HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել սաներին ծեծելու համար. նա ձերբակալվել է

«Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

Ինչպես հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը, նախաքննությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի աշխատակցուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020թ. սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ։

Մասնավորապես՝ 2020թ. դեկտեմբերի 3-ին, դաստիարակը, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն և պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն, անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է դիմել ծնողներին՝ նրանց ծեծի ենթարկելու համար, չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

2020թ. դեկտեմբերի 11-ին մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է՝ մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու, հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2020թ. դեկտեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter