HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարդան Այվազյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել

Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր   Վարդան Այվազյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացրել, որից հետո նա ձերբակալվել է իշխանության յուրացման փորձ կատարելու կասկածանքով։

Այս պահին հերթապահ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր Նորքի նստավայրը, այսինքն՝ ձերբակալման դեմ բողոքը այս դատարանի դատավորներից մեկին կմակագրվի։ Հաջորդ շաբաթ, այսինքն՝ դեկտտմբերի 14-ից հերթապահը Ավան և Նոր Նորք նստավայրն է։ Միհրան Պողոսյանը վստահ է, որ քննչական մարմինը Կենտրոն և Նոր Նորք նստավայրի հերթապահության ժամանակ Այվազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու դատարան, ըստ որում՝ նրա ձերբակալման դեմ բողոքի քննությունը ձգձգվելու է այնքան, մինչև այն կալանավորման միջնորդության հետ միասին՝ նույն դատավորի կողմից քննվի։

«Բողոքը ուշ են մուտքագրելու, և դրա քննարկումն այնքան ժամանակ չի ավարտվելու, մինչև  կալանավորման միջնորդություն ներկայացվի, իսկ եթե բողոքի քննությունը չի ավարտվել, ապա կալանավորման միջնորդությունը նույնպես  մակագրվելու է նույն դատավորին։ Հակառակ պարագայում խնդիր կառաջանա գտնել երկու «սրտի դատավոր»․ մեկը՝ ձերբակալման որոշումը քննարկելու համար, մյուսը՝  կալանքի միջնորդությունը»,-ասաց  Միհրան Պողոսյանը։

Պաշտպանն ասում է, որ Կենտրոնի նստավայրում ևս իրենց աշխատանքը պատշաճ կատարող դատավորներ կան, բայց միևնույն ժամանակ հիշեցնում այս դատարանում աշխատող մի քանի դատավորների վերաբերյալ մամուլում առկա հրապարակումներ, որտեղ նրանց քննադատում են,  բացասական լույսի ներքո ներկայացվում։

Անդրադառնալով Վարդան Այվազյանի ձերբակալման հանգամանքներին՝ Միհրան Պողոսյանն ասաց,  որ  ձերբակալման արձանագրության մեջ նշված է, թե  նա ծանոթներից մեկի և ինքնությունը չպարզված այլ անձանց հետ  նախնական համաձայնության գալով՝ կազմակերպել է բռնություն գործադրելու, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ Ազգային  ժողովի, Կառավարության լիազորություններին տիրանալը, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել՝  նրանց կամքից անկախ հանգամանքներում։

«Մենք մեր դատավարական  իրավունքներից ցանկանում էինք օգտնվել, և խնդրել ենք կասկածանքի էությունը պարզաբանել։ Մասնավորապես՝ ի՞նչ ասել է, թե կազմակերպել է իշխանության յուրացման  փորձը, ո՞ր իշխանության յուրացման մասին է խոսքը, ի՞նչ գործողություններ են դրան վերաբերում, սակայն քննիչը որևէ գործողության վերաբերյալ պարզաբանում չի տվել»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Պաշտպանն ասում է, որ իրենց միայն կռահել են, որ խոսքը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները կազմակերպելուն է վերաբերում, քանի որ իրենց հասանելի դարձած  այլ դատավարական փաստաթղթերից ակնհայտ է, որ Վարդան Այվազյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հենց այդ դեպքերի առնչությամբ։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերն, այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել, մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասը մտել է Ազգային ժողովի շենք, իսկ մարդկանց մի խումբ էլ մուտք է գործել վարչապետի կեցավայր, այնտեղից օծանելիք ու ժամացույց վերցրել։ Այս դեպքերի առթիվ գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում, և դրա շրջանակներում քննություն է տարվում նաև իշխանության յուրացման փորձի վերաբերյալ։

Այվազյանի ձերբակալելու հիմքերից մեկն, ըստ Միհրան Պողոսյանի, այն է, որ ականատեսն ուղղակի մատնանշում է Վարդան Այվազյանին որպես հանցանք կատարողի։ Պաշտպանն ասում է, որ նման բան լինել չի կարող․ Վարդան Այվազյանը որևէ հանցանք չի կատարել, որ դրան որևէ մեկն ականատես լիներ։ Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ձերբակալման արձանագրության մեջ նման հիմք է նշված եղել,  և, գուցե ինչ-որ անձ կեղծ տեղեկություններ է հայտնել, պաշտպանական կողմը միջնորդել է այդ անձի հետ անհապաղ առերես հարցաքննություն իրականացնել, ինչը, սակայն, քննիչը  չի իրականացրել։

Պաշտպանի խոսքով՝ Վարդան Այվազյանի բնակարանից նրա վերաբերյալ գործին առնչվող որևէ իր, փաստաթուղթ չի հայտնաբերվել։ Մեր հարցին՝ արդյոք Այվազյանի բնակարանից հայտնաբերվե՞լ են որսորդական հրացաններ, պաշտպանը պատասխանեց, որ այդպիսիք հայտնաբերվել են, սակայն դրանց արգելված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ այս պահին հայտնի չեն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter