HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում սպասում են արցախցի Ռոբերտի լույս աշխարհ գալուն

Գյումրիում մի քանի օրից լույս աշխարհ կգա արցախցի Արեգայի առաջնեկը: Մարտունեցի Ռոբերտի ծննդյան վկայականի մեջ որպես ծննդավայր կնշվի Գյումրին, սակայն փոքրիկը ծնողների որոշմամբ կվերադառնա ապրելու եւ հետագայում հզորացնելու հարազատ Մարտունին:

22-ամյա Արեգա Աղասյանին հանդիպում ենք Գյումրու գիշերօթիկում, որը ժամանակավոր վերածվել է Արցախից տարհանված ընտանիքների կացարանի: Ընդարձակ սենյակում ապրում են 8 հոգով: Արեգան թվարկում է՝ երկու քույրը, ծնողները, փոքր եղբայրը, մորեղբայրն ու մայրիկի 88-ամյա տատը: Սենյակում 10 մահճակալ է դրված, որից երկուսը չեն օգտագործվում՝ դրանց վրա խնամքով դասավորել են տարբեր կազմակերպություններից, անհատներից ստացած չոր սնունդը, հիգիենայի եւ կենցաղային պարագաները: Պատուհանի մոտ` մանկական երկու սալյակների մեջ, Արեգայի ապագա բալիկի համար նախատեսված հագուստն ու հիվանդանոցային պարագաներն են:

«Ես կյանքում չէի պատկերացնի, որ աշխարհում էս ձեւի մարդիկ կան,-ժպտալով ասում է Արեգան,-գյումրեցիներն աննկարագրելի մարդիկ են: Էրեխես դեռ չի ծնվել, բայց արդեն էնքան բան են բերել համ ինձ, համ իր համար: Ինչի մասին ասել ենք, անգամ չենք էլ ասել՝ բերել են»: Գյումրին երբեւէ չտեսած, գյումրեցիների հետ չշփված, Հայաստանում բարեկամներ չունեցող Արեգան ու իր մերձավորներն այս մեկ ամսվա ընթացքում հասցրել են բազմաթիվ «օտար» հարազատներ ձեռք բերել: «Ճիշտն ասած, որ երեխայի ծնունդը չլիներ, մենք հիմա արդեն հետ էինք գնացել,-անկեղծանում է Արեգան,-բայց ծնողներս որոշել են, որ մի երկու-երեք ամիս էլ մնանք, ձմեռն անցնի, նոր գնանք, համ էլ Մարտունիում լիքը հարցեր կան չկարգավորված, գոնե նորմալ լույսի հարց լուծվի, մեր տներն են որոշակի վնասվել՝ էդ հարցերը լուծվեն ու անպայման հետ կգնանք»:

Սեփական տուն տեղից, հող ու ջրից հեռանալու պատերազմի պարտադրանքն այս անգամ երկար ձգվեց: Արցախցիներից շատերն էին մտածել, թե նախորդ անգամվա նման 4 օրից ավելի չի տեւի, շատերն էին տունը լքել՝ վերադառնալու մտքով եւ շատերի մտքով չէր անցել, որ դա կլինի ընդմիշտ: «Հենց սեպտեմբերի 27-ին առաջինը Մարտունին է գնդակոծվել: Առավոտյան ժամը 7:15-ի դրությամբ մեր մոտ արդեն քաղաքացիական երկու զոհ կար: Ես տանը մենակ էի, ամուսինս զինվորական է, ինքը հոսպիտալում է աշխատում ու էդ ժամանակ աշխատանքի վայրում էր: Մամաս եկավ մեր տուն, արագ հավաքվեցինք ու երկու ժամից պապաս մեզ մեքենայով տարավ հարեւան Մուշկապատ գյուղ, որ բարձունքի վրա է: Երկու օր մնացել ենք էնտեղ, հետո որ արդեն կրակոցները սկսեցին գյուղին մոտիկ լսվել՝ մամաս անհանգստացավ, ես հղիության 7-րդ ամսում էի, նույնիսկ մտածում էի, թե երեխաս վաղաժամկետ կծնվի ու որոշեցինք տեղափոխվել Հայաստան»:  

Գիշերը երկու մեքենայով հասել են Ստեփանակերտ, որտեղ ավտոբուսներով Արցախի տարբեր վայրերից եկած ընտանիքներին տարհանում էին Հայաստան: Մի օր անցկացրել են Երեւանում, հետո նրանց եւ եւս հինգ ընտանիքի ամերիկաբնակ մի հայ տարել է Աշտարակում գտնվող իր երկհարկանի տուն: Մեկ ամիս մնալուց հետո, Երեւանում գտնվող Հայորդաց տան ուղղորդմամբ, նոյեմբերի 19-ին հասել են Գյումրի:

Արեգայի ամուսինը՝ Սերգեյը, Մարտունիում է, կգա մի քանի օրով, երբ ծնվի տղան: Արեգայի ծնողները մեր հանդիպման ժամանակ բացակայում էին՝ երկու օրով մեկնել էին Մարտունի: Զրույցին մասնակցում են Արեգայի քույրերը՝ Արփինեն եւ Ռոզան: Տատը լուռ լսում է՝ առանց միջամտելու: 10-ամյա Արսենը տարված է հավաքածու մանրադրամները հաշվելով: «Իրա կասի փողերն են, որ տնից իրերը հավաքում էինք, ինքն առաջինն էդ կասն է վերցրել»,-ծիծաղելով նկատում է Արեգան: Պատանին մարդամոտ է, անգամ համաձայնվում է երգել մեզ համար, ասում է՝ երգիչ է դառնալու:

Երկամսյա դեգերումներն ու առնվազն 3 ամսից կրկին ճանապարհ ընկնելու մտքերը թույլ չեն տալիս հիմնական որեւէ նպատակի շուրջ քայլեր ձեռնարկել Գյումրիում: «Դե որ պիտի գնանք ու սպասողական վիճակ է, որովհետեւ հնարավոր է երկու ամսից դա լինի, դրա համար էլ որեւէ բանով չենք հետաքրքրվում»,-ասում է Ռոզան, որ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի ուսանողուհի է: Արեգայի մյուս քույրը՝ Արփինեն, մատնահարդար-վարսահարդար է, կցանկանար ժամանակավոր զբաղվածություն ունենալ, սակայն վստահ չէ, որ Գյումրիում կկարողանա կարճաժամկետ աշխատանքի տեղավորվել: Ասում է, եթե անհրաժեշտ սարքավորումներն ունենար, գիշերօթիկի բնակիչներին կարող էր օգտակար լինել: Արսենը հաճախելու է հարեւանությամբ գտնվող թիվ 37 դպրոց: Ամենակարեւոր անելիքներից մեկը դարձել է վարձով տան փնտրտուքը: Փոքրիկի ծնվելուց հետո դժվար կլինի մեկ սենյակում արդեն 9 հոգով ապրելը:

«Դե մենք հիմա հարմարվել ենք, էսպես հարազատներով մնում ենք, բայց երեխան որ ծնվեց, հաստատ դժվար է լինելու: Ուզում ենք գոնե մի երեք սենյականոց տուն գտնել, որ կարողանանք տեղափոխվել: Գիշերօթիկում լավ է, շատ հարցերի մասին չենք մտածում, բայց տարբերակ չկա, մինչեւ գնալներս պիտի վարձով ապրենք»,-նկատում է Արեգան:

Արսենին ընտանիքի հոգսերը շատ չեն մտահոգում: Գիշերօթիկում նոր ընկերներ է ձեռք բերել, աշխատում է չձանձրանալ: Աչքերը փայլեցնելով պատմում է, թե ինչպես է առաջին անգամ ձյուն տեսել ու ձնագնդի սարքել՝ Մարտունիում իրենք չգիտեն ինչ բան է իսկական ձմեռը: Ասում եմ՝ չմտածես, որ մնաք իսկական ձնաբուք էլ կտեսնես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter