HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Վահե Էնֆիաջյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանում թագավարակով պայմանավորված ճգնաժամի, ինչպես նաեւ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետո ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:

Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Այս համատեքստում նա  կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խորհրդարանի փոխնախագահն ընդգծել  է Հայաստանի համար առաջնային դարձած խնդրի՝ գերիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցում ՄԱԿ-ի գործուն մասնակցությունը:

Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրի առնչությամբ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել դրանց նկատմամբ իրականացվող վանդալիզմի դեմ պայքարը՝ հույս հայտնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես ջանքեր կգործադրի պատմամշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է նաեւ կառույցի դերը հետպատերազմական իրավիճակը կարգավորելու գործընթացներում:

Շոմբի Շարփը  նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը փորձում է հնարավորինս օգտակար լինել Հայաստանի համար ստեղծված դժվարին ժամանակների համար: Նա տեղեկացրել է, որ կառույցը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում:  Շոմբի Շարփն անդրադարձել է մարդու իրավունքների խախտմանը, ապօրենի զենքի  եւ կասետային  ռումբերի օգտագործմանն ու դրանց վերաբերյալ իրականացվող փաստահավաք աշխատանքներին,  Արցախին ցուցաբերվող մարդասիրական առաքելությանը: Մշտական համակարգողի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստվում է շարունակել իր առաքելությունը՝ հակամարտությունից տուժված անձանց մարդասիրական օգնություն  ցույց տալու համար:  Շոմբի Շարփը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Ազգային ժողովի միջեւ  համագործակցության խորացումը ընդգծելով փոխգործակցության առանցքային նշանակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter