Նախարար Արա Այվազյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երկուստեք անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը նշել է, որ Եվրամիության և իր անդամ երկրների հետ փոխգործակցության հետագա խորացումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացիկ փուլի, Արևելյան գործընկերության հետ-2020 տեսլականի շուրջ:
ԱԳ նախարարը և հանձնակատար Վարհեին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանը հանձնակատարի ուշադրության է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման և Արցախում ստեղծված ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման և արցախահայության հրատապ կարիքների լուծման ուղղությամբ տեղում միջազգային հանրության ներգրավվածությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել