HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական կենտրոնում դատապարտյալն ապօրինի ձեռք է բերել թմրամիջոց

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, դատապարտյալի պահպանությունն իրականացնող պահակախմբի անդամների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 9-ին դատապարտյալը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է:

Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում վերջինիս պահպանությունն իրականացնող պահակախմբի անդամները, ըստ ՔԿ-ի, դատապարտյալի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մշտական հսկողություն չեն ապահովել նրա վարքագծի նկատմամբ, չեն բացառել նրա հաղորդակցումը բուժման հետ անմիջական կապ չունեցող բուժանձնակազմի և այլ անձանց հետ, չեն ապահովել հիվանդասենյակում նրա գտնվելը, թույլատրել են ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից, տեսակցել իր մտերիմներին և արգելված իրեր փոխանցել:

Պահակախմբի անդամների կողմից դիտավորությամբ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, այն է՝ հիվանդասենյակում մշտական հսկողության բացակայության, իր մոտ բջջային հեռախոսի առկայության պայմաններում դատապարտյալին հնարավորություն է ընձեռվել անարգել կապ հաստատել և տեսակցել այլ անձանց հետ, ինչի արդյունքում վերջինս ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի՝ 16.61 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, ապօրինի պահել իր մոտ և 2019թ. նոյեմբերի 11-ին երեկոյան փոխադրել քրեակատարողական հիմնարկ, որտեղ հիմնարկի ծառայողների կողմից կատարված անձնական զննությամբ այն հայտնաբերվել և վերցվել է:

«Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ավելի վաղ պահակախմբի անդամներին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով, որի նախաքննություն ավարտվել է դեռևս 2020թ. հունվարի 20-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter