HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես զգում եմ, որ իմ տղան ողջ է». անհետ կորած Հարությունի ընտանիքը սպասում է նրան

«Ես չեմ ուզում՝ իմ տղան էլ զգա էն ցավը, ինչ որ ես եմ զգացել»,- ասում է արցախյան առաջին պատերազմում 19-ամյա որդուն կորցրած Էլմիրա Հարությունյանը։

Նրա ավագ թոռից՝ Հարությունից (Հարութ), ընտանիքն արդեն երկու ամիս է՝ լուր չունի։

Հարութի մայրը՝ Վերա Հարությունյանը, ասում է, որ հոկտեմբերի 14-ին են վերջին անգամ հեռախոսով խոսել որդու հետ, ասել է, որ Զանգելանում է։ 22-ամյա Հարությունը պայմանագրային զինծառայող էր։ Ծառայակից ընկերները պատմել են, որ Հարությունը ջոկատի հետ գնացել է վիրավոր զինվորներին օգնելու, սակայն նրանցից ոչ մեկը չի վերադարձել։ «Հոկտեմբերի 14-ին խոսել եմ հետը, ասաց, որ զրուցել է մոր, քրոջ, նույնիսկ ժամկետային զինծառայող եղբոր հետ։ Ռազմական գործողությունների մեկնարկից հետո ամբողջ ընտանիքս ցրված էր. ես Հադրութում էի, կինս՝ Ճարտարում, կրտսեր որդիս՝ Վերին Հոռաթաղում»,- ասում է Հարությունի հայրը՝ Էրիկ Հարությունյանը։

Զրույցին միանում է Հարությունի պապը՝ Արթուրը: «Շկոլըմ էլ էր ընդունվել, կարդըմ էր (նկատի ունի այն, որ Հարութը «Նարեկացի» համալսարանի ուսանող էր,- հեղ.)»,- հոգոց հանելով` ընդհատում է խոսքը։

Դպրոցն ավարտելուց հետո Հարությունը ծառայել է բանակում, ապա համալսարան ընդունվելուն զուգահեռ որոշել աշխատանքը շարունակել պաշտպանության նախարարությունում։ Համալսարանում սովորում էր ռազմագիտության ֆակուլտետում։

«Բանակից եկավ, ասաց՝ էլի գնում եմ ծառայության, չգիտեմ էլ՝ ինչի, երեւի գյուղում գործ չկար, տղա էր, էլի.... բա ի՞նչ աներ»,- ասում է Էրիկ Հարությունյանը։

Պատերազմի օրերին Հարութի միակ մտավախությունը կրտսեր եղբոր՝ Հովիկի հետ էր կապված, որը ծառայում էր Մարտակերտում։ Անհանգստության պատճառներից մեկն էլ քույրն էր, որի առաջնեկը պիտի մոտ օրերին լույս աշխարհ գար։

Հարությունը քրոջ հետ շատ մտերիմ էր, թեեւ մեկ տարվա տարիքային տարբերություն են ունեցել, բայց միասին են դպրոց գնացել։

«Վերջին անգամ որ զանգեց, հարցրեց՝ ինչի՞ չեք Երեւան գնում, ասացի՝ քեզ ստեղ թողնեմ գնա՞մ։ Պատասխանեց՝ որ ստեղ ես, ինձ օգնու՞մ ես, գնա, ես էլ հանգիստ լինեմ»,- պատմում է տիկին Վերան։

Հարությունյանները Ուխտաձորում թողել են անասնաֆերման, տները, հողատարածքները, սակայն այս պահին որեւէ բանի մասին չեն մտածում. միայն ուզում են, որ Հարությունը տուն գա։

Տատը՝ Էլմիրա Հարությունյանն ասում է, որ երեք թոռներին իրար հետ կռվելիս երբեք չի տեսել, ծնողների, տատի-պապի հետ էլ միշտ լեզու են գտնում։ Դիրքերից իջնելով՝ Հարութն առաջինն իրենց տուն էր գնում, հետո միայն՝ իր տուն։

«Մի օր եկավ, ասաց՝ բաբո, երազիս հորեղբորս եմ տեսել, խեր ա՞, թե շառ, ձեռը դրեց ուսիս, ասաց՝ Հարութ, մի քնի, թուրքերն էսա գալու են։ Դրանից հետո պոստում միշտ ասեղս ձեռս է, որ հանկարծ չքնեմ։ Բայց թե ինչի էս անգամ Ալբերտս (նկատի ունի զոհված որդուն- հեղ.) իր թիկունքում չեղավ, չպաշտպանեց....»,- հարցնում է Հարությունի տատը։

Հարությունյաններն այժմ բնակվում են Մասիս համայնքի Զորակ գյուղում, բարեկամների տանն են։ Որդուն գտնելու համար եղել են բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաններում, բայց որեւէ պաշտոնյայի չեն հանդիպել։ Հարությունի նկարն ու տվյալները ներկայացրել են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ «Ոչ մի լուր չկա, ուղղակի նստած սպասում ենք, գնացել ենք Իրանի դեսպանատուն, մտածում ենք՝ Իրանի տարածքում կարող է լինել, իր հետ եղած 12 տղաներից ոչ մեկից տեղեկություն չկա։ Բայց ես զգում եմ, որ իմ տղան ողջ է»,- զրույցի վերջում ասում է Վերա Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter