
Հարթունյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նա ազգակցական և ընկերական կապեր ունի մեղադրող կողմի հետ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի N1 դահլիճի ապակե միջնապատը, որ երկու մասի է բաժանում դատավարության մասնակիցներին ու դահլիճում նստածներին, տպավորություն է ստեղծում, թե ապակուց այն կողմ՝ փաստաբանների կողքին, նստած են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձինք, որոնց անհրաժեշտ է մեկուսացնել դահլիճում նստածներից:
Այս անգամ իր փաստաբանների հետ մեկտեղ ապակու մյուս կողմում էր Նարեկ Հարթունյանը. նրա մասնակցությամբ քրեական գործի դատալսումն էր:
Հիշեցնենք, որ Նարեկ Հարթունյանը մեղադրվում է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու և փողեր լվանալու մեջ:
Քրեական գործը մակագրվել էր դատավոր Նելլի Բաղդասարյանին, որն էլ նախագահում էր դատական նիստը:
Դատալսումը սկսվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով դատավորի հանդեպ ունեցած անվստահություն հիմքերը, միջնորդեց, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:
Նշենք, որ դատական գործերի բաշխման փուլում կողմնակալ մոտեցումներից խուսափելու, այդ գործընթացը վստահելի դարձնելու համար դրանք դատարաններում բաշխվում են համակարգչային ծրագրի միջոցով:
Սակայն Նարեկ Հարթունյանի գործով տեղի էր ունեցել հետևյալը. Նախ, 2012թ. փետրվարի 24-ին գործը համակարգչային եղանակով փոխանցվել էր դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանին: Նույն օրը Ս.Կոստանյանը հետ էր հանձնել գործը՝ իր հիվանդության պատճառաբանությամբ, այնուհետև համակարգչային եղանակով այն վերահանձնարարվել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որը նույնպես, հիվանդության պատճառաբանությամբ, հանձնել էր գործը: Դրանից հետո գործը հանձնարարվել էր դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Վերը ներկայացված եռաքայլ գործողությունը կասկածի տակ է դրել 2011թ. դեկտեմբերի 15-ից դատական համակարգում ներդրված համակարգչային եղանակով գործերի բաշխման ծրագրի արդյունավետությունը:
Ըստ էության, երկու դատավորների միաժամանակ, սակայն «ժամանակավորապես անաշխատունակ» լինելու հանգամանքով հատուկ նպատակ է հետապնդվել, որ այս գործը հանձնվի հենց դատավոր Ն. Բաղդասարյանին:
Մինչ դատական նիստը պարզվել է, որ դատավոր Ն. Բաղդասարյանի երկու քույրերի ամուսիններն աշխատում են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում, ընդ որում, նրանցից մեկն այդ կառույցում զբաղեցնում է բարձրագույն պաշտոններից մեկը: Եթե հաշվի առնենք, որ այս գործը հարուցվել, բոլոր «ապացույցները» հավաքվել, և մեղադրական եզրակացությունը կազմվել է հենց ՊԵԿ-ում, իսկ գործը դատարան մուտք գործելու օրը դատավորի քրոջ ամուսնու անմիջական ղեկավարը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ա.Ալավերդյանը հրապարակային և պաշտոնական հայտարարություն է արել Նարեկ Հարթունյանի մեղավորության վերաբերյալ, ապա պարզ է դառնում, որ Նարեկի գործը քննելու համար ՊԵԿ-ին ամենաձեռնտու դատավորի թեկնածուն հենց Ն. Բաղդասարյանն է:
Պարզվել է նաև, որ դատավորը գործով մեղադրող Բագրատ Պետրոսյանի քրոջ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի համակուրսեցին է, ինչը մեկ անգամ ևս փաստում է դատավորի կապվածությունը մեղադրող կողմի հետ և կասկածի տակ դնում դատավորի անաչառությունը:
Այդ ամենի հետ մեկտեղ, ինչպես դատարանում հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, իր և իր պաշտպանյալների դեմ որպես մի յուրահատուկ «զսպաշապիկ» է օգտագործվելու նաև այն, որ դատական նիստի քարտուղարն է Ռուզաննա Բադիրյանը, որն իր՝ Հայկ Ալումյանի կնոջ քույրն է:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Տվյալ դեպքում դատավորն առավել, քան այս դատարանի մեկ ուրիշ դատավոր, ազգակցական և ընկերական կապերով կապված էր մեղադրող կողմի՝ նախաքննությունն իրականացրած մարմնի և մեղադրող դատախազի հետ:
Փաստաբանի խոսքերով, այս ամենն իրենց բերել է համոզման, որ գործերի համակարգչային բաշխման շրջանցումը և այդ եղանակով գործը Ն.Բաղդասարյանին վերահանձնարարվելը եղել է նպատակադրված և բխել է մեղադրող կողմի շահերից:
«Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով՝ ես Ձեզ բացարկ եմ հայտնում և միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել»,- հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև ժամը 15:00: Դատաքննությունն սկսվեց 3 ժամ անց:
Դատավոր Ն.Բաղդասարյան բավարարեց միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց: Գործը հանձնվեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին:
Առաջին հայացքից դատավոր Ն.Բաղդասարյանի ինքնաբացարկը մեկ քայլ առաջ է, սակայն դրա նախապատմությունն ամենևին էլ չի հուսադրում, որ Շենգավիթի դատարանում գործի քննության հետ կապված «պարտադիր ցուցումներ» չեն լինի դատավորին: Մնում է հուսալ, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը ինքնաբացարկի հիմքեր չի ունենա և գործը կքննի ու որոշում կկայացնի քրեական օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հարթունյան ընտանիքի մամուլի քարտուղար
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանել