
11 ամիս գործը չքննելու և մեկ օրում 12 գործ քննելու առեղծվածի լուծումը
«Հետքը» պարբերաբար լուսաբանում է Երևանի Մաշտոցի պող. 33/1և 33/ա հասցեներում մի քանի միլիոն դոլարի ներդրում կատարած սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի դատական գործերի ընթացքը:
Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանի ներդրումների հիման վրա ստեղծված և գործունեություն ծավալած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի ունեցվածքը և գումարները յուրացվելու հետևանքով՝ 2010թ. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընկերության դեմ սնանկության վարույթ է հարուցվել, իսկ 2011թ. կանխամտածված սնանկության փաստով ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել:
Դրանից հետո էլ, արդեն դատարանում քննվող սնանկության վարույթի շրջանակներում, շարունակվում է ընկերությանը պատկանող մնացած տարածքների օտարումը: Մասնավորապես, 2011թ. մայիսի 21-ին «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը առքուվաճառքի պայմանագրեր է կնքել թվով 8 կեղծ գնորդներ հանդիսացող քաղաքացիների հետ, և շուրջ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժեքով 14 միավոր գույք է գրանցվել նրանց անվամբ:
Նշված գործարքներով կնքված առքուվաճառքի պայմանագրերով արձանագրված է, որ գնորդները գույքի գինը վճարել են, սակայն հետագայում պարզվել է, որ այդ պայմանագրերով գնորդները անգամ մեկ դրամ չեն վճարել ընկերության սնանկության գործով բացված հատուկ հաշվեհամարին:
Կարծես թե ամեն ինչ պարզից էլ պարզ է. պետք է դատարան դիմել, և այդ անփող գործարքներն անվավեր կճանաչվեն:
2011թ. հունիսին Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացնում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ավելի քան 9 ամիս է, որ գործը (ԵԿԴ 1284/02/11) գտնվում է դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում, և հնարավոր չէ անգամ գուշակել, թե պարոն Մելքումյանը որերորդ արձակուրդից հետո վճիռ կկայացնի: Դատավոր Ա. Մելքումյանն արդեն 11-րդ անգամ դատական նիստ է նշանակում, սակայն գործը դեռևս դատաքննության չի նախապատրաստվել:
Դատավոր Արայիկ Մելքումյանը, նախ, Էդմոնդ Խուդյանի ներկայացուցչի ներկայացրած, հայցի ապահովում կիրառելու մասին երկու միջնորդությունները մերժեց՝ դրանով կեղծ սեփականատերերին հնարավորություն տալով անհատույց ձեռք բերած գույքն օտարել երրորդ անձանց:
Առաջին նախնական դատական նիստը նշանակվեց հայցադիմումը վարույթ ընդունելուց շուրջ 1,5 ամիս հետո: Դատական նիստի օրը դատական նիստերի քարտուղարը հայտնեց, որ դատավորը արձակուրդ է գնացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ավելի քան 1,5 ամիս անց` 2011թ. սեպտեմբերի 27-ին: Այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց 3 ամիս հետո պետք է սկսվեր գործի քննությունը: Այդպիսով, դատավոր Մելքումյանը ոտնահարեց արդար դատաքննության հիմնական տարրերից մեկի` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:
Դատավոր Մելքումյանը հաջողությամբ իրականացրեց «մինիմում ծրագիրը»: Դրանից հետո իրականացվում է «մաքսիմում ծրագիրը»` դատական նիստերի հետաձգումը, այսինքն գործի քննության չիրականացումը:
Նշենք, որ 10 պատասխանողներից միայն Հրանտ Ղամբարյանն է մեկ անգամ մասնակցել դատական նիստի, մնացած 9 պատասխանողները մեկ մարդու պես չեն ներկայանում, իսկ դատավորը հետաձգում է դատական նիստերը` հիմնականում այն պատճառաբանությամբ, որ մեկ կամ մի քանի ծանուցումների վերաբերյալ դատարանում պատասխան չի ստացվել:
Իսկ եթե ծանուցումներն ապահովված են, ապա այլ պատճառներ են գտնվում. մեկ անգամ դատական նիստը չկայացավ այն պատճառաբանությամբ, որ դատավորը դասընթացի է: Հերթական դատական նիստի չկայանալու պատճառ է կեղծ տեղեկությունների հիման վրա դատարանի այն իրազեկումը, որ պատասխանողներից մեկը մահացել է, ինչն էլ վարույթը կասեցնելու հիմք է: Տվյալ պատասխանողի մասով հայցվորի ներկայացուցիչը հայցից հրաժարվում է, որպեսզի գործի քննությունը շարունակվի: Սակայն հետագայում պարզվում է, որ սուտ է. այդ անձը չի մահացել, նրան սխալ հասցեով են ծանուցել, և մեկ այլ գործով պատշաճ ծանուցվում է:
Ի վերջո, 2012թ. մարտի 28-ին նշանակվում է հերթական դատական նիստը: Այդ օրը պարոն Մելքումյանը ռեկորդային թվով` 12 գործով դատական նիստեր է նշանակել, որոնցից առաջինը 10:00-ին ԵԿԴ 1284/02/11 գործով հրավիրված նիստն է
Սա, այդուհանդերձ չի նշանակում, որ Արայիկ Մելքումյանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում 12 դատական նիստ չի կարող վարել: Բավական է ծանոթանալ նրա կենսագրականին, և հասկանալի կլինի, թե նա ինչպես էր դա անելու: Դատավոր Մելքումյանի կենսագրականում նշված է, որ 1994 թվականից 1996 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, սակայն 1995 թվականից մինչև 2000 թվականը սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, իսկ սովորելու միևնույն ժամանակահատվածում /1997 թվականից մինչև 2000 թվականը/ աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պայմանագրերի և վարույթների բաժնում՝ որպես մասնագետ։ |
Մարտի 28-ին՝ ժամը 10:15-ին, դատավոր Մելքումյանի նիստերի քարտուղարը հայցվորի ներկայացուցչին հայտնեց, որ դատավորը կրկին արձակուրդ է գնացել, և «տեղում ծանուցեց», որ ԵԿԴ 1284/02/11 գործով դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 5-ին, այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելուց 11 ամիս անց:
Փաստորեն, ԵԿԴ 1284/02/11 գործով անգամ «ծանուցումների հարցը լուծված չէ», սակայն նախագահող դատավոր պարոն Մելքումյանն արդեն երկրորդ անգամ արձակուրդ է գնում:
Իսկ գուցե դատավորն այս ընթացքում էլի ինչ-որ տեղ սովորում կամ այլ աշխատանք է կատարում, դժվար է ասել:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել