HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բժիշկների պակաս, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ. Արցախի առողջապահական համակարգը՝ պատերազմից հետո

Պատերազմի ընթացքում մեծ բեռ էր բաժին ընկել նաև առողջապահական համակարգին։ Այսօր՝ հետպատերազմյան շրջանում, Արցախի 17 բուժհաստատություններից 4-ն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մնացած բուժհաստատությունների շենք-շինությունները լրջորեն վնասվել են. բոլոր հիվանդանոցների պատուհանները կոտրված են, չկա մշտական էլեկտրաէներգիա, եղած ժամանակ այն տատանվում է, ինչի հետևանքով հնարավոր չի լինում շահագործել բժշկական սարքերը։ Չի բավարարում նաև բուժանձնակազմը, որոշ մասնագետներ Արցախում ընդհանրապես բացակայում են։

Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Արցախի առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ։

 

Պրն նախարար, քանի՞ բուժհաստատություն է եղել Արցախի տարածքում մինչ պատերազմը, և քանիս՞ն է մնացել հայկական վերահսկողության տակ։

17 բուժհաստատություն է, որից 4-ը մնացել է օկուպացիայի մեջ. Հադրութը, Շուշին, Քաշաթաղը և Շահումյանը, 4 շրջանային հիվանդանոց, գրեթե բոլորը կահավորված էին ու վերանորոգված, միայն Շահումյանինը վերանորոգված չէր, բայց պատրաստվում էինք արդեն, նոր մասնաշենք էինք սարքում։ Հադրութինը և Շուշիինը նորմալ հիվանդանոցներ են եղել՝ կահավորված։

Քանի՞
բուժհաստատություն է այս պահին վերսկսել բնականոն աշխատանքը։

Մնացած բոլոր 13 բուժհաստատությունները կանոնավոր աշխատում են։ Չնայած մասնագետների պակաս կա, բայց հիմնական հիվանդանոցներն արդեն հիվանդներ են ընդունում, ստացիոնարում հիվանդներ ունենք պառկած, ամբուլատորիան աշխատում է, դեղերը տրամադրվում են։

Ինչպե՞ս է այս պահին իրականացվում բնակչության առողջապահական ծառայությունների կազմակերպումը։ Ի՞նչ հիմնական խոչընդոտների եք բախվում հետպատերազմյան այս փուլում։

Առողջապահական ծառայությունների կազմակերպումն իրականացվում է հետպատերազմյան իրավիճակին համապատասխան։ Իհարկե, դժվարություններ կան այս կամ այն հիվանդանոցի գործարկման, մասնագետների առկայության, սարքավորումների, էլեկտրասնուցման, ջեռուցման հետ կապված։ Բոլորը խնդիրներ են, որոնք, իհարկե, լուծվում են, և կարող եմ ասել, որ բացի այն հիվանդանոցներից, որոնք մնացել են օկուպացված տարածքներում, մնացած 13 բժշկական հիմնարկներն այսօրվա դրությամբ գործում են։ 

Որտե՞ղ են տեղակայված այդ 13 բուժհաստատությունները։

Հիմնականը Ստեփանակերտ քաղաքում է կենտրոնացված, 13-ից 10-ը Ստեփանակերտում է։ 3 շրջանային հիվանդանոցները Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում են։

Սարքավորումների և բուժանձնակազմի ձեր նշած խնդիրները որո՞նք են։ Առաջնային անհրաժեշտության ի՞նչ սարքերի կարիք ունեք։

Բուժանձնակազմի մի մասը հետ չի եկել, մնացել է Հայաստանի Հանրապետությունում, մասնագետների մի մասի բացակայությունը մինչև այս պատերազմն էլ է եղել. կան մասնագետներ, որոնց կարիքն ունենք։ Սարքավորումների մասով՝ «Հանրապետական» կլինիկան է հիմնականում լավ սարքավորումներով հագեցած (Ստեփանակերտում է-հեղ.), իհարկե, դա չի նշանակում, որ մնացած կլինիկաները վատ վիճակում են, բայց, իհարկե, «Հանրապետական» կլինիկան մեր հիմնական, ամենագլխավոր հիվանդանոցն է։ Կարելի է ասել՝ սարքավորումների մասով պրոբլեմ չունենք։ Առանձին սարքավարումների պակաս կա մանկական հիվանդանոցում, ծննդատանը։ Ի միջի այլոց ասեմ, որ ծննդատան նոր շենքն արդեն պատրաստ էր լրիվ, արդեն պետք է տեղափոխվեին, և սարքավորումների համար տենդեր էր հայտարարված, պետք է այդ սարքավոումներն առնեին, բերեին, տեղադրեին և տեղափոխվեին հիվանդանոց, բայց այդ շենքը ևս հարվածի տակ է ընկել և այսօր անմխիթար վիճակում է, ստիպված պիտի պետությունը նորից փող ներդնի այդ հիվանդանոցը վերականգնելու և սարքավորումներով ապահովելու համար։ Մնացած բուժհաստատություններն, իհարկե, տուժել են ևսարքավորումների, ևշենքային պայմանների առումով։ Չկա մի հիվանդանոց, որ չի տուժել, մի հատ պատուհան չկա հիվանդանոցների վրա, բոլորը ջարդուփշուր են եղել, ամեն շրջանում մի 200քմ մենակ այդ ապակեպատ տարածքներն են, որ ջարդուփշուր են եղել։

Խնդիրներից է նաև հոսանքի բացակայությունը. մինչև օրս այդ հարցը Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում կարգավորված չէ։

Ստեփանակերտում լուծվա՞ծ է էլէկտրաէներգիայի հարցը։

Ստեփանակերտում էլի անջատումներով տալիս են, բայց դե, ի տարբերություն մնացած տեղերի, Ստեփանակերտը մի քիչ ավելի ապահով վիճակում է։ Հզորությունների մասով, ասենք, այդ 220 վոլտը չի պահում, շրջաններում գալիս է մինչև 150-160 վոլտի սահմաններում, այդ պայմաններում մեր սարքավորումների կեսից ավելին չի աշխատում, ինչը խնդիրներ է ստեղծում։

Իսկ պատուհանների տեղադրման և էլէկտրաէներգիայի մատակարարման հարցերի լուծումն այս պահին ընթացքի մե՞ջ են, հաշվարկվա՞ծ են ծախսերը։

Էլեկտրաէներգիայինն ընթացքի մեջ է, բայց մենք արդեն գեներատորներ ունենք դրած ևՄարտակերտում, ևՄարտունիում, ևԱսկերանում, որոնք հոսանքով ապահովում են, բայց էդտեղ մի ուրիշ խնդիր կա՝ ստաբիլիզացիա չկա, միայն հոսանք է տալիս, այդ պատճառով դրանցից սարքավորումները միացնել չի լինում։

Սարքերը կարող են փչանա՞լ։

Այո, քանի որ մեր սարքավորումները հիմնականում եվրոպական են, տատանումները բերում է նրան, որ սարքավորումների մի մասը շարքից դուրս է գալիս, ափսոս է, շատ դեպքերում հենց դրա համար էլ չենք միացնում։ Վերջերս, օրինակ, վախենում էինք ՄՌՏ սարքը միացնեինք, որ հոսանքի տատանումներից չփչանա, նորից մասնագետների հետ պետք է խորհրդակցենք, տեսնենք՝ միգուցե հնարավոր կլինի։

Պատուհանների մասով ևս ահագին ծախս է, մոտավորապես ասեմ՝ ամեն հիվանդանոցի միայն պատուհանների ծախսը կազմում է մոտավոր 6-7 միլիոն ՀՀ դրամ, էլ չեմ ասում «Հանրապետական» հիվանդանոցը, որն առանձին մի հատ շենք է, ռումբի հարվածից բացի՝ մի արկ էլ հենց հիվանդանոցի բակ է ընկել, այդ ծախսերը շատ մեծ թվեր կարող են լինել, դեռ հաշվարկը չի արվել։

Էլեկտրաէներգիայի մատակարարման հարցի կարգավորման մոտավոր ժամկետներ կա՞ն։

Դե շրջաններում որ գեներատորներ ենք դրել, իրավիճակը, կարելի է ասել, մի քիչ կարգավորում ենք, բայց, ինչպես ասացի, տատանումների հետ կապված պրոբլեմներ ենք ունենում։ Օրինակ՝ մեր հանրապետական հիվանդանոցում գիշերը տատանումների հետ կապված ջեռուցման համակարգը լրիվ անջատվում է, քանի որ էլեկտրոնային է, ինքն իրեն անջատվում է։ Ամեն օր այս նույն պրոբլեմն ունենք։

Մոտավոր ժամկետներ էլ չեն նշում, քանի որ դա կապված է միջանցքի հետէլէկտրալարերն այդ միջանցքով են անցնում, արդեն խաղաղապահների հետ են աշխատում մերոնք։

Պետական բյուջեի միջոցներով այս պահին հնարավո՞ր է հոգալ պատուհանների տեղադրման ծախսերը։ 

Մի մասը պետությունն է հատկացնում, մի մասը՝ այլ կազմակերպություններ։ Օրինակ, այդ ապակիների մասը հատկացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը, ապակիներն իրենք են հատկացրել։ Մարտունու հիվանդանոցի մասով՝ «Կարմիր Խաչը» ֆինանսական պարտավորությունները վերցրել է իր վրա։ Մարտակերտի համար ապակիները ևս տրամադրել են, աշխատանքների ֆինանսավորման հարցում նախնական պայմանավորվածություն ունենք «Ավրորա» հիմնադրամի հետ, որ իրենք ֆինանսավորելու են, մի մասն էլ, դե, պետությունն է ֆինանսավորում։

Տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումներ են եղել՝ և’ «Հայ բարեգործական ընդհանուր միության», և' «Ավորորա» հիմնադրամի, ևֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի», և’ «Կարմիր Խաչի»։

Օրինակ, «Ավրորա»-ից ասել են՝ ծրագրեր ներկայացնենք, որ իրենք ֆինանսավորեն։ Մենք առաջիկա օրերին պատրաստվում ենք ծրագրերը լրիվ կազմել, ներկայացնել։ Անհատներից էլ մենք ունենք դիմումներ, որոնք պատրաստ են օգնել, մասնավորապես՝ Ռուսաստանի մեր հայրենակիցներից։

Նշեցիք, որ խնդիրների մի մասը պայմանավորված է մասնագետների բացակայությամբ։  Ի՞նչ մասնագետների կարիք ունեք։

Մասնագետների մի մասի պակասությունը կար, մի մասն էլ ռազմական իրավիճակից ելնելով տեղափոխվել է Հայաստան ու չի վերադարձել։ Պակաս ևմանկական, ևհանրապետական հիվանդանոցներում ունենք։

Նեղ պրոֆիալվորմա՞ն բժիշկների պակաս կա։

Այո, օրինակ՝ նեոնատոլոգ, ինվազիվ կարդիոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, մանկական էնդոկրինոլոգ, մանկական նյարդաբան, մանկական սրտաբան, մանկական վնասվածքաբան, մանկական ակնաբույժ, մանկական սոնոգրաֆիստ և այլն։ Այս թվարկած մասնագետներից չկան Արցախում։

Եթե, օրինակ, չվերդառնան մասնագետները, ինչ-որ ծրագիր կա՞ անհրաժեշտ կադրերը համալրելու։

Այո, կա, Հայաստանի բուժհաստատությունների հետ փորձում ենք բանակցություններ վարել, տեսնենք՝ հնարավորություն կունենա՞ն թեկուզ մասնագետներ հրավիրենք մեզ մոտ աշխատելու։ Երկրորդ, այսպես ասած՝ «պահեստային» տարբերակը որ կա, երևի դիմենք ռուսական խաղաղապահական գերատեսչությանը. իրենք արդեն խոսք են տվել կարդիոլոգի հարցը լուծել, ասացին, որ այս շաբաթվա ընթացքում Պետերբուրգից մասնագետ պետք է գա մեզ մոտ։

Վերջերս Ռուսաստանից 60 հոգանոց բժիշկների խումբ էր եկել Արցախ։

Այո, ռուսական խաղաղապահ խմբի բուժծառայությունն է, օդանավակայանի տարածքում իրենք արդեն դաշտային հոսպիտալ են դրել։ Ես գնացել եմ, այդ հոսպիտալով շրջել եմ, տեսնեմ՝ ինչ վիճակում է այդ դաշտային հոսպիտալը։ Ասեմ՝ միջին կարգի սարքավորումներով կահավորված հոսպիտալ է, որն ապահովելու է բուժծառայություն ևիրենց աշխատողների, զինվորների համար, ևնախատեսում են բուժօգնություն նաև մեր քաղաքացիական հիվանդների համար, հիմնականում ամբուլատոր ծառայություններ են մատուցում։

Ռուս խաղաղապահ զորակազմի բուժանձնակազմի հետ համագործակցու՞մ եք։

Այո, համագործակցում ենք, համարյա ամեն օր հանդիպում ենք, իրենց մոտ էլ են հարցեր լինում։ Կովիդով հիվանդների հետազոտությունների մի մասը իրենք բերում, մեզ մոտ են անում։

Այս պահին ձեր նշած 13 բուժ հաստատությունները նշված խոչընդոտներով՝ թե' բժիշկների սակավությամբ, թե' էլէկտրաէներգիայի տատանումներով, շենքային ոչ բարվոք պայմաններով, բայց ռուս խաղաղապահների անձնակազմի և իրենց հոսպիտալի հետ համատեղ, այնուամենայնիվ, կարողանու՞մ են բուժծառայությունների պատշաճ իրականացումն ապահովել։

Այո, որևէ խուճապային տրամադրություն չունենք։ Օրերս գնացել եմ խաղաղապահների հոսպիտալ, մերոնցից քաղաքացիական մարդիկ կային, որ գնացել էին այնտեղ, դիմել էին, իրենց հարց տվեցի՝ ինչու՞ են իրենց դիմել, ասում են՝ դե, տանից մոտիկ է, եկել ենք այստեղ։ Մեր հիվանդանոցների հզորությունները, սակայն, մի 10 անգամ ավելի են, քան այդ հոսպիտալինը։

Դեղորայքի առումով ինչպիսի՞ն է վիճակը, այս պահին եղած քանակը բավարարու՞մ է։

Դեղամիջոցների մասով ներկայումս լուրջ պրոբլեմներ չկան, հիմնականում կովիդի բուժման հետ կապված դեղամիջոցների պակասություն ունենք, այսինքն՝ ոչ թե չունենք, այլ մտածում ենք՝ այս տեմպերով որ գնա, կարող է արդեն ամսվա վերջին չհերիքեն մեր դեղամիջոցները։ Պատրաստվում ենք ներկրել, չգիտենք՝ ինչքանով հնարավոր կլինի։

Դեղորայքով ապահովման նպատակով չեք համագործակցու՞մ Հայաստանի ձեր գործընկերների հետ։

Անտիկոագուլյանտների մասով կա խնդիր, մեր այսօրվա պաշարներն արդեն վերջանում են, դիմել ենք մի երկու կազմակերպություն, տեսնենք՝ ինչքան հնարավորություն կա օգնելու։ Եթե տեսնենք՝ չեն օգնում, մի բան կանենք, դեռ ունենք, ներկայումս կա։ Իսկ Կովիդի դեղերի հետ կապված մենք գիտենք, որ Հայաստանում էլ այդ պրոբլեմները կան, օրինակ՝ հակաբիոտիկների մասով։

Իսկ անհրաժեշտ այլ դեղամիջոցներ ունե՞ք։
Մնացած դեղամիջոցների մասով, հաշվի առնելով, որ պատերազմական ժամանակահատվածում բարեգործական կազմակերպությունների, կամավորների միջոցով մեզ մոտ դեղեր են եկել, դրանց պաշարը դեռևս մեզ հերիք է, այդ առումով խնդիր չունենք։

Կորոնավիրուսի համաճարակը վերահսկելի՞ է եղել այս իրավիճակում, ի՞նչ ցուցանիշներ են այս պահին։

Պատերազմական իրավիճակում մենք ևս ձեռքներս չենք ծալել, նստել, չնայած այդքան վիրավորներին։ Ճիշտ է՝ առաջին 20 օրը համարյա թեստավորում չենք արել, բայց հետո քանակը սկսել է շատանալ։ Սկզբում թեստերն ուղարկում էինք ՀՀ, բայց հետո ստիպված էինք նորից մեր լաբորատորիաները վերագործարկել։ Սեպտեմբերի 27-ից սկսած մինչև այսօր կա մոտ 800 հիվանդ։ Հիմնական մասը քաղաքացիական բնակչությունն է, մի մասն էլ, իհարկե, զինծառայողներն էին եղել, որոնք հոսպիտալում չէին էլ պառկում, տեղափոխվում էին միանգամից ՀՀ, բայց մեր ինֆեկցիոն հիվանդանոցում թեկուզ այս պատերազմական իրավճակում մենք բուժումներ էինք անցկացնում, կովիդով հիվանդներին էլ էինք բուժում։ Օրական 30-40 հիվանդ էինք բուժում, այդ բուժումն այնքան էր էֆեկտիվ, որ մահացության դեպքեր քիչ ենք ունեցել, կարելի է ասել՝ մատների վրա հաշված մի քանի դեպք։

Այսինքն՝ իրավիճակն, ամեն դեպքում, վերահսկելի էր։

Վերահսկելի էր և մնում է վերահսկելի։ Պատերազմից հետո ՀՀ-ում մեր քաղաքացիները, որ պառկած էին հիվանդանոցում, համարյա մեծ մասը տեղափոխվել է Ստեփանակերտ, ծանր հիվանդների մեծ մասը՝ մոտավորապես 150 հիվանդ էր։ Ներկայումս մոտ 70 հիվանդ ունենք պառկած ստացիոնարում, ծանր հիվանդներ են, որոնք տեղափոխվել են ՀՀ-ից, միջին և թեթև ծանրության հիվանդներին մենք չենք պառկեցնում ստացիոնար, եթե ինչ-որ խնդիրներ են լինում, Ինֆեկցիոն հիվանդանոց ենք տեղափոխում, մնացած մասն ամբուլատոր բուժում է ստանում ամեն օր։ Մոտավորապես 10 հոգի օրական ստացիոնարում պառկում է։

Թեստերի քանակը բավարարու՞մ է, օրական միջինում քանի՞ թեստավորում եք անում։

Թեստերի քանակը բավարար է։ Քանի որ բնակչությունն արդեն լրիվ հետ է գալիս, մի մասն արդեն այս երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում հիվանդացել, լավացել է։ Մոտավորապես, օրական մի 40-50 թեստ ենք անում, որից մոտավորապես 10 հոգի ստացիոնար է պառկում, մնացածը, եթե նույնիսկ դրական է, ամբուլատոր բուժում են ստանում։

Պատերազմական և հետպատերազմյան շրջանի վնասների հաշվարկ կատարե՞լ եք, որքա՞ն գումար է պետք վնասները վերականգնելու համար։

Մենք դեռ հաշվարկներ ենք իրականացնում տարբեր հիվանդանոցներում ՝ փորձելով իմանալ ընդհանուր վնասների չափը, բայց դեռ կոնկրետ թիվ չունենք։

Ըստ ձեր նկարագրած վնասների՝ խոսքը բավականին մեծ գումարի մասին է։

Իհարկե, մեծ թվեր են, մեր համակարգի համար որ՝ մեծ թվեր են։ Առողջապահական համակարգն այս երկու ամիսներին երևի թե մի երկու տարվա ծանրաբեռնվածություն է տարել։

Կարողացել եք, փաստորեն, դիմակայել։

Այո, կարողացել ենք դիմակայել, կարողացել ենք լրիվ ծավալով օգնություն ցույց տալ մեր վիրավորներին, շնորհակալ եմ ևմեր բժիշկներին, որոնք այստեղ աշխատում էին, ևնրանց, որոնք ժամանել են ՀՀ-ից, ևբժիշկներին, որոնք ժամանել են այլ երկրներից։ Հատուկ ուզում եմ նշել Մոսկվայից մեր հայրենակից բժիշկներին, որոնք այդ օրերին շատ մեծ ծավալով աշխատանք էին կատարել։ Կարող եմ ասել այսպես՝ խիղճս հանգիստ է, որ որևիցե վիրավոր չի եղել մեզ մոտ, որն առանց օգնության է մնացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter