
ՌԴ ԱԻՆ-ը Արցախ կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկաթուղային ճանապարհով Արցախ կուղարկի մոտ 1200 տոննա հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն։ Ուղարկումը կիրականացվի Ռուսաստանի ութ քաղաքներից։ Բեռի կազմում առկա են շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռներ և կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ մոտ 1200 տոննա»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ օգնությունն ուղարկվում է նաև Մոսկվայից, Տիխորեցկից, Ուլյանովսկից, Իվանովոյից և Ուֆայից։ Հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներն անցել են պլանային փուլ, որի համար գործի է դրվել նաև երկաթուղային տրանսպորտը։ Հումանիտար օգնության առաքումն իրականացվում է Ռուսաստանի նախագահի և կառավարության համապատասխան հանձնարարականների հիման վրա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել