HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հադրութցի երիտասարդը օնլայն գրախանութի գործունեությունը կվերսկսի Հայաստանում

22-ամյա Հենրիխ Հարությունյանը Հադրութի շրջանի Այգեստան գյուղից է: Նա Արցախում 2020 թվականի մայիսի 7-ին հիմնեց «Արցախ բուքս»-ը, որտեղ զբաղվում էր գրքերի, նոթատետրերի, գրենական պիտույքների օնլայն վաճառքով: Տեսնելով, որ գրքերի պահանջարկը մեծ է հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Հենրիխը պատերազմից մեկ ամիս առաջ այնտեղ գրախանութ բացեց: Այն այս պահին միայն օնլայն է գործում, բայց Հենրիխը հավաստիացնում է՝ Ստեփանակերտի գրախանութը նույնպես կշարունակի աշխատանքը։ 

Նրա տունը հիմա թշնամու ձեռքում է: Հադրութցի ընտանիքը, ստիպված թողնելով սեփական բիզնեսն ու տունը, բնակություն է հաստատել Էջմիածնում: Տան իրերն ու փաստաթղթերի մի մասն այդպես էլ չի հաջողվել բերել:

Հենրիխը որոշել է բիզնեսը վերսկսել Հայաստանում, քանի որ առայժմ Արցախ վերադառնալ չի կարող: 

Նա մասնագիտությամբ ծրագրավորող է: Սովորում է Արցախի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնի 3-րդ կուրսում: Այժմ դասերին օնլայն է մասնակցում։

Հենրիխն ասում է, որ բիզնեսն առավոտից մինչև երեկո իր ուշադրության կենտրոնում է։

Հետաքրքրվում եմ, թե ինչպես էր հասցնում դասերի հետ համատեղել։ Ծիծաղում է ու ասում․ «Նույնիսկ դասերի ժամանակ էի պատվերներ ստանում, նամակներին պատասխանում, մի կերպ հասցնում էի»։

Իր խոսքով՝ համագործակցում է գրեթե բոլոր մեծ հրատարակչությունների հետ։

«Էսքանը չէր լինի, եթե հրատարակչությունների հետ ռիսկ չանեի պայմանավորվել, վիճել գնի շուրջ․․․ ստացվեց։ Մտածեցի՝ եթե էդքանը արել եմ, պիտի մինչև վերջ շարունակեմ»,- ասում է նա։

Հենրիխին գրախանութի գործերում օգնում է նշանածը՝ Անուշ Գրիգորյանը: Անուշենց գյուղը՝ Խաչմաչը, դարձել է սահմանամերձ:

Նրա ընտանիքը մի քանի օր առաջ արդեն վերադարձել է Արցախ: Իսկ ինքը՝ Անուշը, չգիտի՝ կվերադառնա՞ Արցախ, թե ոչ, քանի որ Հենրիխն այժմ Հայաստանում է։

Հարցնում եմ, թե ինչպես են ծանոթացել: Հարցիս որոշում է պատասխանել Անուշը:

Պատմում է, որ համալսարանում են հանդիպել, հետո մի քանի անգամ գրելուց և զանգելուց հետո Հենրիխը Անուշենց շենքի դիմաց է եկել՝ նրան տեսնելու։

«Ես էդ ժամանակ վարձով էի ապրում, 1-ին հարկում էի, դուռը բացեցի, տեսնեմ շենքի մուտքի մոտ կանգնած ա, հետ մտա տուն, բայց քննությունից ուշանում էի, մի 10 րոպե էր մնացել, գնացի, ինքն էլ իմ հետևից եկավ: Քննությունից հետո միասին գնացինք պաղպաղակ ուտելու, էդպես սկսվեց»։

Հենրիխը Երևանում  գրախանութ բացելու մասին դեռ չի մտածում, թեեւ նույնիսկ պատերազմի ժամանակ Հայաստանից պատվերներ էր ստանում։ Պատվերների 2-5 %-ն այստեղից էր։ Նա հաճախորդներին հիմնականում հայ գրողների գրքերն է խորհուրդ տալիս: Ըստ Անուշի՝ արցախցիների մեծ մասը հոգեբանական և մոտիվացիոն գրքեր է նախընտրում։

Հենրիխի սիրելի գիրքը Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունն» է։ Ասում է՝ գուցե շատերի համար այդ գիրքը բարդ է, և ոմանք կարծում են, թե այն մեծահասակների համար չէ, բայց մի շնչով է կարդացել այն ու մի քանի անգամ վերընթերցել։  

Շատ գրքերի պատվերներ այդպես էլ հնարավոր չի եղել կատարել։ Հենրիխն ասում է, որ պատերազմի հետևանքով շատերի ընտանիքներում զոհեր են եղել, դրա համար էլ չկատարած պատվերների համար նրանց չի անհանգստացնում։ 

Բարեբախտաբար, Ստեփանակերտի խանութը պայթյուններից չի վնասվել, բայց գրախանութի աթոռները գողացել են։ Մինչ այդ, Հենրիխի հայրը հասցրել էր գրքերը հանել խանութից։

Պատերազմի օրերին Հենրիխը մասնակցել է Հադրութի պաշտպանությանը։ 

«Առաջ մեծերն ասում էին՝ դուք պատերազմ չեք տեսել, հիմա ասում են՝ դուք ավելի շատ բան տեսաք, քան մենք»,- ասում է նա։

Նրա հորեղբայրը՝ Աշոտը, պատերազմում զոհվել է։ Հենրիխի խոսքով՝ հորեղբայրը բանակին նվիրված սպա էր, ընտանիքն ու բանակն իր համար հավասար էին։ Իր կամքով գնացել է Շուշի։ Այնտեղ էլ զոհվել է։ 

«Շատ դժվար էր իր մահն ընդունելը։ Երևի մոտ մեկ շաբաթ իրեն չէինք գտնում։ Սկզբից սխալ ինֆորմացիա էին տվել, որ վիրավորվել է, տեղափոխել են Վարդենիս, տարբեր հիվանդանոցների անուններ էին տալիս։ Մենք էլ մեզ հույս էինք տալիս ու հիվանդանոցներում էինք ման գալիս, հետո զանգեցին, ասեցին՝ ոչ թե հիվանդանոցում ա, այլ՝ դիահերձարանում»։

Աշոտի ընտանիքը՝ կինն ու երկու որդիները, հիմա Երևանում բարեկամի տանն են ապրում: 

Հենրիխենց գյուղը՝ Այգեստանը, մոտ 250 բնակիչ ուներ: Հիմնականում հողագործությամբ էին զբաղվում։ Մինչ պատերազմը գյուղի ճանապարհներն էին վերանորոգում, դա էլ կիսատ մնաց։ Հենրիխն ասում է՝ բացի էկզոտիկ մրգերից, այնտեղ գրեթե ամեն ինչ կար․ «Մեր այգում էլ ամեն ինչ կար: Գյուղում ընկուզենիներ շատ կան։ Մի գետ կար, որը կոչվում էր Ընկուզագետ, քանի որ ողջ երկայնքով ընկուզենիներ էին։ Մարդիկ իրանց մեջ ծառերը բաժանել, տիրություն էին անում»։

Իրենց տունն ու գյուղը շատ է կարոտել։ Ասում է՝ եթե հնարավորություն ունենան և բնակարանի հարցը լուծված լինի, անպայման Արցախ կվերադառնան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter