HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությունը` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ

ԱԳ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է նախարար Արա Այվազյանի հայտարարությունը` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ։ հայտարարության տեքստը՝ ստորև․

«Ինչպես գիտեք, սա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստն է: Սա ժամանակային առումով պատեհ և կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք քննարկելու ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում`  իրավիճակը Արցախում և տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանն առնչվող հարցեր: Իհարկե, մենք նաև անդրադառնալու ենք կյանքի տարբեր բնագավառների վրա COVID-19 համավարակի ունեցած բացասական հետևանքների և դրանց հաղթահարմանն առնչվող հարցերի:

Անդրադարձ է կատարվելու մեր բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Անդրադառնալու ենք նաև համագործակցությանը տարբեր ոլորտներում, ինչպիսիք ենք՝ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտները:

Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Գործընկերության խորհրդի նախորդ հանդիպումից ի վեր ԵՄ անդամ բոլոր երկրները՝ բացի մեկ երկրից, արդեն իսկ տեղեկացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին։ Հայաստանը մշակել է այն դրույթների կյանքի կոչման ճանապարհային քարտեզը, որոնք դեռևս ուժի մեջ չեն մտել: Ակնկալում ենք, որ ՀԸԳՀ շուտով ամբողջապես կվավերացվի և ուժի մեջ կմտնի, որի արդյունքում մեր համագործակցության արդյունքները կհամալրվեն և կբազմապատկվեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

Իհարկե, մեր քննարկման առանցքում են լինելու տարածաշրջանային խնդիրները և պատերազմն Արցախում, երբ Ադրբեջանը մարտահրավեր նետեց Արևելյան գործընկերության հիմքում ընկած արժեքներին, մեր ընդհանուր երվրոպական արժեքներին: Ադրբեջանը բացահայտ խախտել է իր միջազգային պարտավորությունները՝ ուժ կիրառելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքները, իրականացնելով պարբերական բնույթ կրող հրեշավոր պատերազմական հանցագործություններ, թիրախավորելով ոչ միայն Արցախի բնիկ ժողովրդին, այլև մեր հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը՝ դրանով իսկ ակնհայտորեն ի ցույց դնելով իր ցեղասպան մտադրությունը` վերացնելու տարածաշրջանում Հայաստանի  հազարամյա ներկայության հետքերը:

Դուք գիտեք, որ այս ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի ուղղակի աջակցությամբ, ընդհանուր առմամբ խաթարել է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Այն նաև վկայնում է այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների հասցեագրման նախադեպ:

Եվ այս առումով մենք կցանկանայինք լսել այս վերջին ագրեսիայի և տարածաշրջանային կայունության վրա վերջինիս ազդեցության վերաբերյալ Եվրամիության մեր գործընկերների կարծիքը:

Ադրբեջանի ագրեսիվ և ցինիկ վարքագիծն անընդունելի է և պետք է դատապարտվի, քանի որ այն հարցականի տակ է դնում Արևելյան գործընկերության առանցքային արժեքները:

Մենք նաև ցանկանում ենք լսել այս ագրեսիայի հետևանքների հասցեագրման գործում Եվրամիության դերի մասին, մասնավորապես՝ հումանիտար ճգնաժամի տեղում հաղթահարման հարցում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter