HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Համայնքապետ. «Ազատանցի գերեվարված 2 զինծառայողի վերաբերյալ տեսանյութերը ներկայացրել եմ Արման Թաթոյանին»

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն այսօր վաղ առավոտյան մեկնել էր Երեւան՝ հանդիպելու ԱԺ պատգամավորներին, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Խծաբերդում գերեվարված ազատանցի զինծառայողների հարցով:

«Գերեվարվածների լուրը տարածվել էր գիշերը, ու մինչեւ առավոտ պետական գերատեսչությունները հերքում էին, որ գերիներ չկան, որ անհանգստանալու բան չկա, լուրերը սուտ են: Նշված տարածքներում, որտեղից գերեվարում է եղել, մենք վեց պահեստազորային զինծառայողներ ունենք, նրանցից երկուսի հետ կապված արդեն տեսանյութ կա, որ գերի են վերցրել, ու հարազատները ճանաչել են: Ես առավոտյան մեկնել եմ Երեւան, հանդիպել եմ ԱԺ մարդու իրավունքների հանձաժողովի նախագահի ու մյուս անդամների հետ, հարցը քննարկվել է, տեղում զանգել են Արցախի նախագահին ուղիղ կապերով, որովհետեւ ոչ մի ձեւով չէին միանում, խոսել են գեներալների եւ բոլոր պատկան մարմինների հետ: Օրվա երկրորդ կեսին հանդիպել եմ ՄԻՊ Արման Թաթոյանին, նրան եմ տրամադրել երկու գերեվարված զինծառայողի վերաբերյալ տեսանյութերը, իրենց անուն-ազգանունները, հասցեները, ծննդյան թվերը, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը եվրոպական կառույցների միջոցով կարողանա գերիներին հետ վերադարձնել»,-հայտնեց Ազատանի համայնքապետը:

Վարդան Իկիլիկյանն ասաց, որ գերեվարվածների հարազատները հանդիպել են Արցախի նախագահի հետ, նրանց հուսադրել են, որ տղաներին գուցե կարողանան մինչեւ կեսգիշեր հետ բերել:

«Մարդու իրավունքի պաշտպանի մոտ եմ տեսել, որ մեր շրջապատված զորքը ներքեւ է գալիս, իբրեւ թե՝ բաց են թողել, բայց մինչեւ չգան, վստահ ոչինչ չենք կարողանա ասել,-նկատեց Վարդան Իկիլիկյանը։-Հիմա ծնողները Լիսագորում սպասում են, դա ռուսների առաջին պոստն է, ասում են, թե նախնական տեղեկություններով՝ երեսուն հոգու բերում են, հիմա գնացել են հասկանան՝ իրենց հարազատները կա՞ն եկողների մեջ, թե՞ չէ»:

Արցախյան երրորդ պատերազմում Ազատանից զոհվել է 9 հոգի, մեկն անհետ կորած է, վիրավոր է 22 հոգի, այդ թվում՝ ոստիկաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter