HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ժառանգություն», ԲՀԿ եւ ՀՅԴ-ական թեկնածուները հրաժարվել են ընտրապայքարից

41 ընտրատարածքներից նիստեր չեն գումարել եւ թեկնածուներին չեն գրանցել միայն 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ նիստեր չեն հրավիրել թիվ 9-ը, 13, 16, 17, 21, 32 եւ  37 ընտրական հանձնաժողովները:

Այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքի ԲՀԿ-ական թեկնածու, «Ավտոսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը: Նա որոշել էր ընտրապայքարի մեջ մտնել ինքնառաջադրմամբ:

Այսօր հրավիրված նիստով թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովը չի գրանցել «Էյ-Ի- Ջի» ՍՊԸ-ի փականակագործ, անկուսակցական Աշոտ Ճանճապանյանի թեկնածությունը:

Թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովն այսօր գրանցել է ներկայիս պատգամավոր Սեդրակ Սարոյանի (գեներալ Սեյրան) թեկնածությունը: Նրա մրցակից թեկնածուն՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ), թեեւ տարբեր մարմիններին ուղղված դիմումներով ահազանգում էր, որ Սեդրակ Սարոյանը ավելի քան 10 ամիս Հայաստանում մշտապես չի ապրել, այնուամենայնիվ, թիվ 19 հանձնաժողովն այսօր գրանցեց գործող պատգամավորի թեկնածությունը:

Ստացվում է, որ այս ընտրատարածքում միմյանց դեմ պայքարելու են ՀՀԿ անդամներ, նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կազմակերպության կազմակերպիչ Հակոբ Վարշամի Հակոբյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը:

ԿԸՀ-ի տվյալներով՝ այսօր ինքնաբացարկ է ներկայացրել Մրգաշատի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Ատոմ Պետրոսյանը: Նա առաջադրվել էր Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքում:

Մարզի մեկ այլ՝ թիվ 21 ընտրատարածքում, ինքնաբացարկ է հայտնել «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Գագիկ Մարգարյանը:

Ընտրապայքարի մեջ մտնելու մտքից հրաժարվել է Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում առաջադրված «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀԿ անդամ Վահագն Հակոբյանը:

Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի հետ ընտրապայքարից հրաժարվել է նաեւ Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքում առաջադրված Մանուկ Հակոբյանը: Նա Աբովյանի քաղաքապետի օգնականն է: Ինչպես հայտնի է, Աբովյանի քաղաքապետը հենց Մուրադ Գուլոյանի որդին է:

Վայոց ձորի մարզի թիվ 39 ընտրատարածքում ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի վիրաբույժ, ՀՅԴ անդամ Սամվել Բաբայանը:

Նախատեսվում է, որ վաղը նիստեր կգումարեն նաեւ վերը նշված ընտրատարածքային հանձնաժողովները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter