HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշ ամրոցում պեղումներ կիրականացվեն

Կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար:

Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության տեղեկացմամբ՝ այդ միջոցները նախատեսված են Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ կատարելու համար: Աշխատանքներն իրականացվելու են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից, պեղման աշխատանքներում կներգրավվի նաև տեղի բնակչությունը։

«Տավուշ ամրոցի տարածքում ամռանը կատարված դիտարկումը ցույց է տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, նրա հյուսիսարևելյան լանջին պահպանված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը: Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ hushardzan.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter