HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալած անձանց եռամսյա աջակցություն կտրամադրվի

Կառավարությունը հաստատեց սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստում:

Միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք, և ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար:

Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անհատույց՝ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախում է:

«Ի տարբերություն նախորդ միջոցառման, այս ծրագիրը 3 ամսով է: Հաշվի առնելով, որ այս քաղաքացիների վերադարձը Արցախ, կարծում ենք, որ ավելի արագ կլինի, քանի որ այս պահին Արցախում նույնպես ընթանում են ավերված բնակելի շենքերի և տների վերականգնման աշխատանքներ»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

  • 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
  • 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում` սոցիալական աջակցության տրամադրումը կդադարեցվի, եթե հյուրընկալվողը ներկայացնի աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով կամ Արցախի կառավարության կողմից Հայաստանում հյուրընկալվողի՝ Արցախում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter