
Ավագ սերժանտ Գուրգեն Մահտեսյանը փրկեց մարտական ընկերներին, ինքը զոհվեց
Արցախի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Գուրգեն Մահտեսյանը վիրավոր տաս զինծառայողի արկերի պայթյունների տակ տեղափոխել է Շտապօգնության մեքենայի մոտ` փրկելով նրանց, սակայն իր կյանքը փրկել չի հաջողվել: Հակառակորդի արձակած հաջորդ արկը ճակատագրական է եղել վերջինիս համար: 19-ամյա զինծառայողը Արմավիրի մարզի Արմավիր համայնքից էր, ծառայել է Ջաբրայիլում (Մեխակավան):
Մեր այցի ժամանակ զոհված զինծառայողի տանն էին բարեկամները, հարևաններն ու մանկության ընկերները, յուրաքանչյուրն ուզում էր Գուրգենի մասին իր հուշերից պատմել: Մայրը` տիկին Աննան, առաջին հերթին որդուն բնորոշում է որպես ընկերասեր ու բարի մարդ, ասում է` կարծես ծնվել էր բարի գործ անելու համար:
Պատմում է, որ որդու քաջագործությամբ փրկված տղաները եկել են իրենց տուն, ասել` ապրում են Գուրգենի շնորհիվ: Մայրը, արցունքն աչքերին, հպարտությամբ է խոսում այդ մասին:
Պատերազմի գրեթե բոլոր օրերին Գուրգենի հետ կապ եղել է, ծնողները նույնիսկ չեն իմացել, որ որդին վիրավորում է ստացել: Այդ մասին Գուրգենը մանկության ընկերներին` Վահանին ու Տիգրանին է պատմել` ասելով, որ հնարավոր է իրեն տեղափոխեն Գորիս: Մոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 5-ին` շնորհավորել ծննդյան օրը: Որդուց որևէ լուր չունենալով` մայրական սիրտը կարծես կանխազգացել է` որդին զոհվել է:
Հոկտեմբերի 10-ին տիկին Աննան երազում տեսնում է որդուն ու պնդում` Գուրգենը մահացել է: Հետագայում ընտանիքն իմացել է, որ տղայի վերջին խոսակցությունը եղել է ընկերոջ` Տիգրանի հետ` հոկտեմբերի 6-ի առավոտյան, Գուրգենն ասել է, որ Գորիս է տեղափոխվելու, խնդրել է ծնողներին չասել, որ վիրավոր է:
Ընտանիքը Գուրգենի անշնչացած մարմինը պատահաբար է հայտնաբերում. Մահտեսյանների հարևանը Մեծամորի դիահերձարանում հորեղբոր որդուն փնտրելիս պատահաբար տեսնում է Գուրգենին: Այդ օրը եղել է հոկտեմբերի 12-ը` հոր ծննդյան օրը: Մայրը պատմում է` որդին անակնկալներ շատ էր սիրում, մտածում էին, որ հոր ծննդյան գիշերն անակնկալ կզանգահարի, սակայն այնպիսի լուր են ստացել այդ օրը, որ ամբողջ կյանքում չեն մոռանա այդ «անակնկալը»:
«Գուգին չկա, բայց բոլոր կորուստների հետ ցավ եմ ապրում, բոլոր վիրավորների, գերիների, զոհերի համար»,- արցունքոտ աչքերով ասում է տիկին Աննան:
Գուրգենը երկու քույր ունի` Լուսինեի երկվորյակն էր, փոքրը` Նարինեն, 10 տարեկան է: Լուսինեն ամուսնացած է, ունի նորածին որդի, որին եղբայրն այդպես էլ չտեսավ:
Քրոջ հետ վերջին անգամ խոսելիս ասել է` երեխային լավ կնայեք, մինչև գամ: Քույրը պատմում է` եղբոր երազանքն էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենա ունենալ, ասում է` շատ էր սիրում այդ մեքենան: Պլանավորել էր` բանակից վերադառնալուց հետո պետք է աշխատեր, գումար վաստակեր ու գներ իր երազանքների մեքենան:
Որդեկորույս ծնողներին ապրել «ստիպողը» 10-ամյա դուստրն է, որը շատ նման է եղբորը:
Նարինեն այդ ընտանիքում միակն է, որ պարբերաբար ժպտում է, մորն էլ կոչ անում չլացել: Ծնողներն ուրախանում են իրենով և նորածին թոռնիկով:
Գուրգենի մանկության ընկերը` Վահան Կնյազյանը, պատմում է, որ մանկության տարիներին, երբ բակում կռիվ են արել, առաջին հաշտարարը Գուրգենն է եղել, միշտ ուզեցել է խաղաղություն լինի:
Զրույցին ներկա են նաև հարևանուհիները, ովքեր, իրար հերթ չտալով, ուզում են պատմել, թե որքան մեծ է իրենց բոլորի կորուստը, և ինչքան բարի, հոգատար ու տարբերվող երիտասարդ է եղել Գուրգենը: Իրինա Ավագյանն ընդգծում է` ինչ որ մայրը պատմեց իրականությունն է, որևէ բառ չափազանցված չէ: Շահանե Ստեփանյանն էլ հավելում` յուրահատուկ էր` մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր:
Բարեկամուհին` Հռիփսիմե Հարությունյանը, որը շատ է օգնել Գուրգենին գտնելու հարցում, ասում է` ինչպես քաղաքացիական կյանքում էր մեծատառով մարդ, այնպես էլ` զինծառայության մեջ:
Մայրը պատմում է որդու հետ իր մտերիմ կապի մասին, ասում է` ես առանց իրեն չէի կարողանում, ինքն` առանց ինձ, բայց արդեն երկու ամիս է՝ ապրում է առանց որդու:
Գուրգենի հայրը` Գևորգը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, առողջական խնդիրներ ունի, որոնք որդու մահից հետո ավելի են սրվել: Ընտանիքի կարիքները հոգացող հայրը մինչ որդու զոհվելը որպես վարպետ է աշխատել, սակայն որդու մահից հետո ուժասպառ է, ի վիճակի չէ աշխատել:
Տիկին Աննան պատմում է` Գուրգենը շատ էր մտահոգվում հոր առողջական վիճակի մասին, ասում էր՝ ծառայությունից հետո պայմանագրային զինծառայության եմ անցնելու Ջաբրայիլում, չեմ թողնելու հայրս աշխատի:
Մեկնաբանել