HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաքուր ջուրը» շշալցվում է ոչ թե Գառնիի լեռնային աղբյուրից, այլ Նուբարաշենի քաղաքային ջրամատակարարման ցանցից

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում քննարկվեցին «ՄԳԱ Վոթըր» ընկերության («Մաքուր ջուր» ապրանքանիշ) նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Մրցակից ընկերությունը բողոք է ներկայացրել Հանձնաժողովին 

Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը Հանձնաժողովին բողոք է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ և սպառողին թյուրիմացության մեջ գցող տեղեկություններ:

Մասնավորապես այն, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր: Ըստ «Էվրի Դեյ» ընկերության՝ նման պայմաններում մրցակցությունը խիստ դժվարանում է:

Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները. մրցակցային լուրջ առավելություններ` անբարեխիղճ վարքագծի հետևանքով

Հանձնաժողովն ուսումնասիրել է «ՄԳԱ Վոթըրի» գործունեությունը և բացահայտել, որ թեև ընկերությունը թե իր արտադրատեսակի վրա և թե գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից:

Հանձնաժողովի դիտարկմամբ՝ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Մասնավորապես, իր կողմից թողարկվող արտադրանքի վրա կատարելով ավելի քիչ ծախսեր՝ հնարավորություն է ունեցել ընդլայնվել շուկայում և շահեկան բիզնես ծավալել:

Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին: Բացի դրանից՝ ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության և թյուրիմացության մեջ:

Շուկայի խոշորագույն ընկերությունը աշխատում է ստվերային դաշտում` խոշոր չափի վնաս պատճառելով պետությանը

Ի դեպ, «ՄԳԱ Վոթըրը» այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է և 2011թ. Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: Սակայն ՏՄՊՊՀ-ի կատարած ներկա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է, և թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում:

Մասնավորապես, «Երևան Ջրից» ստացված ջրի ծավալները համադրելով ընկերության թողարկած արտադրանքի ծավալների հետ՝ պարզվել է, որ ընկերությունը ցույց է տալիս 55-60%-ի չափով ջրի կորուստ, որն, ըստ Հանձնաժողովի մասնագետների, անհնար է:

Հանձնաժողովը համադրել է նաև ընկերության թողարկած արտադրանքի համապատասխան ծավալները այլ ընկերությունից ձեռք բերված շշերի խցանների քանակի հետ և պարզել, որ ընկերությունը իրականում ավելի շատ արտադրանք է թողարկում, քան ցույց է տալիս:

Օրենքով սահմանված առավելագույն պատիժ` անբարեխիղճ վարքագծի համար

Հանձնաժոովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակեց որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Հանձնարարվեց 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:

Ուսումնասիրվել է նաև «Էվրի Դեյ» ընկերության գործունեությունը

Արդար մրցակցային պայմանների ապահովման նպատակով Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև բողոքը ներկայացրած ընկերության գործունեությունը, ինչի  արդյունքում պարզվել է, որ վերջինս իր կողմից արտադրվող աղբյուրի ջուրը ձեռք է բերում «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող խմելու ջրի հորատանցքերից:

Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքները կուղարկի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար
Գայանե Սահակյան

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Փաստորեն կռանդի ջուրը լցնում ծախում էին մեզ վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter