HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում մահապատժի են ենթարկել ընդդիմադիր լրագրողի. նա մեղադրվում էր անկարգություններ հրահրելու մեջ

Իրանում մահապատժի է ենթարկվել ընդդիմադիր լրագրող, որը մեղադրվում էր Telegram հավելվածի միջոցով անկարգությունների հրահրման մեջ։ Այդ մասին գրում է BBC-ն։ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Ռուհոլլա Զամը կախաղան է բարձրացվել շաբաթ՝ դեկտեմբերի 12-ին, այն բանից հետո, երբ Իրանի բարձրագույն դատարանը ուժի մեջ էր թողել մահապատժի դատավճիռը։

Դեռևս անհայտ է, թե ինչպես է ձերբակալվել Զամը, որը բնակվում էր Ֆրանսիայում։ Որոշ տվյալներով՝ նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ նախորդ տարի ժամանել էր Իրաք։ Զամը ղեկավարում էր ընդդիմադիր Amadnews լրատվամիջոցը։ 

Իրանն այս լրատվամիջոցին մեղադրում է 2017-2018 թվականներին երկրում բողոքի ցույցերի հրահրման մեջ։ Պարբերականը, որը Telegram-ում ունի ավելի քան 1 միլիոն հետևորդ, տեսանյութեր է տարածել բողոքի ցույցերի և իրանցի պաշտոնյաների գործողությունների մասին։ Իրանի կառավարության կողմից կայքի փակումից հետո այն վերաբացվել է նոր անվանումով։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Զամը դարձել է «անարդար դատական գործընթացի զոհ, որը հիմնված է ճնշումների տակ տրված ցուցմունքների վրա»։ Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանի բարձրագույն դատարանի որոշումն անվանել էր «Իրանում ազատ խոսքի և մամուլի ազատության վրա լուրջ հարձակում»։ Ֆրանսիան Զամին քաղաքական ապաստան էր տվել, երբ նա Իրանում 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալվել էր։ 

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դեռ այս տարվա սկզբին հայտարարել էր, որ կիրառել է հետախուզության ժամանակակից մեթոդներ և նորարարական տակտիկա, ինչը հնարավորություն է տվել «խաբել» արտասահմանյան հատուկ ծառայություններին և ձերբակալել Զամին։ Տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Զամը գտնվել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ուժերի պաշտպանության տակ։

Associated Press գործակալության տվյալներով՝ կալանավորված Զամին ցուցադրել են իրանական հեռուստատեսությամբ, որի ժամանակ վերջինս ներողություն է խնդրել իր գործողությունների համար։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter