HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քաղաքաշինության նախարար․ «Արցախում նոր բնակավայրեր կհիմնվեն»

Արցախում հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանում է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Պարոն նախարար, այս պահին Արցախի կառավարության միջոցով ի՞նչ ծրագրեր են իրականացվում բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։

Այս պահին վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ են ընթանում Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով։ Ենթակառուցվածքների վերանորոգում և վերակառուցում է ընթանում։ Պիլոտային երկու ծրագիր ենք սկսել՝ 5 և 25 (ընդհանուր՝ 30) նոր բնակելի տների կառուցման։ Այս տարի երևի թե այդքանով կսահմանափակվենք՝ պայմանավորված տարեվերջի և եղանակային պայմաններով։ Առաջին փուլով աշխատանքներ ենք իրականացնում տանիքների, պատուհանների, մուտքի դռների վերականգնման ուղղությամբ, որպեսզի բնակարաններում ջերմության խնդիր չլինի։ Երկրորդ փուլով սկսելու ենք ներքին հարդարման աշխատանքները։

Ո՞ր ենթակառուցվածքները հրատապ նորոգման կարիք ունեն։

Ճանապարհի հարցում ունենք 3 կամրջի վերանորոգում, որոնք դեռ սկսված չեն, որոշ նյութեր բերված են, բայց դեռ աշխատանքները սկսված չեն, բայց դա չի խոչընդոտում երթևեկությանը։ Մնացած ճանապարհների սպասարկման աշախատանքները ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ հիմա շարունակվում են, սպասարկվում են։

Կա՞ն կապիտալ ծրագրեր, որոնք դադարեցվել են, և ֆինասավորումն ուղղվել է այլ՝ հրատապ ծրագրերի իրականացմանը։

Ես կասեի՝ ոչ թե ֆինանսավորման խնդիր է եղել, այլ ծրագիրը հետ է ընկել զուտ պատերազմական գործողությունների հետևանքով, ինչու չէ՝ նաև ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Այո, կան ծրագրեր, որոնք որոշակիորեն հետ են ընկել և, կարծում եմ, մի քիչ էլ փոխելու ենք ծրագրերի ուղղությունները առաջիկայում։ Ընթացքում որ քննարկումներ լինեն, ավելի հստակ կասեմ։

Վնասված կամ ամբողջությամբ ավերված տների ամփոփ տվյալներ կա՞ն ձեր ձեռքի տակ։ Ամփոփվա՞ծ է պատկերը։

Ունենք 2800 միավոր օբյեկտ, որի մեջ կարող է լինել մեկ բազմաբնակարան շենք, որի մեջ ընդգրկվել է, օրինակ, 15 բնակելի տուն, բայց դա մենք որպես մեկ միավոր օբյեկտ ենք հաշվարկել։ Ավելի քան 2800 օբյեկտ ունենք, որ արդեն ֆիքսված է, որում ընդհանուր գույքագրման աշխատանքներ են ընթանում, որպեսզի վնասի չափն էլ մինչև տարեվեջ պարզենք։

Քաղաքացիները դիմումնե՞ր են գրում այս ընթացքում, թե կառավարությունն ինքն է գնում քաղաքացիներին ընդառաջ։

Քաղաքացիները դիմում են, կոնկրետ Ստեփանակերտում ունենք 3000-ից ավելի դիմում՝ կապված հրետակոծության հետևանքների վերացման աշխատանքների հետ։ Մոտ 1400 դիմում նախարարության կողմից ուսումնասիրվել է, ու շինարարական աշխատանքներն արդեն իսկ սկսված են, չեն դադարելու, շարունակելու ենք մինչև այդ աշխատանքները կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնենք։

Այս ընթացքում բարեգործական կազմակերպություններ կլինեն, որոնք օժանդակում են քաղաքաշինական ծրագրերին։ Այդպիսի ի՞նչ ծրագրեր են այժմ ընթանում։

Այսպիսի հաստատված երեք ծրագիր ունենք «Ավրորա» մարդասիրական կազմակերպության հետ։ Մեկը՝ Ստեփանակերտում, մյուսները՝ Մարտունիում և Մարտակերում։ Մանկապարտեզ և դպրոց են վերանորոգելու։

Ծննդատան վերակառուցման համար ՌԴ–ից հայ գործարար Սամվել Կարապետյանը խոստացավ աջակցություն ցուցաբերել։ Արդեն օգնու՞մ են։

Որ խոստացել են՝ կանեն, առայժմ դեռ հաշվարկներն ենք անում, թե վերականգնման համար ինչ աշխատանքներ, ինչ գումարներ են անհրաժեշտ։

Վերջին օրերին խոսվեց ՌԴ-ի աջակցությամբ Արցախում 8000 տուն կառուցելու ծրագրի մասին։ Կմանրամասնե՞ք։

Մանրամասներ չկան, որ մանրամասնեմ։ Մենք տվել ենք հայտ տան համար, ՌԴ կառավարությունում քննարկումները գնում են։ Դեռ կոնկրետ պատասխան չկա, բայց Ռուսաստանի Դաշնությունից երկու խմբաքանակ հումանիտար օգնության շրջանակում շինանյութ ստացել ենք։ 

Այսինքն, ձեզ համար էլ պարզ չի այդ 8000 տան ծրագիրն ինչպես և որտեղ է իրականացվելու։

Այդ հարցը թողնենք ապագային, բայց մենք հուսով ենք, որ ամեն ինչ էլ լինելու է։

Նոր բնակավայրեր հիմնելու ուղղությամբ քննարկումներ կա՞ն Արցախի կառավարությունում։

Այո։ Արդեն առաջին մի քանի համայնքներում գեոլոգիական, գեոդեզիական աշխատանքներ իրականացվել են։ Որոշակի էսքիզային պլաններ կան, մինչև տարեվերջ պլանավորում ենք արդեն փաթեթների պատրաստումն ու մյուս տարվա ծրագրերում պետք է հասկանանք՝ ինչպես ենք իրականացնելու։ 

Ո՞ր համայնքների տարածքներում է ծրագրվում նոր բնակավայրերի ստեղծումը։

Իվանյանում, Հովսեփավանում, Նորագյուղում, Բերքաձորում, Վարանդայում (Մարտունու շրջանի), Սխտորաշեն, Կարմիր Շուկայի հատվածում, Ասկերանի շրջանի գյուղերում։

Այդ համայնքները կընդլայնվե՞ն, թե առանձին բնակավայրեր կստեղծվեն։

Այս պահին հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դա կախված է լինելու այդ ամենը կառուցելու, զուտ տեխնիկական հնարավորությունից։ Այսինքն, կա՞ համայնքը մեծացնելու հնարավորություն, թե՞ նոր համայք կողքը կառուցելու։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանն էլ կունենանք։

Քաղաքաշինական ոլորտում այս փուլում ի՞նչ խնդիր կա։

Ես ուզում եմ ՀՀ-ից շինարարական կազմակերպությունները գան Արցախ, օր առաջ մեզ օգնեն, որպեսզի այս ամեն ինչը ավելի արագ տեմպերերով վերականգնենք։ Վճարումները մենք երաշխավորում ենք։ Եղած աշխատուժը չի բավականացնում։ Ծավալն ավելի մեծ է, ունենք անընդհատ խնդիրներ։ Կոչս է ՀՀ բոլոր շինարարական կազմակերպություններին՝ աջակցել մեզ։

Լուսանկարը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter