
Աշխարհում 387 լրագրող անազատության մեջ է
Աշխարհում առնվազն 387 լրագրողներ և զանգվածային լրատվամիջոցների այլ աշխատակիցներ իրենց մասնագիտական գործունեության պատճառով անազատության մեջ են։ 2020 թվականի վերջի դրությամբ՝ այդպիսի տվյալներ է հրապարակել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Լրագրողների կեսից ավելին (61 %) հինգ երկրների բանտերում է՝ Չինաստան (117 լրագրող), Սաուդյան Արաբիա (34), Եգիպտոս (30), Վիետնամ (28) և Սիրիա (27)։ Առկա տվյալների համաձայն՝ ևս 54 լրագրող առևանգվել է, չորսն անհետ կորել է այս տարի։
Ինչպես հայտնում են իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները, 2020 թվականի գարնանից սկսած՝ տասնյակ լրագրողներ ժամանակավորապես ազատազրկվել են այն բանի համար, որ լուսաբանել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և համավարակի հետևանքները։ Բացի այդ, միայն Բելառուսում, 2020 թվականի օգոստոսի 9-ից սկսած, գրանցվել է ԶԼՄ աշխատակիցների կալանավորման ավելի քան 370 դեպք, երբ երկրի ԿԸՀ-ն ընտրությունների հաղթող էր ճանաչել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի արդյունքում երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր։
«Ողջ աշխարհում մեծ թվով ազատազրկված լրագրողների առկայությունը ստիպում է ուշադրություն դարձնել մամուլի ազատության նկատմամբ առկա սպառնալիքին։ Չափից շատ կառավարություններ արձագանքում են բոողոքի ցույցերին, դժգոհություններին կամ Covid-19-ի նման ճգնաժամերին՝ ճնշումների ենթարկելով նրանց, ովքեր համարվում են վատ նորություններ հայտնողներ։ Այդ գործերից յուրաքանչյուրի հետևում մարդու ճակատագիրն է, որին սպառնում են քրեական հետապնդմամբ, երկարաժամկետ ազատազրկմամբ»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Կատյա Գլոգերը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել