Նախատեսվում է ընդլայնել բուժօգնություն և սպասարկում իրականացնողների պարտավորությունները
Վարչապետի աշխատակազմը նախատեսում է ընդլայնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտավորությունների շրջանակը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ՝ նրանք պարտավոր են լինելու ավագ և միջին բուժաշխատողներին ապահովել լիազոր մարմնի կողմից հաստատված պարտադիր վարման բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով։ Իսկ չապահովելու պարագայում անգործությունը սահմանվելու է որպես վարչական զանցանք։
Վարչապետի աշխատակազմը քննարկման ներկայացրած նախագծում նշել է, որ ավագ և միջին բուժաշխատողները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից բժշկական փաստաթղթերով ապահովված չեն, զրկված են բժշկական փաստաթղթեր վարելու, դրանք լրացնելու և շրջանառելու պարտականությունից: «Մինչդեռ, բժշկական փաստաթղթերի ձեռք բերումը և բուժաշխատողին տրամադրումը պետք է իրականացվի բժշկական սպասարկում և օգնություն իրականացնող կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես ցանկացած, այնպես էլ բժշկական բնույթի փաստաթղթերը պատկանում են կազմակերպությանը, այլ ոչ թե բուժաշխատողին»,-նշված է նախագծում։
Վարչապետի աշխատակազմը վարչական պատասխանատվություն է նախատեսել նաև այս գործընթացները չկարգավորելու համար։ Մասնավորապես՝ պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով ավագ և միջին բուժաշխատողներին չապահովելու դեպքում կնախատեսվի տուգանք՝ 60-80 հազար դրամի չափով։
Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ 100-150 հազար դրամի չափով։
Իսկ պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելու դեպքում կնախատեսվի նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ: Այդ արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տուգանք 30-50 հազար դրամի չափով։
Մեկնաբանել