Ապրիլի 1-ին կնշվի Ծաղկազարդը
Այս տարի ապրիլի 1-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» /Մարկ. 10:9-10/:
Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, մատուցվում է Ս. պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր՝ հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնություն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15): Այդ օրը եկեղեցիներում մանուկների օհնության կարգ է կատարվում:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Լուսանկարը՝ www.armenianchurch.org-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել