HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է թատրոնների տնօրեններին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրեններին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է:

Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկանշական է համարել համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում թատրոնների նպատակային ակտիվ գործունեությունը և շնորհակալություն հայտնել գործընկերներին:

«Այս իրավիճակում մեզնից յուրաքանչյուրը կարիք ունի նոր գաղափարական և հոգևոր արժեքների, մեր խնդիրն է վերաիմաստավորել անցյալը, ներկան, հասկանալ՝ ինչ ենք ուզում և ինչ ճանապարհով պետք է հասնենք մեր նպատակին: Ամեն ինչ պետք է անենք՝ զարգացնելու մեր հոգևոր-մշակութային դաշտը. սա պայքարի ձեր ճակատն է, որն անչափ կարևոր է մեր իրականության համար»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանն ու ցանկացած խնդիր քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ թատրոնների տեխնիկական հագեցվածության, շինարարական, ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, նախատեսված ծրագրերի, հետպատերազմյան շրջանում ոլորտի խնդիրների հաղթահարման միջոցառումների և այլնի վերաբերյալ:

Տնօրենները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները, ապագային ուղղված տեսլականը: Նրանց խոսքով՝ հենց առկա իրավիճակում մարդիկ կարծես առավել շատ կարիք ունեն մշակութային միջոցառումների և հոգևոր պահանջմունքների բավարարման: Թատրոնների գործունեությունն այժմ առավելապես ուղղված է զոհված զինծառայողների երեխաների և Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկների ժամանցն ու մշակութային կյանքը կազմակերպելուն:

Հանդիպման ավարտին նախարարը վստահություն է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարեն ներկա դժվարությունները, և խաղաղ պայմաններում արվեստի գործիչները ստեղծագործական աշխատանքի առավել լայն հնարավորություն կունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter