HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է խորհրդարանական մանդատներից

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը համարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, հրաժարվել է խորհրդարանական մանդատներից, որոնք ստացել էին խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին։ Համապատասխան դիմումն արդեն իսկ ուղարկվել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեին։

«Այսօր «Միացյալ ազգային շարժում-Ուժը միության մեջ է» դաշինքի ցուցակի անդամները անձնական դիմումներով դիմել են օրենսդիր մարմնին։ Դրանով ավարտվում է միակուսակցական խորհրդարանի ձևավորման գործընթացը։ Դրանից հետո խորհրդարանը պետք է ընդունի մեր լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը»,- նշել է Բեժաշվիլին։

Պատգամավորական մանդատներից հրաժարվելու նպատակով խորհրդարան են դիմել նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ միասին եղել են միևնույն դաշինքում։ Առաջիկա օրերին նույն դիմումով խորհրդարան է պատրաստվում դիմել նաև «Պետությունը ժողովրդի համար է» կուսակցությունը, որը ևս անդամակցել է ընդդիմադիր դաշինքին։ Ընդհանուր առմամբ` ընդդիմությանը բաժին էր հասել խորհրդարանական 36 մանդատ։

Ավելի վաղ, մանդատից հրաժարվել էր Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։ Խորհրդարանը յոթ օր ունի մանդատներից հրաժարման հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Դեկտեմբերի 14-ին Վրաստանի ԿԸՀ-ը չեղարկել էր ընդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակները՝ անդամ կուսակցությունների պահանջով։ 

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին։ Դեկտեմբերի 3-ին Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է՝ ստանալով ընտրողների 48,22 %-ի ձայները և խորհրդարանի 150 մանդատներից 90-ը։

Այս ընտրությունների ժամանակ խորհրդարան անցնելու ընտրական շեմը կուսակցությունների համար կազմել է 1 %, իսկ դաշինքների համար այնքան տոկոս, որքան կուսակցություն միացել է տվյալ դաշինքին։ Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հայտարարում է, որ դրանք կեղծվել են։

Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter