HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում սկսվել են կորոնավիրուսի զանգվածային պատվաստումները

ԱՄՆ-ում երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ից սկսվել են կորոնավիրուսի զանգվածային պատվաստումները, սակայն երկրի որոշ նահանգներում այն կարող է սկսվել դեկտեմբերի 15-ից։ Pfizer և BioNTech ընկերության պատվաստանյութը, որը հաստատվել է ամերիկյան կառավարության կողմից, հանգստյան օրերին տարածվել է Միացյալ Նահանգների ողջ տարածքում։ 

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Պատվաստանյութերի մշակման, արտադրության և տարածման ամերիկյան պետական ծրագրի ներկայացուցիչ Գուստավ Պերնը, դեկտեմբերի 14-ին պատվաստանյութը կուղարկվի բոլոր 50 նահանգների 145 կետեր, դեկտեմբերի 15-ին՝ 425 և դեկտեմբերի 16-ին ևս 66 կետեր։

Ֆորմալ առումով յուրաքանչյուր նահանգի իշխանություն իրավասություն ունի որոշելու, թե ինչ համամասնությամբ է իրականացնելու նահանգի տարածքում պատվաստումների գործընթացը, սակայն ավելի վաղ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնը խորհուրդ էր տվել պատվաստումները սկսել առաջին հերթին բժշկական հաստատությունների, ինչպես նաև ծերանոցների և համանման սոցիալական հաստատությունների աշխատակիցներից։

Կիրակի՝ դեկտեմբերի 13-ին, ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ արդեն դեկտեմբերի 14-ին կպատվաստվեն երկրի ղեկավար կազմը և իշխանության երեք ճյուղերի բարձրաստիճան պաշտոնյաները։ Սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ Սպիտակ տան աշխատակիցները պետք է պատվաստանյութը ստանան ավելի ուշ և հավաստիացրել, որ արդեն իսկ տվել է համապատասխան հանձնարարական։

Թրամփը դեռեւս չի պատրաստվում պատվաստվել։ Այս տարվա հոկտեմբերին նա վարակվել էր կորոնավիրուսով։ Վերջինիս պնդմամբ՝ իր մոտ ձևավորվել են հակամարմիններ։ 

Պատվաստանյութի տեղափոխման հիմնական բարդություններից մեկը ճիշտ ջերմաստիճանի ապահովումն է։ Պատվաստանյութը պետք է պահվի -73 աստիճան Ցելսիուսի պայմաններում։ Այդ նպատակով կիրառվում է չոր սառույց։ 

Ինչպես հայտնել է CNN-ը, մինչև դեկտեմբերի 13-ը Pfizer և BioNTech ընկերություններն արտադրել են շուրջ 920 000 դոզա։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ամերիկյան իշխանությունները, մինչև տարեվերջ նախատեսվում է պատվաստել մոտ 20 միլիոն մարդու, իսկ հաջորդ տարվա առաջին երկու ամիսներին այդ թիվը պետք է հասնի 100 միլիոնի։

Moderna ընկերությունը նույնպես հայտ է ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչություն՝ արտակարգ օգտագործման համար իր պատվաստանյութի գրանցման նպատակով։ 

Լուսանկարը՝ Amanda Andrade-Rhoades/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter