
Լոռու մարզպետ է նշանակվել Արամ Խաչատրյանը
Գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու մարզպետ:
Վերջինս 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով: Նա պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 8-ին:
Խաչատրյանը ծնվել է 1978թ. հուլիսի 6-ին Վանաձորում: 1999թ. ավարտել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
1999-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999-2001թթ. եղել է դասակի հրամանատար, 2001-2004թթ.՝ վաշտի հրամանատար, 2004-2009թթ.՝ գումարտակի շտաբի պետ, մայոր:
2010-2018թթ.՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: 2012-2016թթ. եղել է Վանաձորի ավագանու անդամ: 2018 թվականին եղել է Լոռու մարզպետի տեղակալ:
Հիշեցնենք, որ երեկ Լոռու արդեն նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և նշել, որ այն պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ:
Մեկնաբանել