
Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին այլընտրանք չկա
Խորհրդարանական ընդդիմության օրակարգում կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է: Այսօր` դեկտեմբերի 11-ին հրավիրված խորհրդարանական ճեպազրույցներին իրենց համոզմունքը հայտնեցին թե' «Բարգավաճ Հայաստանի», թե' «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները, որոնցից առաջինը փողոցային պայքար է մղում, երկրորդը` խորհրդարանական:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են իրենք ներկա եղել Կառավարության հետ հարցուպատասխանին և փողոց դուրս չեն գալիս, ասաց, որ օրենքով նախատեսված խորհրդարանական ողջ գործիքակազմն օգտագործելու են:
Մարուքյանի խոսքով, երբ նախկին հարցուպատասխանին չեն մասնակցել, արժանացել են իրենց ընտրողների դժգոհությանը, թե՝ ձեզ ընտրել ենք մեզ հուզող հարցերը բարձրաձայնելու համար:
«Եթե չգնայինք, սահմանազատման, GPS-ով սահման գծելու հարցերն ո՞վ էր տալու: Խորհրդարանական ուժ ես, երկրի թիվ մեկ ամբիոնը թողնենք ու՞ր գնանք, նիստին մասնակցելը որևէ բան չի փոխում մեր պահանջների իմաստով: Մի բան է՝ տեղից նստած բան գրելը, մեկ այլ բան` վարչապետի աչքերի մեջ նայելով հրաժարականից հարցնելը»,-ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե հանրային պահանջ կա, որ ընդդիմությունը վայր դնի մանդատները, և այդ կերպ խորհրդարանը լուծարվի, Մարուքյանն արձագանքեց` նման հանրային պահանջ չկա։ Մարուքյանը հիշեցրեց, որ եթե իրենք վայր դնեն մանդատները, ապա մանդատ են ստանձնելու իրենց ցուցակում ընդգրկված հաջորդ անձինք, հետևաբար խորհրդարանը չի կարող լուծարվել: Ըստ Մարուքյանի կանխատեսումների` ամենաուշը վեց ամսվա ընթացքում լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է խորհրդարանական նիստերի աշխատանքը, նրանք փողոցային պայքարին են մասնակցում: Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով, դեռ վաղ է գնահատական տալ՝ իրենց պայքարն արդյունք տվե՞լ է, թե ոչ, ասում է` այն դեռ ընթացքում է ու վստահ է, որ հաջողելու են:
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլընտրանք չունի: Այսօր, երբ Արցախի տարածքի 75% կորստից հետո վտանգված են Հայաստանի սահմանները, Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդիսանալ Հայաստանի անվտանգության երաշխավոր: Մեր պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով»,-ասաց Տոնոյանը:
Պատգամավորը բացառեց Փաշինյանի պաշտոնավարումը հետագա ամիսներին: Անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմությանը սակավաթիվ մարդիկ են սատարում, Իվետա Տոնոյանն ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը սկսում էր իր քայլերթը, ընդամենը մի քանի տասնյակ աջակից ուներ:
«Իմ քայլը» խմբակցության անունից ճեպազրույցներին ներկա էին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Թունյանը ներկայացրեց քառօրյայի օրակարգը, ընդունված նախագծերը` ընդգծելով, որ հաստատվել է նաև 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը, առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուսակցությունների մասին» օրենքը, որի համահեղինակը Համազասպ Դանիելյանն է:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում Հայաստանի բոլոր նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տարբեր հասարակական ու քաղաքական, մշակութային գործիչներ, ԵՊՀ գիտխորհուրդը, արդյոք, ըստ իրենց, նրանք ժողովուրդ համարվում են, Բաբկեն Թունյանն արձագանքեց` ժողովրդի մի հատվածն են: Համազասպ Դանիելյանն էլ ասաց` այդ հարցին տարբեր արձագանքներ են եղել, իսկ «ով է ժողովուրդը» հարցի պատասխանը կարելի է գտնել Սահմանադրության մեջ, ձևավորման երաշխիքն էլ ընտրություններն են:
Դանիելյանը նաև հիշեցրեց, որ տարեսզկբին քննարկման կներկայացվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնց վրա ևս իր գլխավորած աշխատանքային խումբը աշխատում է, և սպասելի է, որ այն մեկ-երկու ամսվա ընթացքում կընդունվի:
Մեկնաբանել