HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենաթանկիս տվել եմ հայրենիքիս»,-ասում է ռազմագիտության ուսուցիչ Վովա Զուրաբյանը

Վանաձորի թիվ 5 դպրոցի նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկայի ուսուցիչ Վովա Զուրաբյանը պատերազմում որդուն է կորցրել։ 

22-ամյա սպա Սևակ Զուրաբյանը պատերազմից մեկ ամիս առաջ էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտել ու նշանակվել դասակի հրամանատար: Սևակի ցանկությունն էր ծառայել Մատաղիսում, ուզում էր առաջնագծում լինել, երազանքն էր զինվորական բարձրագույն՝ գեներալի կոչման արժանանալ:

Մասնակցում ենք զինպատրաստության դասին: Զինղեկը դասի սկզբում ներկա-բացակա է անում, տղաները բացակա են: Ուսուցիչը չի մտահոգվում, միևնույն է՝ տղաները զինծառայության ժամանակ գործնականում տիրապետելու են այն ամենին, ինչն առարկայի շրջանակում ուսանում են: Ասում է՝ առավել կարևոր է, որ աղջիկները ներկա լինեն, ապագա մայրերը պետք է նախ երկրի իրավագիտակից քաղաքացի լինեն, վճռական պահերին էլ որդիներին «փեշերի տակ չպահեն»:

Աշակերտների պատիվն առնելուց հետո ավագ լեյտենանտ Զուրաբյանը աշակերտների հետ խոսում է թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմյան իրավիճակի մասին:

«Հակառակորդն ինչքան էլ թույլ լինի, պետք չէ թերագնահատել նրան: Անցյալից էլ պետք է դասեր քաղել, հաղթանակները պետք է լինեն ոգևորության, պարտությունները՝ դասեր քաղելու առիթ»,-ասում է ՆԶՊ ուսուցիչը՝ հիշեցնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքեր շատ են եղել, սակայն դասեր չենք քաղել:

Զուրաբյանն աշակերտների հետ խոսում է ամենացավալի թեմայից՝ որդու զոհվելու մասին՝ ընդգծելով, որ հպարտ է որդու հերոսությամբ: Ասում է՝ այսօր շատ հրամանատարների անուններ են տարածվում, որոնք լքել են դիրքերը, սակայն ինքը հպարտ է՝ որդին իրեն վստահված դիրքերը չի լքել, խուճապի մատնված զինծառայողներին է կոչ արել չվախենալ, ասել է՝ իրենց կողքին է, սակայն դիրքից դիրք տեղափոխվելիս երկնքից թափվող արկերի տարափից զոհվել է:

«Իր մարտական ընկերների համար է զոհվել, ես հպարտությամբ եմ խոսում այդ մասին… Ամենաթանկիս տվել եմ հայրենիքիս»,-ասում է որդեկորույս հայրը:

5-րդ դպրոցի ռազմագիտության դասասենյակները տարբերվում են այլ դպրոցների նմանանտիպ լսարաններից: Նկուղային հարկում տեղադրված փառքի անկյուններում կարելի է տեսնել թե՛ Հայրենական պատերազմի, թե՛ Արցախյան առաջին ազատամարտի, թե՛ քառօրյա պատերազմի զոհերի մասին պատմություններ, թե՛ դպրոցի շրջանավարտների անկյուններ: Կամարներից մեկը Նժդեհի, մյուսը՝ Անդրանիկի մտքերով է պատված: Ըստ զինղեկի՝ այդ կամարներով անցնելով աշակերները «պարտավորվում են» հայրենիքը ճիշտ ճանաչել և գնահատել: Զուրաբյանն իր նախկին սաների զոհվելու վայրերը ևս քարտեզագրել է։ 

Ռազմական համալսարան դիմած իր աշակերտների լուսանկարներն ու կենսագրությունները հավաքել է ալբոմում, հերթով թվարկում է՝ Արենն է, ՌԴ-ում է սովորել, Մխիթարը ռազմական բժիշկ է դարձել, Աշոտն է՝ հուլիսյան դեպքերի ժամանակ է զոհվել: Ապա բացում է որդու էջը՝ Սևակի լուսանկարն է: Պատին ցուցադրված են նաև տարբեր տարիների լավագույն աշակերտների լուսանկարները, հպարտությամբ ասում է՝ աշակերտուհիս աչքերը փակ հրացանը քանդում-հավաքում է: Պատմում է՝ ցանկացել է ռազմական համալսարան դիմել, տանը չեն համաձայնել, այժմ ԱԻՆ-ում է աշխատում: Դպրոցում առկա է և՛ հրաձգարան, և՛ Երկրապահի անկյուն, և՛ ռազմական գրականություն: Պատմում է՝ տարիներ շարունակ հանրապետության լավագույն զինղեկ է ճանաչվել, պետական մրցանակների արժանացել ու ցույց տալիս «անաչառ ու բարեխիղճ աշխատանքի համար» աշակերտների շնորհած դիպլոմը, որն իր լավագույն մրցանակն է:

Որդու՝ Սևակի համար հայրը զինծառայողի օրինակելի կերպար էր, այդ մասին նա հորը բազմիցս է ասել։ Երբ որդին նոր է համազգեստ ստացել, բերել է հոր համազգեստի կողքը կախել, հայրը կատակել է՝ մեդալներիս կեսը քեզ տամ։ Սևակը պատասխանել է՝ դա իր վաստակը չէ, ինքն իր ծառայությամբ մեդալների կարժանանա:

Զինղեկ Զուրաբյանն աշակերտներին սովորեցնում է սիրել ու գնահատել հայրենիքը ու այն չկապել որևէ անձի կամ անձանց հետ, ասում է՝ իշխանությունները եկող-գնացող են, հայրենիքը միակն է:

Զուրաբյանն աշակերտներին բացատրում է, թե որքան կարևոր է, որ զինվորը տիրապետի թե՛ իր զենքին, թե՛ հակառակորդի զինատեսակներին: Օրինակ է բերում այն, որ ավտոմատը թիրախը  խոցում է մինչև 1 կմ հեռավորությամբ, հետևաբար 5-6 կմ հեռավորությամբ որքան էլ կրակես, թիրախները չեն խոցվելու, փամփուշտներն են սպառվելու: Նույն կերպ պետք է տիրապետես հակառակորդի զինտեխնիկայի հնարավորություններին, իմանաս ուժեղ և թույլ կողմերը:

«Մարտի դաշտում տեխնիկային պետք է լիարժեք տիրապետես, իմանաս ուժեղ ու թույլ կողմերը, որ կարողանաս խոցել»,-ասում է ուսուցիչը։ Հետո անցնում է արցախյան 2020թ. պատերազմում զինծառայողների անհավանական պատմություններին: Ասում է՝ անհնար էր թվում ավտոմատով ինքնաթիռ կամ ուղղաթիռ խոցելը, սակայն նման դրվագներն իրականություն են: Ապա բացատրում է՝ ինքնաթիռը կամ ուղղաթիռը մարտական խնդիրը չեն կարող մեծ բարձրությունից իրականացնել, իջնում են, այդ ժամանակ էլ հնարավոր է լինում խոցել:

Վովա Զուրաբյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, կրտսեր որդու զոհվելուց հետո ցանկացել է առաջնագիծ մեկնել, որդու վրեժը լուծել, սակայն մարտական ընկերները հետ են պահել՝ հիշեցնելով, որ ավագ որդին 1-ին կարգի հաշմանդամ է, հեմոդիալիզի թերապիային հայրն է ուղեկցում: Զուրաբյանի հետ իր բնակարան ենք գնում, ճանապարհին անկեղծանում է՝ չնայած որդու մարմինը տեսել է անշնչացած, սակայն դեռ հավատում է, որ որդին զինծառայության է, դիրքերում է:

Բնակարանում մեզ դիմավորում են Սևակի մայրն ու ավագ եղբայրները: Սևակի հետ վերջին անգամ խոսել է եղբայրը՝ Էդգարը, Սևակն ասել է՝ մի քիչ խառն ենք հիմա, բայց մամային ասա, որ լավ եմ, տես դրանց մաման ոնց ենք լացացնելու:

Սա Սևակի վերջին հեռախոսազրույցն է եղել: Մայրը՝ տիկին Կարինեն, ասում է՝ երբ որդուց լուր չունեին, առաջին հերթին մտածում էր՝ հանկարծ որդին գերեվարված չլինի: Ասում է՝ որդին շատ հպարտ էր, գերի լինելուն չէր դիմանա։ 

«Ինձ թվում է՝ բոլոր ծնողներն են սա ասում՝ մեզ հերոս պետք չէ, մեր երեխեն է մեզ պետք»,-ասում է տիկին Կարինեն:

Սևակը զոհվել է սեպտեմբերի 28-ին, սակայն անունը հրապարակվել է սեպտեմբերի 30-ին: Սկզբում Սևակի զոհվելու մասին իմացել են դպրոցում, իմացել է նաև զինկոմը, սակայն չի համարձակվել հորն այդ բոթը հայտնել:

Սևակի լուսանկարը կախված է Ջաբրայիլի արծիվը պաստառի ներքո, հայրը մտադիր է որդու զոհվելու վայրը ևս քարտեզագրել ու ցուցադրել նկարի մոտ:

Մեկնաբանություններ (1)

Վիկտորյա
։ Սեվա կին չեմ տեսել բայց հեռախոսազրույց եմ ունեցել իր հետ եվ հիացած եմ իրա ճիշտու որոշիչ խոսքերի ց ցավում եմ եվցավակցումնրա ծնողներին նա դարձավ հերոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter