
Գործազուրկ արցախցիների համար կկազմակերպվեն վարձատրվող հասարակական աշխատանքներ
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով կկազմակերպվեն վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում:
Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կտրամադրվի 8 000 դրամ:
Վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2 մլն դրամը, ընդ որում՝ նշված ֆինանսական միջոցները նախատեսվում է տրամադրել աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով: Միջոցառման շրջանակներում ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20 տոկոսը:
Միջոցառումը կիրականացվի համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի նախագծի հիման վրա։
Համայնքի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը յուրաքանչյուր շահառուի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր:
Շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարարակական աշխատանքներում։
Աջակցության տրամադրումը կդադարեցվի, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել