HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-ամյա Մարինայի ցանկությունը մեկն է՝ ամուսնու մարմինը տեսնել, վերջին անգամ հրաժեշտ տալ

Մարինան բացում է երկաթե դարպասի դուռն ու հրավիրում ներս. տան անկյունում փայտե վառարանն է, շուրջբոլորը՝ մեկ սենյակում հավաքված են Մարինայի ծնողները, քույրը, տատիկը։ Երեխաներից ավագը՝ 2 տարեկան Արտյոմը, քնած է, իսկ 4 ամսական Ալեքսը հետեւում է անցուդարձին։ Քիչ անց ձայներից Արտյոմն արթնանում է, Մարինայի դեմքին ժպիտ է հայտնվում։

«Երեխաները փոքր են, հոր կուրուստը դեռ չեն հասկանում, միայն ժամանակ առ ժամանակ Արտյոմը հորն է հիշում եւ սենյակով մեկ քայլում՝ պապա, պապա ասելով»,- ասում է 21-ամյա Մարինա Մինասյանը։

Ամուսնու՝ Սասուն Ավագյանի հետ կինը վերջին անգամ սեպտեմբերի 26-ին է տեսնվել. նա պայմանագրային զինծառայող էր։ Պատերազմի ժամանակ Մարինան երկու երեխաների եւ սկեսրայրի հետ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից տեղափոխվել է Հայաստան։ Նրանց են միացել հարեւան գյուղում բնակվող Մարինայի ծնողները։

Յոթ հոգով ապրում են Մասիս համայնքի Սայաթ Նովա գյուղում. ծանոթներից մեկի տունն է, ժամանակավոր են տրամադրել։ Ջեռուցում են միայն տան մի սենյակը։ Մարինան ասում է՝ կարեւորը գլխին տանիք կա, բայց մի քանի տարի չբնակեցված տուն է, լոգասենյակ, սանհանգույց չկա, լվացքի մեքենա, սառնարան, գազօջախ չունեն։ Իրենց տնից գրեթե ոչինչ չեն բերել՝ հույսով, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն, եւ իրենք նորից կվերադառնան Ուխտաձոր։

«Ես իմ ամուսնական կյանքը նոր պետք է վայելեի, ի՞նչ տեսա իմ կյանքից, նոր-նոր էինք ոտքի կանգնել, տունը պիտի վերանորոգեինք, անասուն առնեինք, էնքան պլաններ կային....»,- ասում է Մարինան։

Զրույցն ընդհատվում է ոտքերի թփթփոցի ձայնից. Արտյոմն է, բրդյա գուլպաներով սենյակի մի անկյունից մյուսն է վազում։

- Երեխա է, ուզում է դուրս գալ, խաղալ,- ասում է Մարինայի տատը՝ Մարո Մինասյանը։ 

Մարինան դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է, Սասունի հետ ընդհանուր բարեկամների միջոցով են ծանոթացել։ Մտածում է աշխատելու մասին, բայց չի պատկերացնում՝ ով պետք է խնամի իր երեխաներին, ընտանիքի հացը Սասունն էր վաստակում։ Սասունի հայրն արցախյան առաջին պատերազմի ընթացքում վիրավորվել է, հաշմանդամություն ունի։

Հոկտեմբերի 14-ին Մարինան զանգահարել է ամուսնուն, հեռախոսազանգին պատասխանել են։ «Ասացի՝ Սասուն, դու՞ ես, պատասխանեց՝ այո, հետո կապն ընդհատվեց, դրանից հետո էլի եմ զանգել, տարբեր մարդիկ են պատասխանում, մեկն ասում էր՝ էս համարը շահել եմ, մյուսն ասում էր՝ Սասունը չի, բոլորն էլ հայերեն էին խոսում, բայց հիմա թուրքերն էլ հայերեն լավ գիտեն»,- պատմում է Մարինան։ Դիմել են ոստիկանություն, որտեղից հայտնել են՝ զանգերին պատասխանում են Հադրութի տարածքից։

Հոկտեմբերի 14-ից հետո Սասունի հետ այլեւս որեւէ կապ չի եղել։ Զինակից ընկերներից մեկը պատմել է, որ նրան վիրավոր է տեսել, հետո ասել է, որ մահացել է։

Սասունը վարորդ էր, զոհվել է Ֆիզուլիի շրջանում, բայց ինչ պայմաններում է զոհվել՝ փոխհրաձգության, թե՞ պայթյունի, որեւէ մեկը չի կարողանում հաստատել։ 30-ամյա Սասուն Ավագյանի մահվան մասին ընտանիքի անդամները հեռուստատեսությամբ են տեղեկացել, լրատվական թողարկման ժամանակ նրա անունը կարդացել են զոհվածների թվում։ Մինչ օրս՝ երկու ամիս անց, Սասունի մարմինը կամ նրան պատկանող որեւէ իր չի գտնվել։

«Գոնե նրա մարմինը տեսնեմ, կարողանամ վերջին հրաժեշտը տալ»,- ասում է Մարինան։

Արտյոմի հետ դուրս ենք գալիս բակ, արդեն ընկերացել ենք, Մարինայի հայրը՝ Գեղամը, ուղեկցում է մեզ։ Նա տանը՝ դստեր ներկայությամբ չէր խոսում, դուրս գալուց հետո ասում է, որ ինքն էլ, իր որդին էլ դիրքեում են եղել, փեսայի զոհվելու մասին Արցախում է իմացել՝ ավելի վաղ, քան աղջկան են ասել։ «Իմ երեխեն է, ո՞նց ասեմ իրեն, որ 21 տարեկանում ինքը երեխա, երկու երեխեն էլ ձեռքին, ամուսին չունի, էստեղ ինքներդ եք տեսնում՝ մի սենյակում հավաքվել, մնում ենք, գոնե էդ տուն-տեղը կորցնեինք, բայց մեր հարազատներին չկորցնեինք»,- ասում է Մարինայի հայրը։

Գեղամը Հադրութում գյուղատնտեսությամբ էր զբաղվում, հիմա էլ հույսը չի կորցնում, վստահ է՝ մի ելք կգտնվի։ Ռուսաստանում եղբայրներ ունի, որոշել է նրանց մոտ տեղափոխվել։ «Իմ երեխեն ա, բա ո՞նց թողնեմ ես գնամ, բայց ասեք՝ ես հիմա ի՞նչ անեմ, երկու ոտը դրել է մի կոշիկի մեջ, ասում է՝ պապա, գնա բեր մարմինը։ Երկու ամիս անցել է, ես էլ ո՞նց գտնեմ մարմինը, բոլոր հիվանդանոցներում եղել եմ, դիահերձարաններում եղել եմ, չկա, ասում են՝ սպասեք, բայց ես իմ երեխուն ի՞նչ պատասխան տամ, ո՞նց ասեմ՝ սպասիր, չկա.....»,- հարցնում է Գեղամ Մինասյանը։

Նորից տուն ենք մտնում, Մարինան զգուշությամբ սեղանին է դնում ամուսնու նկարները, դասավորում է այնպես, որ ամեն ինչ տեսանելի լինի, Արտյոմն էլ է մոտենում սեղանին, փորձում է հպվել նկարների շրջանակներին, բայց ձեռքը նորից հետ է տանում՝ հավանաբար վախենալով վնասել։

Մեկնաբանություններ (1)

Սերգեյ
Հազարից ավել ընտանիքներ կորցրել են կերակրողին։ Զոհված սպաների, պայմանագրայինների ու կամավորականների ընտանիքները մնացել են մենակ։ Հասարակության կարեկցանքը բացը չի լրացնի։ Պետական աջակցության լուրջ ծրագրեր են անհրաժեշտ, որ հետո չասեն թե խուսափում են ծառայությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter