՝ կարող ա թուրքը վերցնի, տեսնեմ՝ տղուս մարմինն ինչ են անում։ Նույն պատասխանն է՝ համարն անհասանելի է»,-արցունքները սրբելով՝ ասում է Մարինե Բաղրյանը։

«Սևակի համար ամեն ինչ կիսատ մնաց` կյանքը, ամուսնությունը, տունը...»,-ասում է նա։

Սևակին դեռևս չեն հուղարկավորել, բայց շրջանակի մեջ առնված նրա նկարը դրված է տան սեղանին՝ դիմացը մոմ և թարմ ծաղիկներ։ 

Սևակին կհուղարկավորեն Եռաբլուրում, քանի որ նրա հայրենի գյուղը՝ Հադրութի շրջանի Ուխտաձորը, արդեն ադրբեջանական բանակի հսկողության տակ է։ 

Սևակ Բաղրյանը պատերազմ էր մեկնել սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ չսպասելով հրամանատարական կազմի զանգին։ 

«Վազելով եկավ, թե՝ մամա՜, կռիվ ա, գնում եմ, չուշանամ։ Ասում եմ՝ Սևակ, քո մեքենան կարմիր ա, բեզպիլոտնիկը կխփի։ Դուրս եկավ, գնաց...Մի շաբաթ լուր չունեինք, հետո զանգեց, աղաչեցի՝ ասի, Սևակ, գոնե օրական զանգի, ասում էր՝ մամա, հարմար չի, կռիվ ենք անում։ Հետո որ թուրքերը Հադրութ մտան, Սևակը զանգեց, ասեցի՝ Սևակ ջան, թուրքերը Հադրութում են, վախենում եմ քեզ համար, ասեց՝ մամա, մի վախեցի, մենք սպանում ենք իրանց, մեր տեղը լավ ա։ Հանգստացնում էր մեզ… սաղ լավ ա, սաղ լավ ա..»,-ամբողջովին սև հագած ու կուչ եկած՝ պատմում է Մարինեն։

Վերջին անգամ Սևակը զանգել է հոկտեմբերի 12-ին, հաջորդ օրն արդեն կռվի դաշտում՝ զոհվել։ Սևակի զոհվելու լուրը ընտանիքին հայտնել է նրա ծառայակից պայմանագրայիններից մեկը՝ մոտ չորս օր անց։ Ըստ ականատեսների՝ նա մահացել է դիպուկահարի կրակոցից։ Վերջին անգամ ընտանիքի գրեթե բոլոր անդամների հետ հասցրել էր խոսել։

Սևակը պայմանագրային ծառայող էր՝ հետախույզ։ Ռազմական գործողություններին մասնակցել է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում։

Արցախյան այս պատերազմին Բաղրյանների ընտանիքի երեք որդիներն էլ մասնակցել են՝ Սևակը, Սարիկը, Պարգևը։ Ամենից շատ ընտանիքն անհանգստացել է Սևակի համար. տաքարյուն էր և չնահանջող։ «Սևակի մահվան մասին տանեցիները շուտ գիտեին, ինձ չէին ասում։ Մյուս տղայիս հենց ասում էի՝ Սարիկ, Սևակից բան ասա, ի՞նչ լուր ունես, ասում էր՝ մամա, տեղս լավ չի, հարցեր մի տուր։ Ասում էի՝ էս ի՞նչ եղբայր ա, եղբորից հարցնում եմ, ասում ա՝ տեղս հարմար չի… Ի՞նչ իմանայի, որ Սևակը էլ չկա….»,-պատմում է Մարինե Բաղրյանը։

Ամիսներ առաջ Սևակը Ուխտաձորում տուն էր վերցրել, պետությունը՝ որպես բազմանդամ ընտանիքի, նրանց համար այդ տունը պետք է գներ։ Սևակը տուն տանող ճանապարհ էր սարքել, տան նորոգման աշխատանքներն արել, պատրաստվում էր ամուսնանալ։ Տան այգու համար որոշել էր տատիկի այգուց ծառեր բերել։ Տատը՝ Մարգո Բախշյանը, որ 20 թոռ ունի, Սևակի անունը տալիս արտասվում է։ 

«Մեր ցեղից էդքան մարդ գնաց կռիվ, բայց սաղս ամենաշատն ասում էինք՝ վայ, տենաս Սևակն ու՞ր ա, ո՞նց ա… բոյով էր, չէր մտածում, առաջ էր գնում։ Վերջին օրը, որ մերն ասել էր՝ լացում եմ անընդհատ, զանգել էր, ասեց՝ մի լացի տատի ջան, ամեն ինչ լավ ա, ես լավ եմ»,-թոռան հետ վերջին խոսակցությունը վերհիշում է Մարգո Բախշյանը։

Սևակը երբեք չէր տրտնջում բարեկամներին օգնելիս, սիրում էր եղբոր որդիների հետ խաղալ ու իր կարմիր մեքենան վարել։ Մեքենան թողել էր Ջաբրայիլում և դիրքեր բարձրացել, հետագայում, երբ այդ տարածքից հեռացել էին, մեքենան մնացել էր ադրբեջանական վերահսկողության տակ։ Մայրը որդուն խոստացել էր՝ պատերազմից վերադառնա նոր մեքենա կգնեն նրա համար։

Մեկնաբանություններ (1)

joe
Non of this makes sense. where was the Armenian army in all of this? These were all Artsakh soldiers left to defend themselves . Pashinyan is a traitor. HE represents losing and betrayal. He cant be trusted ever..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter