HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայրն ու միակ որդին զոհվել են մեկ օրվա տարբերությամբ

90-ամյա Ժենյա տատը, կիսամութ սենյակի բազմոցին նստած, միշտ նայում է դռան կողմը: Պարբերաբար լարում է լսողությունը, հայացքն ուղղում դռան կողմն ու տեսնելով, որ դուռը չի բացվում՝ նորից կուչ է գալիս ու սպասում:  Ժենյա տատը սպասում է որդուն ու թոռանը: Նա գիտի, թե հայր ու որդի մեկնել են արտագնա աշխատանքի և շուտով կվերադառնան:

Պահարանի վրա դրված որդու՝ Տիգրանի ու թոռան՝ Կարենի նկարներից, վառվող մոմերից տիկին Ժենյան չի կռահում, որ նրանց այլևս չի տեսնելու: Սենյակի բոլոր անկյուններում Կարենի նկարներն են: Հայր ու որդի զոհվել են մեկ օրվա տարբերությամբ ու տուն չեն գալու:

Արմավիրի մարզի Ծիածան գյուղում են ապրել Տիգրան Սարգսյանն ու նրա 22-ամյա որդի Կարենը: Նույն տանն են ապրում նաև Տիգրանի քույրը՝ Անահիտ Սարգսյանն ու 90-ամյա մայրը: Կարենին 9 տարեկանից պահել է հորաքույրը, քանի որ եղբայրն ամուսնալուծվել է:

Կարենը սովորում էր Հերացու անվան բժշկական համալսարանի 3-րդ կուրսում: Կորոնավիրուսի պատճառով դասերը հեռավար էր եղել, ինչն էլ հնարավորություն էր տվել տղային աշխատանք գտնել, փոքր-ինչ օգնել ընտանիքին:

Տիկին Անահիտը պատմեց, որ Կարենին և իր մյուս եղբորորդուն պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, որպես պահեստազորային, ծանուցագիր էր եկել: Կարենի հայրն է հորդորել եղբոր որդուն, որ տղայի հետ գնան ծանուցագրերը ստանան: Կարենը Տիգրանի միակ որդին էր, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ այդ ծանուցագրով ներկայանալու է, ու սաստիկ պատերազմը խլելու է նրա կյանքը:

«Մենք չհասկացանք, որ պատերազմ է սկսվել: Ինքս համայնքապետարանում եմ աշխատում, մեզ ասացին, որ եռօրյա հավաք, զինավարժանք է լինելու: Կիրակի օր էր, ես իմ կոտրված ձեռքով եմ ծանուցագրերը տվել եղբորս տղաներին»,- ասում է տիկին Անահիտը:

Ծանուցագիրը ստանալու հենց առաջին օրը տիկին Անահիտի երկու եղբայրների որդիները ներկայացել են: Կարենը, ով որպես բուժակ էր մեկնում, մեկ օր մնացել է Էջմիածնի հավաքակայանում և Արցախ է ուղևորվել հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին: Մյուս եղբորորդին մի քանի ժամ ավելի շուտ է գնացել:

Նույն օրը Տիգրանն առանց որևէ մեկին ասելու կամավորագրվել է, որպեսզի մեկնի Արցախ՝ Կարենի մոտ: Տիգրանը 3-րդ կարգի հաշմանդամ էր: Ստենտավորված էր սիրտը, ինսուլտ էր ստացել, սակայն անտեսելով առողջական վիճակը՝ գնացել է որդու հետևից: Տիգրանին՝ որպես վարորդ, Արցախ են տարել հոկտեմբերի 3-ին:

Կարենն իմացել է, որ վատառողջ հայրը նույնպես մեկնում է Արցախ և sms-ով բարկացել է հորաքրոջ վրա՝ պահանջելով հորը թեկուզ նկուղում փակել, որպեսզի չգնա, քանի որ ադրբեջանցիների թիրախում են վարորդներն՝ իրենց ավտոմեքենաներով: Անահիտ Սարգսյանը չի կարողացել եղբորը հետ պահել մեկնելու մտքից:

«Մինչև վերջին օրը Կարենն ինձ չի ասել, որ իրենց մոտ ահավոր վատ է: Մենք հետո ենք այդ մասին իմացել: Մեզ տեղն էլ չի ասել, թե որտեղ է: Հոկտեմբերի 13-ին ժամը 07:30-ին իր քավորին sms-ով է տեղեկացրել, որ գտնվում են Ջաբրայիլի մոտակայքում»,- պատմում է տիկին Անահիտը, հավելելով, որ Տիգրանը նույնը օրը ևս Ջաբրայիլ (Մեխակավան) է գնացել՝ նպատակով, որ կտեսնի որդուն:

Դրանից 3 օր առաջ, Տիգրանն ավտոմեքենայով իրենց համայնքի զոհվածներից մեկին է տեղափոխել Գորիսի դիահերձարան: Այնտեղ տեսնելով Տիգրանի առողջական վիճակը՝ Ծիածանի համայնքապետը, համագյուղացիները խնդրել են, որ վերադառնա: Տիկին Անահիտը ևս հեռախոսով խնդրել է եղբորը, որ տուն գա:

«Ինձ ասում էր՝ դուք տունը նստած չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում: Իմ աչքի առաջ 18 տարեկան երեխեքը զոհվում են, ես ոնց թողնեմ, գամ: Իրենց ծնողներին ի՞նչ եմ ասելու: Ինձ չեն ասի, որ դու դասալիք ես, փախար, մեր երեխեքը զոհվեցին»,- հուզված պատմում է Անահիտ Սարգսյանը:

Հոկտեմբերի 13-ի առավոտյան Տիգրանը զանգել է քրոջն ու ասել, որ հրամանատարը պահանջել է տուն վերադառնալ: Ոտքերն այտուցվել են, արդեն դժվարությամբ է քայլում:

«Ոնց էինք ուրախացել, որ Տիգրանը տուն է գալու: Բայց մեղքի զգացում ունեմ հիմա, Տիգրանին ասացի՝ Կարենին առանց տեսնելո՞ւ ես գալու: Պատասխանեց, թե Կարենիս կտեսնեմ: Դա եղել է մեր վերջին խոսակցությունը: Այդ օրը Տիգրանը զոհվել է, լուրն իմացել ենք հոկտեմբերի 14-ին»,- նշում է քույրը:

Իսկ Կարենի հետ հեռախոսով վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 13-ի երեկոյան: Տիկին Անահիտը զրույցից տպավորություն է ստացել, որ եղբորորդին վատ կանխազգացում ունի. «Ասում էր՝ հոք ջան, ամեն ինչ լավ ա, դու քեզ լավ նայի, քեզ տեր կանգնի: Բարկացա իր վրա, թե ինչու է այդպես խոսում, ոնց որ հրաժեշտի խոսք ասեր: Վերջում էլ հարցրեց, թե հայրն ինչպես է, ասել եմ, որ առավոտյան եմ հետը խոսել, լավ է: Վերջ, էլ կապ չի եղել: Մեզ ասացին, որ գնացել է որպես բուժակ, սակայն հետո իր ընկերները տեսանյութեր ցույց տվեցին, որ հրանոթի վրա է եղել: Ինքը ժամկետային բուժակ է ծառայել, ավտոմատից բացի՝ ուրիշ զենք չի տեսել, ո՞նց էր հրանոթ կրակում»:

Տիկին Անահիտը պատմեց, որ Տիգրանի դին զոհվելու հաջորդ օրը տեղափոխել են Էջմիածին: Նրա դեմքը բաց է եղել, ճանաչելի: Սակայն, իր պահանջով 6 օր պահել են դիահերձարանում, որպեսզի միակ որդուն՝ Կարենին գտնեն, որ հոր հուղարկավորությանը մասնակցի, հակառակ դեպքում երբեք իրեն չէր ների: Սակայն, այդպես էլ Կարենին չեն կարողացել գտնել ու Տիգրանին հուղարկավորել են արդեն փակ դագաղով:

«Ամեն օր հույսով սպասում էի: Ինձ ասում էին, որ տղաների հեռախոսները ձեռքներից վերցրել են, անտառներում են թաքնվել, վտանգավոր է, չեն կարողանում կապի դուրս գալ: Ես էլ անհամբեր սպասում էի, որ Կարենս պիտի զանգի: Ինքը շատ գաղտնապահ էր, ոչ մի բառ չէինք իմանում իրանից: Միևնույն ժամանակ կյանքով լեցուն էր, աշխույժ, իրեն սիրել էր տալիս: Մտածում էինք, որ գլխի ճարը կտեսնի»,- ասում է տիկին Անահիտը:

Հորաքույրը հետո է իմացել, որ Տիգրանի հոգեհանգստի օրը, Կարենի մայրիկին տարել են Երևան՝ ԴՆԹ-ի նմուշ հանձնելու: Հենց այդ նմուշի հիման վրա էլ Կարենի դին գտել են նոյեմբերի 18-ին՝ իր մասին վերջին տեղեկությունից 36 օր անց: Մինչ այդ, Ծիածանում բոլորն արդեն խոսել են, որ տղան զոհվել է, բայց քանի որ դիակը չի եղել, ավելի շատ անորոշություն է եղել:

«Ես հիմա էլ անորոշության մեջ եմ, ոչ մի բան իրար չի համապատասխանում: Ինչու դիակը նույն օրը չեն տեղափոխել, երբ գիտեին որ զոհվել է, ինչու՞ նույն օրը չասացին, որ զոհվել է: Հիմա ես չեմ հավատում, որ իմ Կարենը զոհվել է, այդ ԴՆԹ-ին էլ չեմ հավատում, ինչ սխալ ասես այս ընթացքում եղել է: Ինչ-որ մի ներքին ձայն ինձ ասում է, որ Կարենս ողջ է, ինքը չէր կարող ինձ մենակ թողել: Մութ պատմություն է, չեմ հասկանում»,- արցունքն աչքերին՝ ասում է տղայի հորաքույրը:

Կարենի դիակը գտնելու և հուղարկավորելու օրերին տիկին Անահիտն ասում է, որ երազ է տեսել. Կարենը վիրավոր էր՝ ձեռքն ու ոտքը, գլուխը վիրակապած: Տիկինն ասում է, որ իրեն ինչ-որ բան է կատարվում, ներքին ինքնազգացողությունը միշտ դեմ է գնում արձանագրվածին: Նշում է, թե այդ ամենով հանդերձ, սթափ է, խելքը չի կորցրել:

Օրեր անց տիկին Անահիտի սոցիալական ցանցերից մեկի էջին նամակ է եկել և մի ռուս կին, ով ճանաչել է Տիգրանին, պատմել է, որ գուշակել է Տիգրանի մահը, իսկ Կարենի մասին պատմել է այն ամենը, ինչ նույնությամբ տիկին Անահիտը երազում տեսել էր, այսինքն վիրավոր ՝ ձեռքն ու ոտքը, գլուխը՝ վիրակապած:

Տիկին Անահիտն ասում է, որ եղբոր դիակի հետ, անձնական իրերը ևս փոխանցել էին իրենց, բացի հեռախոսներից: Նոյեմբերի սկզբին, երբ արդեն Տիգրանին հուղարկավորել են, նրա հեռախոսից հաղորդագրություն է ստացվել պարզ հայերենով գրված, թե հայեր սպիտակ դրոշներով հանձնվեք ադրբեջանցի զինծառայողներին: Հետո ԱԱԾ-ի միջոցով պարզել են, որ հեռախոսն ադրբեջանցիների մոտ է: Իսկ Կարենից ոչ մի իր իրենց չի փոխանցվել, ոչինչ չեն տեսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter