HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկում. ԲՀԿ պատգամավորների նախագիծը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը ցմահ ազատազրկում են առաջարկում պետական դավաճանության համար: Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում Քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ պետական դավաճանության և լրտեսության մասին հոդվածներում:

Ըստ գործող օրենքի` պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Պետական դավաճանությունը սահմանվում է հետևյալ կերպ` «թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»:

Լրտեսության համար գործող օրենքով սահմանված է 8-15 տարի ազատազրկում, նախագծով առաջարկվում է պատիժը սահմանել 15-20 տարի:

Լրտեսությունը օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն է առաջանում վերանայել գործող օրենքի կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:

Նշվում է նաև, որ առաջադիմական երկրների քրեական օրենսգրքերում պետական դավաճանության համար սահմանվում է բարձրագույն պատիժ: Անգլիայում պետական դավաճանության համար սահմանվում է պատիժ՝ 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում: Իսրայելում` ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: Ֆրանսիայում այլ պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերությունների ստեղծումը և պահպանումը Ֆրանսիայի դեմ ռազմական գործողություններ կամ ագրեսիայի ակտ առաջացնելու նպատակով պատժվում է 30 տարվա ազատազրկմամբ:

Ըստ նախագծի հեղինակների` փոփոխությունների ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար:

Նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեկտեմբերի 8-ին: Հիշեցնենք, որ այն դեռ նախագիծ է և օրենքի ուժ ստանալու համար նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, ապա ընդգրկվի նիստերի օրակարգ և քվեարկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter